Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարությանը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել ամերիկյան նոր պաժամիջոցների ցանկում հայտնված ռուսաստանյան ընկերություններին և պատասխան քայլեր ձեռնարկել Վաշինգտոնի նկատմամբ:
Ապրիլի 6-ին Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 38 պաշտոնյաների, խոշոր գործարարների ու ընկերությունների նկատմամբ, ովքեր սերտ կապեր ունեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մասնավորապես, պատժամիջոցների ցանկում են հայտնվել միլիարդատեր Օլեգ Դերիպասկան, Վիկտոր Վեկսելբերգը, Իգոր Ռոտենբերգը, Սուլեյման Քերիմովը, ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
«Այդ որոշումներն, անշուշտ, անընդունելի են: Մենք դրանք համարում ենք ապօրինի, քանի որ դրանք ընդհանրապես հեռու են միջազգային իրավունքից: Եվ իհարկե, մեզ իրավունք ենք վերապահում պատասխան քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ առևտրային»,- ապրիլի 9-ին հայտարարել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը:
Ամերիկյան նոր պատժամիջոցների սահմանման հետևանքով ռուսաստանյան ընկերությունների բաժնետոմսերն անկում էին արձանագրել․ երկուշաբթի օրը Մոսբիրժայի ցուցիչը նվազել է 9, իսկ РТС-ի ցուցիչը՝ 10 տոկոսով: Ընդ որում, առավել մեծ անկում են արձանագրել այն ընկերությունների բաժնետոմսերը, որոնց ղեկավարները հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների ցուցակում:
Մասնավորապես՝ Դերիպասկայի ընկերության բաժնետոմսերը Հոնկոնգի բորսայում ավելի քան 50 տոկոսով անկում են ապրել: