«Տեքստիլը՝ որպես Հայաստանի հյուսիսային մարզերի կայուն զարգացման երաշխիք» ծրագրի մեկնակը տրվեց: 100 հազար եվրո տրամադրում են Եվրամիությունը և «Աջակցություն ՓՄՁ Զարգացմանը Հայաստանում» կազմակերպությունը: Ծրագիրն իրականացնողներն էլ Շիրակի, Լոռու ու Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատներն են համատեղ:
«Աջակցություն ՓՄՁ Զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նեհերն ասում է, որ տեքստիլի զարգացման պոտենցիալ ունեն երեք մարզերն էլ: «Ծրագրի նպատակներից մեկն է պոտենցիալի առումով վերականգնել տեքստիլի ոլորտը: Մեկ խնդիր է, երբ կան խոշոր ընկերություններ, բայց կան նաև անհատ մարդիկ, և հիմնականում կանայք են, ովքեր ունեն այդ հմտությունը, նպատակն է նաև իրենց միավորել, որպեսզի իրենք որպես մեկ կլաստերով հանդես գան և միավորվելով զարգանան ու դառնան մեծ ընկերություն», - նշեց նա:
100 հազար եվրո ներդրման արդյունքում որքա՞ն աշխատատեղ է նախատեսվում բացել: 40 աշխատանք փնտրողների հնարավորություն կտրվի մասնակցել ծրագրին և ֆինանսական աջակցություն ստանալ, այսպես ասած, գործը հիմնելու համար:
«40 աշխատանք փնտրողների հետ աշխատանք է տարվելու և տեղավորելու են աշխատանքի, այսինքն՝ այդ 40 տեղը լինելու է, բայց այս մեկ տարվա ծրագրի նպատակն է ստեղծել այն ընդհանուր դաշտը, որի շնորհիվ տեքստիլը կշարունակի զարգանալ, ավելի շատ աշխատատեղեր կլինեն։ Այս ծրագիրը կօգնի ոչ միայն աշխատատեղերի ստեղծմանը, այլև ինքնազբաղվածության հարցը կլուծի, որովհետև սա այն ոլորտն է, որտեղ անհատներն էլ կարող են որպես ընկերություն ձևավորել իրենցն ու աշխատել։ GIZ-ը աշխատում է նաև մոդելավորողների հետ, կա մոդելավորողների հետ ծրագիր, նաև գործունեություն ենք իրականացնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում», - ասաց Նեհերը՝ շարունակելով․ - «Տեսլականն այն է, որ այս երեք ոլորտները՝ տեքստիլ, մոդելավորումը և ՏՏ-ն, միավորենք։ Հայաստանը, փոքր երկիր լինելով, քանի որ չի կարող մրցակցել խոշոր երկրների՝ Փոքր Ասիայի երկրների հետ, պիտի ստեղծի իրենը, որը կլինի արտասովոր, տարբերվող, եզակի։ Շիրակի մարզն ունի տեքստիլ ոլորտի իր պատմությունը, և պետք է մի փոքր հրել, որպեսզի այդ ամենը վերածնունդ ստանա, վերականգնվի»:
Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Կարեն Գոմցյանը ասում է, որ մարզը հայտնի է եղել իր տեքստիլ արդյունաբերությամբ, և այն պետք է վերականգնվի: Թե ինչ խնդիր կա թեթև արդյունաբերությունը զարգացնելու հարցում, նա նշեց․ - «Ամենամեծ խնդիրը դա հումքի հեռու լինելն է: Ստարտը շատ հեշտ է, ասենք՝ կարելի է մի հատ հաստոց առնել և սկսել, բայց հումքը դժվար է: Այսինքն՝ պետք է մտածել հումքի մասին, որպեսզի հումքը լինի այստեղ՝ հումքի կամ արտադրություն, կամ մեծ պահեստներ: Հումքն է խնդիրը, ուրիշ խնդիրներ չեմ տեսնում»:
Ի դեպ, Կարեն Գոմցյանը Գյումրիի տեքստիլ թերևս ամենախոշոր ընկերության՝ «Լենտեքս»-ի տնօրենն է: «Ազատության» հարցին՝ հե՞շտ է, թե՞ դժվար աշխատատեղ ստեղծելը, քանի որ երեք տարի առաջ այժմ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հենց նրան էր առաջարկում երեք ամսում մարզում 300 աշխատատեղ բացել կառավարության աջակցությամբ, նա արձագանքեց․ - «Շատ բարդ է աշխատատեղ բացելը, նամանավանդ՝ 300 աշխատատեղ, ինքը մի օրվա բան չէ, կամաց-կամաց պետք է պայմանները լավացնել, որպեսզի մարդիկ, շատ լինեն ձեռնարկությունները, և ընդհանուր ունենանք արդեն մեծ քանակի աշխատողներ»:
Նշենք, որ այդ 300 աշխատատեղը մինչ օրս բացված չէ: Վերջերս մինչև 2030 թվականը մի քանի հարյուր հազար աշխատատեղ բացելու մասին նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց: «Ազատության» հարցին՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ են այդքան աշխատատեղերի ստեղծումը, Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Արտյոմ Գրիգորյանը պատասխանեց․ - «Կարծում եմ, որ էդ հարյուր հազար աշխատատեղը ընդհանուր ստեղծված աշխատատեղերն են: Ես կփորձեմ, մեր կառույցը, որ դրանից 15-ը մենք ստեղծենք, այսինքն՝ ինչ-որ ձև կփորձենք թեթևացնել հարյուր հազարի բեռը: Բայց մնացած առումով չգիտեմ»:
Հիշեցնենք՝ նախկին վարչապետներից Տիգրան Սարգսյանը 2012-ին Շիրակի մարզում Հանրապետականի քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ մարզում զարգացնելու են ճյուղային արդյունաբերությունը, այդ թվում՝ տեքստիլ: Նրան հաջորդեց 300 աշխատատեղ բացելու Հովիկ Աբրահամայանի խոստումը, որոնցից և ոչ մեկը մինչ օրս իրականացված չէ: