«Իմ քայլը» նախաձեռնության ակտիվիստները բարձրաձայնում են հետապնդումների մասին

Սերժ Սարգսյանի՝ արդեն վարչապետի պաշտոնում հետագա պաշտոնավարման դեմ ակցիաներ կազմակերպող քաղաքացիական ակտիվիստները բարձրաձայնում են հետապնդումների մասին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Արփի Դավոյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այսօր առավոտյան իր բնակարանի շեմին գլխատված ճնճղուկ է գտել: Ակտիվիստը սա համարում է «զգուշացում՝ վախեցնելու միջոցով»․ - «Ես կարծում եմ, որ դրա մեջ սպառնալիք կա՝ ուղղված ինձ, կապված իմ գործունեության հետ: Ես չեմ կարծում, որ նման բաները պատահական են լինում: Զարմանալի է, որ 21-րդ դարում մարդիկ դեռևս շարժվում են իտալական մաֆիայի կանոններով»:

Լալայանը համացանցում գրառում էր կատարել, որ ապրիլի 6-ին մայրաքաղաքի փողոցներից մեկում արագաչափը վարտիքով ծածկելու համար 4-5 ոստիկաններ են այցելել իր տուն ու աշխատավայր: Անուշը պատմեց, որ ոստիկաններին տանը դիմավորել է մայրը, իսկ երբ աշխատավայր են եկել, ինքը չի ցանկացել նրանց հանդիպել: Ծանուցագիրն այդպես էլ չի ստացել:

Պատմեց նաև, երբ ոստիկաններն իր տուն են այցելել, առանց թույլտվության մտել են իր ննջարանն ու ինչ-որ բան փնտրել․ - «Ինձ ուզեցել են վախեցնել, ես վստահ եմ: Նույնիսկ մտել են իմ սենյակը և խուզարկել են: Իրենք պատրվակով, ես նկարչուհի եմ, նկարներ ունեմ տանը փակցված, իրենք ասել են՝ բա կարո՞ղ ենք մի հատ մտնել Անուշի սենյակ՝ իբր նկարները նայելու: Բայց ես վստահ չեմ, որ իրենք նկար են նայել, որովհետև ոստիկաններից մեկը մայրիկիս հետ խոսացել ա, նրանցից մեկը գնացել ա իմ սենյակ: Ինչ-որ բան են փնտրել իմ սենյակի մեջ, որը անօրինական ա լրիվ»:

Այսօր առավոտյան Անուշ Լալայանը նկատել է, որ «Մերսեդես» մակնիշի սև ավտոմեքենա է իրեն հետևում: Երբ փորձել է լուսանկարել, մեքենան հեռացել է:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Ազատությանը» փոխանցեցին, թե Անուշ Լալայանի տուն այցելած ոստիկանները ոչ թե 5-ն են եղել, այլ 2-ը, նպատակը վարչական վարույթի վերաբերյալ ծանուցում հանձնելն է եղել:

Ոստիկանության փոխանցած տեղեկության համաձայն, քանի որ Լալայանին ոստիկաններն այդպես էլ չեն հանդիպել, ծանուցագիրը չեն հանձնել: Հերքեցին նաև ակտիվիստի պնդումը, թե ոստիկանները նրա ննջարան են մտել:

Վարչական վարույթ է հարուցվել նաև ապրիլի 8-ին Արաբկիրի ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Մեսրոպ Պապիկյանի և Նորայր Հայրապետյանի նկատմամբ:

Վերջինս «Ազատությանը» պատմեց, որ 10-11 ոստիկաններ իրենց ոստիկանություն են տարել՝ փողոցում «Իմ քայլը» գրառումն անելու համար․ - «Մենք ուզում էինք ոստիկանության հենց մուտքի դիմաց հեշթեգը փչեինք, մեզ մոտիկացավ մի ոստիկան և ասեց՝ մի արեք, օրենքին դեմ ա: Ասացինք՝ լավ: Ուղղակի մենք քայլում էինք, նա մեզ հետևում էր: Մոտավոր մի կես ժամ մեր հետևից գալիս էր: Մենք տեսել էինք իրան, բայց էդ ընթացքում դեռ շարունակում էինք անել: Արդեն հասել էին Լամբադա մոստի մոտ մեզ հետևեց 10-ից ավելի ոստիկան: Ասացին կանգնեք, մենք կանգնեցինք, մեզ շրջապատեցին, բա՝ գնում ենք ոստիկանություն»:

Երիտասարդ ակտիվիստների փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը զավեշտ է որակում ոստիկանության գործելաոճն ու ընդգծում՝ վարչական վարույթ են հարուցել գույքը ոչնչացնելու հոդվածով․ - «Գույքի ոչնչացումը կամ վնասումը ենթադրում է, որ պիտի գույքը կորցնի իր նպատակային նշանակությունը, կամ իր նպատակային նշանակության համար պիտանի չլինի շահագործման, կամ որոշակի վնաս կրի էդ գույքը: Կոնկրետ խոսքը վերաբերում է ասֆալտին․ ասֆալտի վրա եթե դուք կավիճով ներկում եք կամ սրվակով փչում եք, սակայն ժամանակի ընթացքում այդ ներկը անցնում է ինքն իրան, ոչ մի իրավական հետևանք չի կարող դա առաջացնել: Ենթադրում եմ, որ սա քաղաքական խնդիր է եղել, ոչ մի իրավական գործընթաց այստեղ գոյություն չունի»:

Իր քայլերթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը փոքրիկ ակցիաներ է կազմակերպել՝ ի պաշտպանություն իրեն աջակցող երիտասարդների՝ «Իմ քայլը» թռուցիկներով ծածկելով արագաչափերը․ - «Ես կարծում եմ, որ դա խաղաղ անհնազանդության ձև է, և քաղաքացիները ունեն այդպիսով իրենց բողոքն արտահայտելու իրավունք: Եվ ես հիմա, ի պաշտպանություն Անուշ Լալայանի, ի պաշտպանություն քաղաքացիական ակտիվիստների, կանեմ նույն գործողությունը ահա այս արագաչափի հետ»:

Ի դեպ, մամուլն այսօր նկատել էր, որ մայրաքաղաքի մի քանի անցումներում ու մայթերին արված «Իմ Քայլը» գրառումները ջնջված են՝ դրանք սևացրած են, որպեսզի ընթեռնելի չլինի: