Սվիտալսկի․ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կարող է արդիականացման և բարեփոխումների շարժիչ ուժ դառնալ

Եվրամիության դեսպանի խոսքով՝ եթե Հայաստանը առաջիկա օրերին վավերացնի համաձայնագիրը, հունիսի 1-ից այն արդեն պայմանական կարգով ուժի մեջ կմտնի:

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին, որը ամբողջությամբ կհեռարձակվի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարի ապրիլի 8-ի թողարկման ժամանակ:

Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված

«Ազատություն»․ - Պարոն դեսպան, շնորհակալություն մեր ստուդիա գալու համար: Այս հարցազրույցն ամբողջությամբ կհեռարձակվի կիրակի օրը՝ մեր «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում: Առաջին հարցը, որ կուզենայի տալ, վերաբերում է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ժամանակացույցին: Կարո՞ղ եք ներկայացնել, թե այժմ քայլերի ի՞նչ հերթականություն է լինելու, ո՞րն է առաջին քայլը, ո՞րը՝ երկրորդը:

Պյոտր Սվիտալսկի․ - Լավ։ Առաջին քայլը՝ իմ շնորհակալությունն է Ձեզ՝ այս հնարավորության համար: Միշտ հաճելի է Ձեզ հետ զրուցելը, մենք Ձեր լրատվամիջոցը համարում ենք Հայաստանում լրատվամիջոցների բազմակարծության կարևոր բաղադրիչ, այնպես որ՝ շնորհակալություն Ձեզ:

Ինչ վերաբերում է համաձայնագրին, ամենաառաջին խնդիրը այդ համաձայնագրի ուժի մեջ մտնելուն ուղղված քայլերի իրականացումն է: Հաջորդ շաբաթ Հայաստանի Ազգային ժողովը լսումներ է անցկացնելու, որին, հավանաբար, կհետևի նաև քվեարկություն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ, և դա շատ կարևոր է, որովհետև Հայաստանի կողմից համաձայնագրի վավերացումից հետո մենք կարող ենք արդեն մտածել արդեն համաձայնագրի՝ պայմանական ուժի մեջ մտնելու մասին:

Եթե Հայաստանը արդեն այժմ՝ առաջիկա օրերին, վավերացնի համաձայնագիրը, մենք կարող ենք ակնկալել, որ հունիսի 1-ից այն արդեն պայմանական կարգով ուժի մեջ կմտնի:

Միևնույն ժամանակ, Եվրամիության կողմից վավերացման գործընթացը կշարունակվի: Ինչպես գիտեք, համաձայնագիրն առաջինը վավերացրել է Էստոնիան: Բացի այդ, գիտենք, որ այլ երկրներում դրա վավերացման գործընթացը մեկնարկել է: Այնպես որ, ԵՄ կողմից վավերացման գործընթացը կշարունակվի յուրաքանչյուր պետության օրենսդրությանը համապատասխան կարգով: Մենք ակնկալում ենք, որ մայիսի կեսերին քննարկումներ կանցկացվեն Եվրոպական խորհրդարանում, և խորհրդարանը իր աջակցությունը կհայտնի համաձայնագրին՝ ընդունելով ոչ օրենսդրական վճիռ:

«Ազատություն»․ - Դա կարվի անդամ երկրների կողմից վավերացումից զա՞տ:

Սվիտալսկի․ - Այո, սա դրանցից անկախ է: Հենց դրանում է Եվրոպական միության հմայքը։ Այստեղ կան ազգային խորհրդարաններ և կա նաև Եվրոպական խորհրդարանը, որը իր դերն ունի գործընթացում:

«Ազատություն»․ - Եվ այդ որոշումը կարո՞ղ է ազդել գործընթացի վրա:

Սվիտալսկի․ - Եվրոպական խորհրդարանի ուշագրավն այն է, որ այս հարցում նրա վճիռը կոչվում է ոչ օրենսդրական, այսինքն՝ դա իրավական ուժ չունի, սակայն քաղաքական առումով շատ կարևոր է: Մենք հուսով ենք, որ բոլոր այս կարևոր որոշումները ժամանակին կընդունվեն, և մենք հունիսի 1-ից հնարավորություն կունենանք կիրառել համաձայնագրի դրույթները՝ պայմանական կարգով:

Մենք գիտենք, որ մեր հայաստանյան գործընկերները մեծ ջանքեր են գործադրում՝ համաձայնագրի տարբեր դրույթների կենսագործման ճանապարհային քարտեզ կազմելու համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այսպես կոչված մոտարկման գործընթացին: Մոտարկումը նշանակում է Հայաստանի օրենսդրության մոտարկումը Եվրամիության կարգավորումներին, և մենք վստահ ենք, որ հայկական կողմից իսկապես լուրջ ջանքեր են գործադրվում, ինչը նշանակում է, որ մինչև հուլիսի կեսեր, երբ կանցկացվի նոր ձևավորվելիք Գործընկերության խորհրդի առաջին նիստը, մենք պատրաստ կլինենք ընդունել այսպես կոչված Ճանապարհային քարտեզը:

Այդ Ճանապարհային քարտեզը թույլ կտա պատկերացում կազմել այն մասին, թե որ պարտավորվածությունները և հանձնառությունները ինչպիսի ժամկետներում հնարավոր կլինի իրագործել:

Մեր կողմից մենք առաջարկում ենք աջակցություն՝ թե՛ տեխնիկական, թե՛ ֆինանսական, որպեսզի ապահովենք համաձայնագրի սահուն իրականացումը:

«Ազատություն»․ - Երբ խոսում եք ԵՄ կարգավորումների հետ մերձեցման մասին, դա նշանակում է, որ Հայաստանը պետք է ընդունի Եվրամիության այդ կարգավորումները, որպես սեփական օրենսդրություն: Սա շատ կարևոր է, քանի որ դրանք կարող են բարելավել մարդկանց կյանքը, եթե ամեն ինչ ճիշտ եմ հասկանում: Դա այդպե՞ս է:

Սվիտալսկի․ - Ես համաձայն եմ Ձեզ հետ: Այս համաձայնագիրը հենց դրանով է արժեքավոր, որ այն կարող է արդիականացման և բարեփոխումների շարժիչ ուժ դառնալ: Որովհետև մենք վստահ ենք, որ ընդունելով ԵՄ կարգավորումները՝ Հայաստանը կարող է արդիականացնել իր տնտեսությունը և արդիականացնել կենսագործունեության տարբեր ոլորտները: Դրանցում կան շատ կարևոր բաղադրիչներ, օրինակ՝ սպառողների իրավունքների պաշտպանությունը, սննդի անվտանգությունը․․․

«Ազատություն»․ - Այո, դա մեծ խնդիր է Հայաստանում։

Սվիտալսկի․ - ․․․ պետական գնումները և այլն: Երբ ուսումնասիրում ենք համաձայնագրի հավելվածները, դրանց մեջ որոշ դեպքերում շատ կոնկրետ ժամկետներ են սահմանվում կարգավորումների իրականացման համար: Իհարկե, որոշ դեպքերում ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերվում, բայց մեր հայ գործընկերների հետ քննարկումներից մենք եզրակացրել ենք, որ նրանք լրջորեն և մանրակրկիտ կերպով ուսումնասիրում են սա իրականացնելու հնարավորությունները: