ԱՄՆ-ն ընդլայնում է պատժամիջոցները ռուս պաշտոնյաների և գործարարների հանդեպ

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 38 պաշտոնյաների, խոշոր գործարարների ու ընկերությունների նկատմամբ:

ԱՄՆ Ֆինանսների նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, մասնավորապես, պատժամիջոցների ցանկում են հայտնվել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը, Ազգային գվարդիայի առաջնորդ՝ Պուտինի անձնական թիկնազորի նախկին ղեկավար Վիկտոր Զոլոտովն ու ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը:

Պատժամիջոցների ցանկում են նաև միլիարդատեր Օլեգ Դերիպասկան, Վիկտոր Վեկսելբերգը, Իգոր Ռոտենբերգը, Սուլեյման Քերիմովը, ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

Կրեմլի դեմ սպասվող այս նոր պատժամիջոցների մասին ավելի վաղ հաղորդել էր Wall street journal-ը, պնդելով, թե դրանց թիրախում են հայտնվելու նախևառաջ նախագահ Պուտինի մերձավոր օլիգարխներն ու քաղաքական գործիչները՝ ամերիկյան վերջին նախագահական ընտրություններին միջամտելու համար: