Արմեն Սարգսյանը հորդորում է «ոչ միայն քննադատել, այլև առաջարկներ անել»

Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր, ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և Հայաստանի Սահմանադրության մայր օրինակի վրա, Ազգային ժողովի հատուկ նիստում երդվեց՝ նախագահի լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել համազգային շահերով. - «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում: Աստված ինձ օգնական»:

«Ոչ միայն քննադատել, այլև առաջարկներ անել»

Ստանձնելով նախագահի պաշտոնն, իր ելույթում, Արմեն Սարգսյանը խոսեց Հայաստանի առջև կանգնած խնդիրների ու նաև դրանց լուծման վերաբերյալ իր տեսլականի մասին:

Նա, մասնավորապես, շեշտեց պետական համակարգում առկա արատավորն երևույթների դեմ հետևողական պայքար տանելու անհրաժեշտությունը՝ հիշատակելով կոռուպցիայի, սոցիալական անարադարության և արտագաղթնի մասին:

Արմեն Սարգսյանը նկատեց՝ հաջողության հասնելու համար, սակայն, անհրաժեշտ է ոչ միայն քննադատել, այլև առաջարկներ անել և համախմբված աշխատել․ - «Միասին պետք է հետևողական պայքար մղենք պետական համակարգում, հասարակության մեջ, մեր շրջապատում առկա բոլոր բացասական և արատավոր երևույթների դեմ: Կոռուպցիայից մինչև սոցիալական անարդարություն, անտարբերությունից մինչև անպատասխանատվություն: Այս անզիջում և արդար պայքարում մեզանից յուրաքանչյուրի դերակատարումը անհրաժեշտ է: Մենք կհաջողենք, եթե ոչ միայն քննադատենք, այլ նաև լուծումներ առաջարկենք, եթե, ջրբաժաններ ստեղծելու փոխարեն, համախմբվենք և աշխատենք միասին»:


«Արգելակել արտագաղթը և հայրենիք վերադարձնել հայրենակիցներից շատերին»

Հավատ, վստահություն, արդարություն և ամենօրյա աշախատնք․ ըստ Արմեն Սարգսանի, սրանք այն արժենքներն են, որ կարող են փոխել երկրի վիճակը և անգամ արգելակել արտագաղթն ու նպաստել ներգաղթին․ - «Այսօրվա և վաղվա նկատմամբ հավատն ու վստահությունը, տնտեսությունն աշխուժացնելու հստակ տեսլականը և դրա շոշափելի արդյունքները կարող են ոչ միայն խթանել տնտեսական աճը, ներքին և արտաքին ներդրումների հոսքը, այլև արգելակել արտագաղթը, առավել՝ Հայրենիք վերադարձնել մեր հայրենակիցներից շատերին»:


«Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած է Արցախի թիկունքին»

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ Արմեն Սարգսյանը շեշտեց, որ առանցքային է մնում հարցի խաղաղ և բանակցային կարգավորումը՝ կրկին ընդգծելով, որ խնդրի արդարացի լուծմանը հասնելու և Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքները լավագույնս պաշտպանելու համար պետք է շարունակենք կերտել ամուր, տնտեսապես զարգացող Հայաստան․ - «Եվ այսօր որևէ մեկը թող չկասկածի, որ Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած է Արցախի թիկունքին ու պայքարելու է նրա արդար իրավունքների համար: Երեկ, այսօր և վաղը: Փա՛ռք ու պատի՛վ մեր ժողովրդին և նրա հերոսներին: Փա՛ռք Հայոց հաղթական բանակին»:

Արմեն Սարգսյանը արժանին մատուցեց Սերժ Սարգսյանին հեռատես քաղաքականության համար

Իր ելույթում Հայաստանի 4-րդ նախագահը հիշատակեց նախորդ 3 նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, որոնց ղեկավարությամբ, ստեղծվել է «պետական կուռ համակարգով, բաց հասարակության գաղափարով և համամարդկային արժեքներով առաջնորդվող երկիր»:

Սակայն ուշագրավ է, որ Արմեն Սարգսյանը իր խոսքում արժանին մատուցեց հենց Սերժ Սարգսյանին: Մասնավորապես՝ որ հենց Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանին հաջողվեց անդամակցել թե՛ Եվրասիական տնտեսական միությանը և թե՛ համագործկացության համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ․ - «Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և Եվրոպական միության հետ ստորագրված համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը երկրի զարգացման համար նոր հեռանկարներ և հնարավորություններ են բացում: Իսկ կառավարման խորհրդարանական համակարգը լավագույն պայմաններն է ստեղծում դրա համար։ Այս առումով ես ուզում եմ արժանին մատուցել Նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հեռատեսությանը և պետական գործչի ու կազմակերպչի հմտությանը»:

Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը չմասնակցեցին Արմեն Սարգսյանի երդմնակալությանը

Նկատենք, որ թեև Արմեն Սարգսյանը ցանկություն էր հայտնել, որ իր երդմնակալության արարողությանը մասնակցեն Հայաստանի նախորդ բոլոր 3 նախագահները, սակայն ներկա էր միայն Սերժ Սարգսյանը:

Հայաստանի առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, «բնականաբար», չի մասնակցել այդ արարողությանը: Մուսինյանը չցանկացավ անդրադառնալ պատճառներին:

Հիշեցնենք, սակայն, որ Արմեն Սարգսյանի հետ ավելի վաղ կայացած հանդիպումից հետո Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը հայտարարել էր, որ Արմեն Սարգսյանի ընտրությունը նախագահի պաշտոնում համարում են ոչ լեգիտիմ:

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա նա ևս չի մասնակցել Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Ավելի վաղ նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել էր, որ Քոչարյանն այդ օրերին գտնվելու է արտերկրում: Նկատեն,ք սակայն, Ռոբերտ Քոչրայանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ըստ Սողոմոնյանի, շնորհավորական նամակում Քոչարայնը քաջառողջություն և հաջողություն է մաղթել Արմեն Սարգսյանին:

Երդմնակալությանը ներկա չէին խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները

Ազգային ժողովի հատուկ նիստին ներկա չէր նաև ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը: Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն, ով «Իմ քայլը» նախաձեռնության շրջանակներում այժմ քայլերթ է իրականացնում մարզերում, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտի կապակցությամբ իր աջակիցների հետ այսօր հրաժեշտի ծառ է տնկել Սևանի թերակղզում:

«Մի հրաշալի օր, որովհետև այսօր Սերժ Սարգսյանը հեռանում է իշխանությունից, և մեր բոլորիս խնդիրն է այնպես անել, որ այդ հեռացումը լինի անվերադարձ: Կվերադառնա նա իշխանության թե չէ՝ կախված է մեկ մարդուց, սիրելի հայրենակից, և այդ մեկ մարդը դու ես: Եթե դու լինես ապրիլի 13-ից Ազատության հրապարակում, մենք էդ հրաժեշտի արարողությունը կկազմակերպենք»:

Արմեն Սարգսյանի երդմնակալությանը ներկա չէր նաև խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ ուժի՝ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նրա խոսնակ Իվետա Տոնոյանի փոխանցմամբ՝ Ծառուկյանը մասնավոր այցով գտնվում է արտերկրում:

Փոխարենը, նկատենք, Հայաստանի 4-րդ նախագահի երմդնակալությանը ներկա էին ընդդիմադիր արտախորհրդարանական ուժերի ղեկավար անդամներ, այդ թվում Հայաստանի ժողովրդական կուսկացության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը և «Ժառանագության» հիմնադիր անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ուշագրավ է, որ երդմնակալության արարողությունից հետո Հայաստանի 4-րդ նախագահն անմիջապես ուղևորվեց Եռաբլուր: Ապա Արմեն Սարգսյանը ուղևորվեց Մաշտոց 47՝ Հայաստանի նախագահի նոր նստավայրը:

Բաղրամյան 26-ը, նկատենք, նոր օրենքի համաձայն, ապագա վարչապետի նստավայրն է:

«Նունեն ինձ կօգնի, քանի որ ունի տիկին Ռիտայի օրինակը»

Այսօր ավելի վաղ, Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում ընդունել է Արմեն Սարգսյանին և նրա տիկնոջը՝ Նունե Սարգսյանին: Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել նրանց՝ շեշտելով նաև, որ Արմեն Սարգսյանի տիկինը՝ Նունե Սարգսյանը կօգնի նախագահին պաշտոնավարման ընթացքում․ - «Վստահ եմ, որ Նունիկը կօգնի քեզ, որովհետև դա ուղղակի անհրաժեշտություն է»:

Արմեն Սարգսյանի արձագանքը․ - «Շնորհակալ եմ, պարոն նախագահ: Ես նույնպես համաձայն եմ, որ ուրիշ ճանապարհ չունենք հաջողությունների: Եվ կարծում եմ, այդ հաջողությունների գրավականը ոչ միայն նախորդ երեսուն տարիներն են, այլ հատուկ վերջին տասը տարին: Եվ, իհարկե, ակնկալում եմ Ձեր հետ միասին շատ սերտ միասին աշխատել երկար տարիներ: Եվ իհարկե, վստահ եմ, որ Նունեն ինձ կօգնի ոչ միայն, որ իմ հիսուն տարվա ընկերն է, քառասուն տարվա կինս, նաև ունի փայլուն օրինակ՝ տիկին Ռիտայի օրինակը, թե ինչպես պետք է նախագահին աջակից լինել, օգնել, և նաև լինել ինչ-որ տեղ առաջնորդ որոշակի ուղղության մեջ: Կարծում եմ, անելիք շատ կա: Ես պատրաստ եմ աշխատելու»:

Հավելենք նաև, որ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր արդեն ընդունել է Կառավարության հրաժարականը: