Լավրովը լավատես է ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորության հարցում

Ռուսաստանի արտգործնախարարությունը երեկ հրապարակել է մի տեսագրություն, որում արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով հայ լրագրողի հարցին, թե արդյոք նա կիսում է տարածված այն կարծիքը, որ 2011 թվականի Կազանյան գագաթնաժողովը կարող էր բեկումնային լինել ղարաբաղյան խնդրի կարգավորման համար և արդյոք ակնկալում է առաջխաղացում բանակցություններին, ասել է, որ իսկապես սպասումները Կազանյան գագաթնաժողովից մեծ էին, ռուսական կողմը մյուս երկու համանախագահների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների համաձայնությամբ պատրաստել էր փաստաթուղթ, որը կողմերը պետք է ստորագրեին, սակայն վերջին պահին նոր մեկնաբանություններ ու հարցեր են ծագել և փաստաթուղթը չի ստորագրվել: - «Այդպես լինում է», - հավելել է Լավրովը, նկատելով, որ սա ողբերգություն չէ և աշխատանքները շարունակվում են ամեն դեպքում:

ՌԴ արտգործնախարարի խոսքով, կազանյան փաստաթղթում տեղ գտած կետերը այսօր էլ ընդունելի են կողմերի համար, թեև, ըստ Լավրովի, համանախագահները նաև նոր գաղափարներ են առաջարկել վերջին տարիներին և նոր փաստաթուղթը նաև այդ գաղափարների շուրջ պետք է ձևավորվի:

«Ամենակարևորն այն է, որ կողմերը հրաժարվեն անվստահությունից, որը դեռ երբեմն դրսևորվում է բանակցությունների ընթացքում, և կենտրոնանան իրատեսական գաղափարների վրա, որոնք առկա են», - ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: - «Ի սկզբանե կողմերը համաձայն են կարգավորման շուրջ համանախագահների ներկայացրած փաստաթղթի նախագծի հետ, մնում է, որ այդ համաձայնությունը նաև փաստաթղթում ամրագրվի», - ասել է Լավրովը, հավելելով, որ լավատես է խնդրի կարգավորման հնարավորության հարցում:

Լավրովի հարցազրույցի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ: