Գերմանիայի ներքին գործերի նախարարը ցանկանում է Հայաստանը և Վրաստանը դասել «անվտանգ երկրների» թվին

Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը զրուցում է կանցլեր Անգելա Մերկելի հետ, արխիվ

Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը մտադիր է հասնել նրան, որպեսզի Հայաստանը և Վրաստանը նույնպես՝ Մարոկոյի, Թունիսի և Ալժիրի պես, դասվեն այսպես կոչված «անվտանգ երկրների» թվին, որի նպատակն է արագացնել ապաստանի տրամադրման համար ներկայացված դիմումների մշակման գործընթացը: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Աղբյուրի համաձայն Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների՝ Գերմանիայում ապաստան ստանալու դիմումների քանակը բարձր է, սակայն Գերմանիան նրանցից շատ քչերին է դրական պատասխան տալիս:

Deutsche Welle-ն, վկայակոչելով երկրի Միգրացիայի ու փախստականների հարցերով դաշնային գերատեսչության տվյալները, նշում է, որ 2017թ. Գերմանիայում ապաստան ստանալու դիմում է ներկայացրել Հայաստանի 3857, Վրաստանի 3462 քաղաքացի: