Ռուսաստանի ՊՆ-ը հայտարարել է, որ սիրիական ավիաբազային հարվածել է իսրայելական օդուժը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ իսրայելական օդուժի երկու F-15 ինքնաթիռները հարվածներ են հասցրել սիրիական T-4 ավիաբազայի վրա, սակայն ռուսաստանցի խորհրդականների շրջանում տուժածներ չկան:

Աղբյուրի համաձայն, հարձակումը տեղի է ունեցել Լիբանանի օդային տարածքից և Սիրիայի զինված ուժերը հակաօդային մարտի ընթացքում ոչնչացրել են հինգ կառավարվող հրթիռներ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ավելի վաղ Սիրիայի պետական Sana լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Հոմս քաղաքի մոտ գտնվող Սիրիայի կառավարական ուժերի ավիաբազան ենթարկվել է հրթիռային հարձակման:

Հրիթռակոծման մասին տեղեկությունը ի հայտ եկավ ժամեր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խոստացան «համատեղ պատասխան» տալ սիրիական կառավարական ուժերի կողմից ապստամբների դեմ ապրիլի 7-ին իրականացրած քիմիական հարձակմանը:

Բաշար Ասադի վարչակազմը հերքում է մեղադրանքները, որ քիմիական հարձակում է իրականացրել:

Հրթիռակոծման մասին հաղորդագրությունից հետո Պենտագոնը հայտարարել է, որ առնչություն չունի դրա հետ: