Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիները

Տասը տարի Հայաստանը ղեկավարելուց հետո Սերժ Սարգսյանի նախագահական լիազորություններն ավարտվեցին:

Դեռ 5 տարի առաջ Սարգսյանը նախագահական ընտրապայքարին մասնակցում էր «Ապահով Հայաստանի» խոստումով, նաև նշում, թե ինչ է թողնելու հաջորդ նախագահին, երբ 2018-ին լքի պաշտոնը․ - «2018 թվականին ես Հայաստանի հաջորդ նախագահին և մեր ժողովրդին հանձնելու եմ բոլորովին ուրիշ Հայաստան՝ նոր սոցիալ-տնտեսական և քաղաքական նկարագրով: Եվ դա լինելու է ապահով Հայաստանը: Ես սա համարում եմ իմ պարտքը»:

Պատմության մեջ ինչպիսի՞ն կմնա 2008-2018 թվականներն ընդգրկող տասնամյակը

Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ դա Հայաստանի համար զարգացման շրջան էր․ - «Այս 10 տարիները ապագա պատմաբանները կձևակերպեն որպես բարեփոխումների և պետականաշինության ժամանակաշրջան»:

Այլ կարծիքի է Հայաստանի երեք նախագահների գործունեությունը լուսաբանած լրագրող Թաթուլ Հակոբյանը․ - «Կայուն լճացման տարիներ էին: Դրանք փոփոխությունների սպանության տարիներ էին, երբ որևէ մեկը փոփոխության ակնկալիքներ չունի»:

Պաշտոնական տվյալներով` Սարգսյանի նախագահության տասը տարիներին Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է շուրջ 260 հազար քաղաքացիներով:

Թաթուլ Հակոբյանի համոզմամբ՝ սրանից ավելի լավ ցուցիչ, թե որքանով էր արդյունավետ Սերժ Սարգսյանի կառավարումը, չի կարող լինել․ - «Երբ որ մարդը թողնում և գնում է Հայաստանի արևը, Հայաստանի ջուրը, իր տունը, դա նշանակում է, որ երկրում պրոբլեմ կա»:

2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից 5 տարի առաջ, անկախության քսաներորդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ, նախագահ Սարգսյանը հայտարարեց՝ հայկական բանակն արդիական է, և ունակ խնդիրներ լուծելու․ - «Մեր բանակն ամուր է, արդիական, ունակ լուծելու ցանկացած խնդիր»:

Ըստ Թաթուլ Հակոբյանի՝ Սերժ Սարգսյանը կհիշվի որպես Հայաստանի առաջին նախագահ ում օրոք՝ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, հայկական կողմը Ղարաբաղում 800 հեկտար տարածքային կորուստներ է կրել․ - «Բայց այստեղ էլ կան մեղավորներ: Ցավոք, այդ մեղավորներին մենք չտեսանք: Որովհետև, երբ որ ինչ-որ պակասում է պատերազմի ընթացքում, ռազմական գործողությունների ընթացքում, մեղքը ո՞ւմ է: Բնականաբար՝ պատասխանատուներինը: Իսկ ովքե՞ր են պատասխանատուները: Բնակաբանաբար՝ իշխանությունները»:

Յոթ տարի Պաշտպանության նախարարի, ապա վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո՝ 2008-ին, Սերժ Սարգսյանը նախագահ էր դարձել Հայաստանն առաջ մղելու կարգախոսով․ - «Երբեք թույլ չեմ տա հետընթաց որևէ բնագավառում: Ես պայքարելու եմ, որպեսզի աղխատությունը վերանա այս երկրից: Ես պայքարելու եմ, որպեսզի վերականգնվեն մեր պարապ գործարանները: Ես պայքարելու եմ, որպեսզի վերադառնան Հայաստան Հայաստանից գաղթածները»:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում աղքատությունը ավելացել է շուրջ 2 տոկոսով՝ 2016-ի տվյալներով հասելով գրեթե 30 տոկոսի: Շուրջ 2 տոկոսով ավելացել է գործազրկությունը՝ հասնելով 18 տոկոսի: Միևնույն ժամանակ, աճել է պետական պարտքը՝ 2008-ի 1.9 միլիարդ դոլարից հասնելով շուրջ 7 միլիարդ դոլարի:

2013-ի նախագահական ընտրություններից ամիսներ առաջ պաշտոնավարության երկրորդ ժամկետին գնացող Սերժ Սարգսյանը Կառավարության նիստում խոսել էր պետական բյուջեից յուրացումների (ատկատների) մասին, ինչպես նաև հանձնարարել էր բռնել մեծ չափերի կոռուպցիոներներին․ - «Գլխից պիտի բռնենք: Մեծերին»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով, Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում կոռուպցիան ու մենաշնորհները տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտներն էին․ - «Մեր մոտ կան մենաշնորհներ, մեր մոտ կան հովանավորությունից օգտվող տնտեսական առանձին խմբեր, բիզնեսմեններ, ովքեր իրենց հաջողություններին հասել են միայն այդ հովանավորչության արդյունքում: Սա հիմա դարձել է ամենամեծ խնդիրը և տնտեսության ամենամեծ թերությունը»:

Նախագահության տասը տարիներին Սերժ Սարգսյանն իր խոստումներում շռայլ էր: Գյումրիում երկրաշարժի բոլոր հետևանքները հաղթահարելու, դեպի Ստեփանակերտ ուղևորվող ինքնաթիռի առաջին ուղևորը լինելու և բազմաթիվ այլ խոստումներից առաջ՝ 2008-ին Սարգսյանը վստահեցնում էր, որ հուսախաբ չի անի․ - «Ինձ չեն կարող քննադատել նրա համար, որ ես երբևէ ինչ-որ բան խոստացել եմ և այդ խոստումը մնացել է օդում»:

Լրագրող Թաթուլ Հակոբյանը Սարգսյանի խոստումների մասին այլ կարծիքի է․ - «Նա խոստացել էր, որ պետք է կառուցվի Հայաստան - Իրան երկաթուղի: Նա խոստացել էր նոր ատոմակայան կառուցել, էդ ատոմակայանը մենք չունենք: Նա խոստացել էր Համահայկական բանկ, էդ Համահայկական բանկը մենք չունենք: Նա խոստացել էր աշխատավարձի մի չափ, որը մենք էսօր չունենք: Նա խոստացել էր բարեկեցություն, էդ բարեկեցությունը մենք չունենք»:

Հակոբյանը պնդում է, թե բացի տարածքային կորստից ու հարյուր հազարավոր քաղաքացիների արտագաղթից, Սերժ Սարգսյանի նախագահության ամենավատ արդյունքներից է այն, որ ի տարբերություն նախորդ երկու նախագահների՝ Սարգսյանն ամենայն հավանականությամբ չի հրաժարվի իշխանությունից․ - «Ցավալիորեն Սերժ Սարգսյանը չի հեռանում և ստեղծում է նախադեպ Հայաստանի միջինասիական կարգի ավտորիտար պետության վերածելու, տոտալիտար հակումներով, որտեղ ղեկավարների իշխում են մինչև իրենց մահ, կամ իշխում են մինչև անփառունակ տապալում»:

Ինքը Սարգսյանը՝ հինգ տարի առաջ հայտարարել էր՝ ամեն ինչ ժամանակավոր է, բացի հայրենիքից․ - «Մեր սիրած կամ չսիրած իշխանությունները ժամանակավոր են, իսկ մնայունն ու հավերժը մեր հայրենիքն է»: