Զորավարժություն՝ «Հակառակորդի հանկարծակի հարձակման դիմագրավումը և ոչնչացումը` կիրառելով նոր տեխնոլոգիաներ» թեմայով

Լուսանկարը՝ ՊՆ լրատվականի

Զինված ուժերի զորավարժարաններից մեկում անցկացվել է զորավարժություն 2-րդ բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումների ներգրավմամբ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ «Հակառակորդի հանկարծակի հարձակման դիմագրավումը և ոչնչացումը` կիրառելով նոր տեխնոլոգիաներ» թեմայով անցկացված զորավարժության նպատակն էր բանակային զորամիավորման զորամասերի, ուժեղացման և աջակցման ուժերի և միջոցների մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման իրատեսության ստուգումը հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում, կառավարման մարմինների ներդաշնակվածության մակարդակի բարձրացումը: Զորավարժության ընթացքում հստակեցվել են նաև զորամիավորման պատասխանատվության գոտում պաշտպանության կազմակերպման և անվտանգության ապահովման հարցերը:

Երեկ զորավարժության կրակային փուլին հետևել են Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ:

Համաձայն զորավարժության սցենարի` զորավարժարանում խաղարկվել են պայմանական հակառակորդի հարվածային խմբավորումների և հատուկ նշանակության ստորաբաժանումների հանկարծակի հարձակումը հետ մղելու գործողություններ:

Բանակային զորամիավորումն ուժեղացման միջոցներով և ուժերով վարել է օջախային պաշտպանական մարտական գործողություններ, մարտավարական և բանակային ավիացիայի հարվածներով ու հրետանու կրակով խոցել հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումները, հայտնաբերված պահեստազորը, օբյեկտներն ու նշանակետերը, վերականգնել դրությունը` հակառակորդին ստիպելով կնքել կրակի դադարեցման համաձայնագիր: