«Մերժիր Սերժին» նախաձեռնությունն այսօր երեկոյան Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք կամ հրաժեշտի երեկույթ է անցկանցնելու, կազմակերպիչների խոսքով՝ ճանապարհելու Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, ում պաշտոնվարման վերջին օր է այսօր։ Ըստ նախաձեռնության անդամների, Սարգսյանը 10 տարվա ընթացքում որևէ ոլորտում հաջողության չի հասել։
«Կարճ՝ 370 հազար արտագաղթած քաղաքացի, 800 հեկտար տարածքի կորուստ, մարդկային կորուստներ ապրիլյան պատերազմում, մոտ 1 միլիոն չքավորության մեջ ապրող քաղաքացի, 5 միլիարդ [դոլարով] ավելացել է պետական պարտքը: Այսինքն՝ միայն նրա մնալն արդեն այնքան վտանգներ է իր մեջ պարունակում, որ եթե Սերժ Սարգսյանը հեռանա, ահագին վտանգներ կչեզոքացվեն: Համաշխարհային փորձն էլ ցույց է տալիս, որ եթե ինչ-որ մեկը երկար ժամկետով է մնում, ապա մեծ խնդիրներ է առաջացնում»,- «Ազատությանն» ասաց նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:
Արմեն Գրիգորյանը և նախաձեռնության մեկ այլ անդամ Մարիա Կարապետյանն իրենց համախոհների հետ վերջին շաբաթներին փորձում են ինքնակազմակերպվել ու հատկապես այս շաբաթվա ընթացքում տարբեր ակցիաների միջոցով պայքարելու են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ արդեն վարչապետի պաշտոնում հնարավոր իշխանավարման դեմ: Ըստ նրանց, ցանկության դեպքում հավաքված բազմությունը կարող է իր կամքը թելադրել իշխանություններին։
«Իշխանությունը միշտ պատկանում է ժողովրդին և չի պատկանում Շարմազանովին կամ նրա ընկերներին: Հենց այդ տեսանկյունից ժողովուրդը կարող է ցանկացած ժամանակ որոշում կայացնել և, օրինակ, պարտադրել այլ քաղաքական ուղղություն»,- հավելում է Արմեն Գրիգորյանը:
«Արդեն իսկ տեսնում ենք, որ բազում քաղաքացիներ ինչ-որ մի ստեղծագործ ձևով կարողանում են միանալ շարժմանը և իրենց ներդրումն ունենալ միմյանց ոգեշնչելու գործում: Թե ինչքանով կհաջողվի, ժամանակը ցույց կտա, բայց կարծում եմ՝ ամեն դեպքում ավելի լավ է մենք ափսոսենք արած բաների համար, քան չարած բաների համար: Գործողություն անելը ամեն դեպքում ճիշտ է»,- ասում է նախաձեռնության անդամ Մարիա Կարապետյանը:
Նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանն էլ հակադարձում է իշխող կուսակցության ներկայացուցիչների այն փաստարկներին, թե փողոցում հնարավոր չէ իշխանափոխություն անել, քանի որ դրա ժամանակը 2017-ի խորհրդարանական ընտրությունների շրջանում էր։ «Իշխանության բոլոր պնդումների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի ելույթների խորքում նույն բանն է՝ ախպեր վերցրել ենք [իշխանոթյունը] 6 տարով, վերջացավ, էլ հանկարծ ձեն չլսենք: Իրականում այդպես չէ: Հիմա, ինչպես ասում են՝ ասելիքը հանրությանն է: Եթե հանրությունը միտքը փոխել է, ինքն իր ասելիքը պիտի ասի»,- նշում է Բարսեղյանը:
«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները երեկ միացել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քայլերթին, որի նպատակը ևս որպես վարչապետ Սերժ Սարգսյանի հնարավոր պաշտոնավարման կանխումն է։ Մարտի 31-ից միջմարզային մայրուղիներով Գյումրիից ոտքով Երևան շարժվող խմբի երթը ոչ աշխատանքային օրերին առավել բազմամարդ է եղել։
«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամների խոսքով՝ իրենց նպատկաները համընկնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հանուն Հայաստան պետության» շարժման նպատակներին, պատաստվում են առաջիկայում ևս համագործակցել։ «Կարծում եմ, որ նույն նպատակի շուրջ համախմբում արդեն եղել է: Գործողությունների մակարդակում համակարգում կա, այսինքն՝ մենք բոլորս իրար հետ կապի մեջ ենք»,- ասում է Արմեն Գրիգորյանը: