«Լրագրողներ առանց սահմանների»-ն բարձրաձայնում է Հայաստանում մամուլի ազատության անկման մասին

Հայաստանյան հեռուստա- և ռադիոընկերությունների միկրոֆոններ, արխիվ

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը բարձրաձայնում է Հայաստանում մամուլի ազատության անկման մասին: Փարիզում տեղակայված կազմակերպությանը հատկապես մտահոգել են կառավարությունում ու Երևանի քաղաքապետարանում լրագրողների գործունեությունը սահմանափակող երկու օրենքները:

«Կառավարության անդամները առանց վարչապետի թույլտվության այլևս հարցազրույց չեն տա լրագրողներին, լրագրողներն էլ չեն կարողանա ներկա գտնվել կառավարության նիստերին՝ դրանք այսուհետ դռնփակ կանցկացվեն», - ասված է կազմակերպության հայտարարությունում:

Դրանում նաև նշվում է, որ նույն օրը անակնկալ կերպով քվեարկության է դրվել և ընդունվել է օրենսդրական փոփոխություն, որի համաձայն՝ լրագրողներն այսուհետ չեն կարողանա ներկա գտնվել Երևանի ավագանու նիստերին և դրանց կհետևեն մամուլի կենտրոնից:

«Մենք մտահոգված ենք Հայաստանում մամուլի ազատության նվազման միտումով և կոչ ենք անում խորհրդարանին վերանայել վերջին օրենսդրական նախաձեռնությունները, որոնք սահմանափակում են տեղեկատվության մատչելիության իրավունքը և խոչընդոտում են լրագրողների աշխատանքը», - ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը:

Կառավարության նախորդ նիստից հետո, ի դեպ, լրագրողների հարցին՝ արդյոք գո՞հ է իր նախաձեռնությունից, որի համաձայն՝ նիստերն այլևս դռնփակ կլինեն, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը արձագանքել էր․ - «Այո, գոհ եմ»: «Ընդհանրապես, որևէ քայլ երբ կատարում եմ, ես գիտակցում եմ, որ կարող եմ արժանանալ քննադատության, այնուամենայնիվ՝ փորձում եմ անել այն, ինչ, իմ կարծիքով, կօգնի, որպեսզի քննարկումները լինեն ավելի խորը, ավելի բովանդակալից, արդյունքում՝ ավելի որակյալ որոշումներ ընդունվեն», - հայտարարել էր նախարարը:

Իրավապաշտպան կազմակերպությունը շեշտում է, որ այս փոփոխությունները չեն քննարկվել լրագրողական համայնքի հետ:

Խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող ավելի քան մեկ տասնյակ հայաստանյան կազմակերպություններ հայտարարություն էին տարածել, որի համաձայն՝ պատրաստվում են իրականացնել հնարավոր բոլոր քայլերը երկու նոր օրենքները չեղարկելու համար:

Միջազգային կազմակերպությունը մեկ անգամ ևս փաստում է, որ վիճակն անհանգստացնող է, ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Իհարկե, մեզանում հետընթաց է արձանագրվում, և վերջին օրենսդրական նախաձեռնությունները, որոնցով որ իշխանությունը որոշել է ավելի փակ աշխատել և լրատվամիջոցներին հեռացնում է իրենից, այս ամենը խոսում է այն մասին, որ խոսքի ազատության լուրջ խնդիրներ են, տեղեկատվության մատչելիության խիստ լուրջ խնդիրներ են Հայաստանում ծագել, և միջազգային կազմակերպությունները, բնական է, որ պետք է նկատեն դա և արտացոլեն իրենց գնահատականներում», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Մելիքյանը:

«Ի դեպ, նաև չորրորդ նախագահի երդմնակալության արարողությունից լրագրողներին հեռու պահելը նույնպես խոսում է իշխանության գործելաոճի մասին», - հավելեց նա:

Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, իր հերթին, հայտարարեց․ - «Կարելի է, կարծում եմ, եթե լրատվամիջոցները և լրագրողները շահագրգռված լինեն, որոշ ակցիաներ կազմակերպել և ապացուցել մեր իշխանությունների ներկայացուցիչներին, որ փակվելով՝ իրենք իրենց համար ոչ թե ավելի կոմֆորտային աշխատանքի վիճակ են ստեղծում, երբ ինչ էլ անեն՝ դա, փաստորեն, հանրությանը իրազեկման ենթակա չի լինելու, այլ հակառակը՝ որ իրենք ավելի շատ են վարկաբեկվելու, ինչքանով փակվեն, այդքան քննադատությունը իրենց գործունեության և բացասական գնահատականները իրենց գործունեության շատանալու են»:

Միջազգային կազմակերպության հայտարարությունում նաև ասված է՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակումների թիվն է ավելացել: «2017-ին առնվազն 17 լրագրող է բռնության ենթարկվել: Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ամենավտանգավոր ու լարված շրջանն էր: Araratnews.am կայքի ներկայացուցիչներ Շողիկ Գալստյանն ու Հայկ Պետրոսյանը և «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության լրագրող Սիսակ Գաբրիելյանը հարձակման ենթարկվեցին ընտրություններին մասնակցող թեկնածուներից մեկի շտաբի մոտ հենց ընտրության օրը: Նախընտրական քարոզարշավի ընթացքում երեք այլ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրվեց, մի քանիսին էլ սպառնացել էին, որպեսզի նրանք չլուսաբանեն ընտրությունները», - ասված է հայտարարությունում:

Կազմակերպությունը շեշտում է՝ իշխանությունները պետք է ամբողջական և անաչառ հետաքննություն անցկացնեն լրագրողների նկատմամբ բռնությունների գործերով և վերջ դնեն նման գործերի դեպքում անպատժելիությանը:

Հայաստանի պրակտիկան քննադատվել է նաև մամուլի դեմ բերված դատական հայցերի մեծ ծավալի պատճառով: 2017-ին ընդհանուր առմամբ նման 60 դատական հայց է եղել:

Բորիս Նավասարդյանը վստահ չէ, թե իշխանությունն ականջալուր կլինի այս քննադատություններին:

«Ես կարծում եմ, որ այս ընդհանուր միջազգային միտումների համատեքստում մեր իշխանությունները ենթադրում են, որ կարող են իրենց թույլ տալ այդ կարգի սահմանափակումներ՝ և՛ տեղեկատվության ազատության, և՛ լրատվամիջոցների ազատության, և ենթադրում են, որ դա որևէ հետևանքների չի բերելու: Իսկ եթե իրենց կանխատեսումը այնպիսին է, որ ֆինանսական աջակցության հետ կապված հետևանքներ չեն լինելու, նաև, կարծում եմ, որ չեն մտահոգվելու և դասեր չեն քաղելու այս քննադատությունից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի Մամուլի ակումբի նախագահը:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչում», ի դեպ, Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 79-րդ տեղը՝ 5 տեղով ավելի ցածր, քան 2016-ին: