Հայաստանի կառավարությունում դեռևս մտահոգության հիմքեր չեն տեսնում, թե ամերիկյան նոր պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի ֆինանսական շուկայում օրերս արձանագրված ցնցումները կարող են ազդեցություն թողնել նաև հայաստանյան շուկայի վրա՝ արժեզրկելով դրամը, ինչպես դա տեղի ունեցավ 2014 թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը: «Կարծում եմ՝ այդ հիմքերը դեռ նախանշված չեն, երբ կնախանշվեն մեզ արդեն հայտնի սցենարներով, մենք անպայման կմիջամտենք»,- նշեց Տարասյանը:
Ապրիլի 6-ից ի վեր, երբ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսաստանյան 38 ընկերությունների, պաշտոնյաների և խոշոր գործարարների (այդ թվում՝ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշի, Ազգային գվարդիայի առաջնորդ՝ Վլադիմիր Պուտինի անձնական թիկնազորի նախկին ղեկավար Վիկտոր Զոլոտովի, ներքգործնախարար Վլադիմիր Կոլոկոլցևի, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի, Կրեմլին մոտ կանգնած այլ օլիգարխների) նկատմամբ, մոսկովյան բորսայում ցնցումներ արձանագրվեցին, ամերիկյան դոլարի ու եվրոյի նկատմամբ ռուբլին սկսեց արժեզրկվել, ինչը շարունակվում է մինչ այսօր:
2014 թվականին Ղրիմի բռնազավթումից հետո Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանգեցրել էին ռուբլու կտրուկ արժեզրկման: ՌԴ ֆինանսական շուկայում առաջացած խուճապն այն ժամանակ իր ազդեցությունն էր ունեցել նաև Հայաստանի վրա․ նույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ամերիկյան դոլարի նկատմամբ դրամն արժեզրկվել էր շուրջ 20 տոկոսով՝ հասնելով իր ներկայիս փոխարժեքին:
«2014 թվականին այո, եղավ խնդիր: Այն էֆեկտները, որոնք, օրինակի համար, ԵԱՏՄ-ին [Հայաստանի] անդամակցությունից հետո մենք պետք է ունենայինք բայց չունեցանք, նաև այդ պատճառով էր, այդ ոչ ստաբիլ տնտեսական վիճակի պատճառով, որը սանկցիաների հետևանքով տիրեց Ռուսաստանում: Ասեմ, որ այդ խնդիրները նույնպես հաղթահարվեցին: Չանցած մեկ տարի՝ դրանք հաղթահարվեցին թե՛ բանկային համակարգի միջոցով, թե՛ դրամավարկային քաղաքականության իրականացման շնորհիվ»,- պարզաբանեց Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարը:
2014-ին Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցների հետևանքով այդ երկրի տնտեսությունը 2015 թվականին անկում ապրեց 2,5 տոկոսով, 2016-ին՝ 0,2 տոկոսով: Միայն անցած տարի ՌԴ տնտեսությանը հաջողվեց 1,5 տոկոսի աճ արձանագրել: Հայաստանը ևս 2016 թվականը փակեց զրոյին մոտ աճով՝ 0,2 տոկոս: ՀՀ կառավարության ներկայացուցիչները բազմիցս են նշել, որ այդ ցածր ցուցանիշի գլխավոր պատճառներից մեկը Ռուսաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակն էր:
«Մենք այդ ցնցումներին պատրաստ տնտեսություն ենք, որովհետև արդեն անցել ենք այդ շոկերը: Այժմ մենք կոնկրետ տնտեսական շոկային իրավիճակում չենք գտնվում թե՛ [դրամի] կուրսի ստաբիլության տեսակետից, թե այլ խնդիրների»,- այսօր լրագրողներին ասաց Էմիլ Տարասյանը:
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը, մինչդեռ, կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների աստիճանական ընդլայնումը Հայաստանի համար ունենալու է ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական հետևանքներ:
«Առաջինը՝ պետք է հաշվի առնել, որ այդ ցուցակում կան այնպիսի մարդիկ և ընկերություններ, որոնք ուղղակիորեն առկա են ու աշխատում են Հայաստանում՝ «Ռուսալը», «Գազպրոմը», բանկեր և այլն: Ուզած-չուզած Հայաստանն այդ հետևանքները զգալու է, և այստեղ կառավարությունն անելիքներ ունի:
Երկրորդը՝ եթե ուշադրություն դարձնենք հատկապես ԱՄՆ-ից հնչած հայտարարություններին, դրանցում նշված է, որ ԱՄՆ-ն ուշադիր կհետևի այն ընկերություններին ու պետություններին, որոնք պատժամիջոցների ցանկում ընդգրկված ընկերությունների ու մարդկանց հետ ունեն սերտ հարաբերություններ: Սրա վրա մենք պետք է ուշադրություն դարձնենք»,- «Ազատությանն» ասաց Հովհաննես Իգիթյանը: