Ինչո՞ւ տարին մեկ անգամ նախատեսվող տեխնիկական անվտանգության պարտադիր փորձաքննությունը ճոպանուղին չի անցել, իսկ այն շահագործող «Լեռնատուր» ՍՊԸ-ն շրջանցել է օրենքի պահանջը․ այս հարցերի պատասխանները ճոպանուղու ներկայիս ղեկավարությունը չունի։
Փոխտնօրեն Վահագն Գյուլամիրյանը վստահեցնում է, թե փոխադրամիջոցն այժմ անվտանգ է, իսկ թե ինչ է եղել նախկինում, դրա համար պատասխանատու չէ․ - «Թե ինչու պայմանագիր չի եղել, գործարք չի եղել, այդ հարցին չեմ կարող պատասխանել: Էդ էն տարիների ղեկավար անձնակազմից պետք ա հարցնեիք»:
Գյուլամիրյանը չթաքցրեց, որ երբ 6 ամիս առաջ ստանձնել էր տեխնիկական գծով փոխտնօրենի պաշտոնը, ճոպանուղին թերություններ ուներ։ Այժմ դրանք շտկվել են փոխադրամիջոցը կառուցած ու այն սպասարկող «Լայտներ» ընկերության միջոցով:
Հարցին, թե կա որևէ փաստաթուղթ, որը կվկայի, որ ճոպանուղին անվտանգ է, նա արձագանքեց․ - «Մենք կարանք ասենք բառացի՝ անվտանգ ա, որովհետև մենք փորձաքննությունը անցկացրել ենք, փորձարկումը անցկացրել ենք: Բայց թուղթ, բան, էտի արդեն Արտակարգ իրավիճակների նախարարության հետ երբ որ փորձաքննություն անցկացնենք, էն ժամանակ արդեն մենք թուղթը կունենանք»:
5 կայանից կազմված ճոպանուղին ձմեռային ձնառատ ամիսներին, օրական մոտ 2000 ուղևորի է սպասարկում։ Այն, որ դժբախտ պատահարներ մինչև այսօր տեղի չեն ունեցել, իհարկե, բարեբախտություն է։ Սակայն կան մարդիկ, ովքեր մեկ անգամ նստելուց հետո երկրորդ փորձն անել չեն ուզում։ Այդպես է եղել Սառա Խոջոյանի հետ․ երկու տարի առաջ երեխաների հետ նստեց ճոպանուղին ու հասկացավ, որ այն այնքան էլ ապահով չէ, հատկապես փոքրիկների համար․ - «Էդ ապահովության համար առկա ձողը իրականում բավական հեռու է մարդուց, հատկապես երեխայից»:
Անվտանգ է ճոպանուղին թե ոչ, 14 տարի աշխատելուց հետո այս հարցին վերջապես պատասխան կտրվի ապրիլի 30-ին, երբ ճոպանուղին կենթարկվի տեխնիկական անվտանգության փորձաքննության։
Համապատասխան պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել «Լեռանտուր» ընկերության և ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն»-ի միջև։
Կառույցի շարժասանդուղքների, վերելակների և ճոպանուղիների փորձաքննության բաժնի պետ Լուսիեն Հովհաննիսյանի խոսքով՝ Ծաղկաձորի ճոպանուղու անվտանգության մասին կկարողանան խոսել միայն համալիր փորձաքննությունից հետո։
Ինչ վերաբերում է այն կառուցած արտասահմանյան «Լայտներ» ընկերությանը, ապա, ըստ Հովհաննիսյանի, այն համատարմագրված չէ Հայաստանում և փորձաքննություն իրականացնել չի կարող․ - «Որովհետև դա այլ կառույց է, այլ կազմակերպություն է, ունի այլ դրույթներ: Ինքը ընդամենը իրականացնում է տեխնիկական սպասարկում»:
«Տեխնիակական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի համաձայն, ճոպանուղին պարտավոր էր գրանցվել արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, իսկ տարիներ շարունակ չգրանցվելու և տարին մեկ տեխանվտանգության փորձաքննություն չանցնելու համար պետք է տուգանվեր յուրաքանչյուր խախտման համար 1-ական միլիոն դրամի չափով։
Հարցին, թե արդյոք փոխադրամիջոցը շահագործող «Լեռնատուր» ընկերությունը երբևէ տուգանվել է, 2011-ից այս խնդրի համար պատասխանատու մարմնի՝ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության մասնագետ Սերգեյ Հայրապետյանը բացասական պատասխան տվեց:
Հետաքրքրվում ենք, թե արդյոք պատճառն այն է, որ ճոպանուղու սեփականատերը նաև Օլիմպիական կոմիտեն է՝ ի դեմս դրա նախագահ Գագիկ Ծառուկյանի։
«Ընդհանրապես մեզ չի հետաքրքրում, թե էդ ում ա պատկանում, բաժնետոմսերի ինչ մասով․․․ Մեր աշխատանքը դրա հետ կապ չունի․․․ Տուգանքի մեխանիզմները ես չեմ կարող ասել ինչի չեն կիրառվել: Նաև երևի հաշվի առնելով, որպեսզի իրանց նորից նեղություն չտալ», - արձագանքեց Հայրապետյանը:
Վերահսկող, պարտավորեցնող ու տուգանող մարմնի մասնագետն ասում է՝ բիզնեսին պատժելու նպատակ չեն հետապնդում, ավելի շատ բացատրական աշխատանքների միջոցով են փորձում կարգավորել խնդիրները։
Փաստորեն ստացվում է, որ 6 տարվա աշխատանք էր անհրաժեշտ, որպեսզի ճոպանուղին վերջապես գրանցվեր արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում։
Ճոպանուղու փոխտնօրենին հիշեցրինք Վրաստանի Գուդաուրի հանգստավայրում տեղի ունեցած ճոպանուղու վթարի մասին, որի հետևանքով առնվազն 10 մարդ էր վնասվածքներ ստացել։ Նա պնդեց, թե Հայաստանում նույնը կրկնվել չի կարող։ Համոզելու համար մոտեցավ վթարային արգելակման համակարգին ու գործի դրեց այն։
Հարցին, թե որ դեպքերում են կիրառում վթարային արգելակումը, պատասխանեց․ - «Էն դեպքերում, երբ որ մենք վերևում ինչ-որ մեխանիկական խնդիր ունենանք, ոչ մի բան չաշխատի, մենակ շկիֆը ֆռռա, էդ դեպքում մենք անջատում ենք, վթարային արգելակով ենք անջատում»: