«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգված է Հայաստանում մամուլի ազատության վիճակով

Փարիզում տեղակայված «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում մամուլի ազատությունը սահմանափակող վերջերս ընդունված օրենսդրական փոփոխությունների առնչությամբ:

«Մենք մտահոգված ենք Հայաստանում մամուլի ազատության նվազման միտումով և կոչ ենք անում խորհրդարանին վերանայել վերջին օրենսդրական նախաձեռնությունները, որոնք սահմանափակում են տեղեկատվության մատչելիության իրավունքը և խոչընդոտում են լրագրողների աշխատանքը»,- ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը․- «Իշխանությունները պետք է նաև ամբողջական և անաչառ հետաքննությունն անցկացնեն՝ լրագրողների նկատմամբ բռնությունների գործերով և վերջ դնեն նման գործերի դեպքում անպատժելիությանը»:

Կազմակերպության հայտարությունում շեշտվում է․- «Մինչ առաջին անգամ խորհրդարանի կողմից ընտրված Արմեն Սարգսյանը պատրաստվում է ապրիլի 9-ին ստանձնել նախագահի պաշտոնը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը շեշտում է, որ Հայաստանի կառավարության հիմնական խնդիրը պետք է լինի «դադարեցնել մամուլի ազատության անկումը»:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերությանը մտահոգել է մարտի 23-ին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունը, որի համաձայն Կառավարության անդամները առանց վարչապետի թույլտվության այլևս հարցազրույց չեն տա լրագրողներին, լրագրողներն էլ չեն կարողանա ներկա գտնվել Կառավարության նիստերին՝ դրանք այսուհետ դռնափակ կանցկացվեն: Իրավապաշտպան կազմակերպությունը շեշտում է, որ այս փոփոխությունները չեն քննարկվել լրագրողական համայնքի հետ:

Կազմակերպությունը նաև նշում է, որ նույն օրը անակնկալ կերպով քվեարկության է դրվել և ընդունվել օրենսդրական փոփոխություն, որի համաձայն լրագրողները այսուհետ չեն կարող ներկա գտնվել Երևանի քաղաքապետարանի նիստերին և դրանց կհետևեն մամուլի կենտրոնից: