Թրամփ. «Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, հրթիռները կգան»

Սիրիա - Ռուսական C-400 հակահրթիռային համակարգը Հմեյմիմ ռազմակայանում, արխիվ

ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները երբեք այսքան մոտ չեն եղել ուղիղ ռազմական առճակատմանը։ Ըստ փորձագետների՝ Ռուսաստանը չի կարողանա չպատասխանել ԱՄՆ-ին՝ Սիրիային հարվածներ հասցնելու դեպքում:

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները մտադիր չեն առաջիկա օրերին քննարկել լարված իրավիճակը Սիրիայում, քանի որ հեռախոսազրույց Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև նախատեսված չէ: Այսպիսի հայտարարություն է արել այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նաև հավելել է, որ իրավիճակը Սիրիայում բավականին լարված է։

Սիրիայում քիմիական զենք օգտագործելու մասին հայտարարությունների շուրջ Մոսկվան ու Վաշինգտոնը ունեն տարաձայնություններ։ Ռուսաստանը Միացյալ Նահանգների պնդմանը համաձայն չէ և ցանկանում է, որ այնտեղ անցկացվի անաչառ մոնիթորինգ, լրագրողներին այսօր ասել է Պեսկովը։

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան երեկ կոչ է արել Միացյալ Նահանգներին չհարվածել Սիրիային: Չնայած Պուտինը մի քանի անգամ հայտարարել է, որ Ռուսաստանը դուրս է բերում իր զորքերը Սիրիայի տարածքից, քանի որ հաղթել է այդ երկրում ահաբեկիչներին, Սիրիայում այսօր էլ մնում են ռուսական զորքերը, ավելին՝ այստեղ տեղակայված է ռուսական C-400 (S-400) հակահրթիռային համակարգը, որը մինչ օրս չի գործածվել և, օրինակ, The Guardian-ը գրում է, որ հրթիռային հարվածների դեպքում C-400 համակարգը Սիրիայում կարող է հեշտությամբ խոցել ամերիկյան կոալիցիայի հրթիռներն ու օդանավերը։

Այսօր քիչ ավելի ուշ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթերում» գրել է. - «Ռուսաստանը խոստացել է ցած գցել Սիրիային հարվածող բոլոր հրթիռները: Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, որովհետև նրանք կգան», և ավելացրել է. - «Դուք չպետք է լինեք գազասպան կենդանու գործընկերը, ով սպանում է իր ժողովրդին և հաճույք ստանում»:

Երեկ, հիշեցնենք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակվել են սիրիական Դումա քաղաքի վրա ենթադրաբար քիմիական հարձակումը հետաքննելու թե՛ ԱՄՆ-ի և թե՛ Ռուսաստանի առաջարկները: Reuters և ТАСС լրատվական գործակալություններ երեկ հաղորդել են, որ Համաեվրոպական օդային չվերթների կառավարման գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին զգույշ լինել Արևելյան Միջերկրականի շրջանում՝ «առաջիկա 72 ժամվա ընթացքում Սիրիային հասցվելիք հնարավոր հարվածի պատճառով»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Դումայի հարձակումն իրականացնողները «թանկ կվճարեն»: Նա չեղարկել է Հարավային Ամերիկա նախատեսված այցը, որպեսզի կարողանա կենտրոնանալ սիրիական ճգնաժամի վրա:

The New York Times-ը, վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրը, այսօր գրել է, որ ԱՄՆ նախագահին ներկայացրել են Սիրիայի դեմ հարվածի մի քանի սցենար, որոնք նախատեսում են, որ այդ հարվածները երկարատև են լինելու, և ռազմական գործողությունները մեկ օրում չեն ավարտվելու։

The Los Angeles Times-ը, սակայն, գրում է, որ Պենտագոնում չեն ցանկանում, որպեսզի հակամարտությունը Սիրիայում վերածվի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմական հակամարտության։ «Մոսկվայի հետ ուղիղ հակամարտությունից հնարավոր կլինի խուսափել, եթե Վաշինգտոնը նախօրոք զգուշացնի Մոսկվային հարձակման մասին, սակայն այս դեպքում էլ Պենտագոնում վախենում են, որ տեղեկությունը ռուսները կփոխանցեն Ասադին, կզուշացնեն նրան», - գրում է The Los Angeles Times-ը:

Պաշտոնական Լոնդոնն ու Փարիզը վերապահումներով են աջակցում Վաշինգտոնին: Ֆրանսիայի նախագահը Էմանյուել Մակրոնը, օրինակ, բացառել է հարվածը Դամասկոսի դաշնակիցներին, այսինքն՝ նախ և առաջ ռուսական ռազմական բազային Սիրիայում։

Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները երբեք այսքան մոտ չեն եղել ուղիղ ռազմական առճակատմանը, փորձագետները այս ճգնաժամը արդեն համեմատում են կարիբյան ճգնաժամի հետ։

Կրեմլը մինչ այս պահը դեռ որևէ մեկնաբանություն չի արել, փոխարենը՝ հնարավոր հակահարվածի մասին հայտարարել են Լիբանանում և Եվրամիությունում Ռուսաստանի դեսպանները։

Սիրիայի դեմ ԱՄՆ ագրեսիայի դեպքում Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում ոչնչացնել բոլոր հրթիռներն ու կրակի աղբյուրները, այսպիսի հայտարարություն է արել Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինը։

Նույնատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը, ով ասել է, թե Ռուսաստանը զգուշացրել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչներին այն լուրջ հետևանքների մասին, որոնք կարող են լինել, եթե Վաշինգտոնը հարվածներ հասցնի Սիրիայում և կամա թե ակամա այնտեղ տուժեն Ռուսաստանի քաղաքացիները։

Ռուսաստանցի փորձագետները այսօր նաև գրում են, որ Մոսկվան սեփական դեմքը պահպանելու համար չի կարողանա չպատասխանել ամերիկացիներին նման հարվածների դեպքում․ հակառակ դեպքում կստացվի, որ Ռուսաստանը հերթական անգամ հանձնում է իր դաշնակիցներին: