Ազատանցիներին մտահոգել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու նախագծի փոփոխության մասին տեղեկությունը

Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու Թալին-Գյումրի 46 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունը մոտենում է Գյումրիին, և քաղաքի մոտակա գյուղերի բնակիչներին մտահոգել է տեղեկությունը, որ ճանապարհն ընդգրկելու է գյուղացիներին պատկանող բերրի հողերը:

Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանն ասում է, որ նախագիծը փոփոխության է ենթարկվել և իրենց տեղեկություններով՝ ճանապարհը կառուցվելու է ոչ միայն Ազատանի, այլ նաև Արևիկ, Ախուրյան համայնքների գյուղատնտեսական նշանակության սևահողերի վրա: Իկիլիկյանի կանխատեսմամբ՝ դա գյուղատնտեսությանը մեծ վնաս կհասցնի:

«40-50 հեկտար գյուղատնտեսական լավագույն հողեր կկորցնենք, բոլորը մասնավոր սեփականատերերի, և գյուղատնտեսությանը մեծ անհարմարություններ ու մեծ վնաս կհասցվի», - «Ազատության» հետ զրույցում նշեց Իկիլիկյանը: - «Սա նաև լուրջ բնապահպանական խնդիր է, մեր սևահողային գոտին հիմնականում այդ տարածքում է՝ Ազատան – Արևիկ միջհամայնքային ճանապարհի տարածքում է»:

Բազմաթիվ նամակներ են ուղղել նախագահին, վարչապետին, որ վերանայեն ճանապարհի նախագիծը և ճանապարհաշինարարությունը չիրականացվի բերրի հողերի հաշվին: Ընդունելով, որ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը ռազմավարական նշանակություն ունի, այդուհանդերձ, առավել խելամիտ են համարում հին նախագիծը, որի դեպքում ավելի քիչ գյուղատնտեսական հողեր են գերակա հանրային շահ ճանաչվել:

Ազատանում արդեն իսկ կան գերակա շահ ճանաչված և օտարված հողատարածքներ: - «Դեռևս մոտ 2.5-3 հեկտարի մասով կա վերջնականապես, որ գերակա շահ է ճանաչվել, որի հատուցման պայմանագրերը կնքվել են, մի մասը համայնքային սեփականություն է, մի մասը՝ երեք քաղաքացիների սեփականություն», - մանրամասնեց Ազատանի համայնքապետը:

Ազատանցիները դժգոհ են փոխհատուցման չափից, ասելով, թե առանց իրենց կարծիքը հաշվի առնելու՝ գին են որոշում: Գյուղացիներին ևս խիստ մտահոգել է ճանապարհի նախագծի փոփոխության մասին տեղեկությունը․ պնդում են, թե ճանապարհ կառուցելու հաշվին գյուղացուն ապրուստի միջոցից են զրկում: