Բրիտանիան վիզա չի տրամադրել Սկրիպալների ազգականին

Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, արխիվ

BBC-ն հայտնում է որ Մոսկվայում Բրիտանիայի դեսպանատունը վիզա չի տրամադրել Սերգեյ Սկրիպալի զարմուհուն՝ Վիկտորիա Սկրիպալին: Վիզա ստանալու համար նախատեսված հայտագրում նա նշել էր, որ այցելում է ազգականներին, մինչդեռ դեսպանատունը որևէ տեղեկություն չուներ, որ Սերգեյ Սկրիպալը կամ նրա դուստրը նրան հրավիրել են Բրիտանիա:

Վիկտորիա Սկրիպալը ասել է, թե ակնկալում էր, որ իր դիմումը կմերժվի, բայց նորից է դիմելու:

Բրիտանիայի կառավարության պաշտոնյաներից մեկը BBC-ին տված մեկնաբանությունում ասել է. - «Եթե նա [Վիկտորիա Սկրիպալը] ընկել է Կրեմլի ազդեցության տակ, կամ Կրեմլը նրան ստիպում է՝ ուրեմն նա նույնպես զոհ է դարձել»:

Վերջերս Վիկտորիա Սկրիպալը ասել էր, թե հեռախոսազրույց է ունեցել Յուլիա Սկրիպալի հետ: Ռուսաստանի պետական հեռուստաընկերությամբ հեռարձակվել էր զրույցի ձայնագրությունը, բայց պարզ չէ, թե դա արդյոք իսկական է:

66-ամյա Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ 33-ամյա Յուլիային մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերել էին բրիտանական Սոլսբերի քաղաքում նստարանին, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց: Նրանց թունավորման համար Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին:

Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և երկու տասնյակ այլ երկրներ այս դեպքի հետ կապված ավելի քան 150 ռուսաստանցի դիվանագետների արտաքսեցին, ինչին Ռուսաստանը նույն կերպ պատասխանեց:

Վերջին օրերին հայտնի դարձավ նախ Յուլիա Սկրիպալի, ապա՝ Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակի բարելավման մասին: