«Հանուն Հայաստան պետության» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները համատեղ հանրահավաք կանցկացնեն

Ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի նախագահական երկրորդ ժամկետի ավարտի օրը, ընդդիմադիր «Հանուն Հայաստան պետության» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները համատեղ հանրահավաք են անցկացնելու Ազատության հրապարակում, ինչպես իրենք են նշում՝ նաև տոնախմբություն՝ Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի կապակցությամբ:

«Հանուն Հայաստան պետության» նախաձեռնությունից՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասում է՝ այս գործողություններով ցանկանում են դնել համազգային համախմբման հիմք ու բողոքի գործողություններով թույլ չտալ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությունը:

Արմեն Մարտիրոսյանն ասում է ընդդիմադիր ուժերը միասնական են Սարգսյանի հետագա պաշտոնավարումը թույլ չտալու հարցում, սակայն համատեղ գործողությունների վերաբերյալ դեռևս համաձայնություն կա միայն «Հանուն Հայաստան պետության» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների միջև:

«Նպատակի առումով համաձայնությունը այն է, որ բոլորս դեմ ենք երրորդ վարչապետությանը, որովհետև դա արդեն Հայաստանը ամբողջովին ավտորիտար պետությունների շարքը կդասի, արդեն իսկ միջազգային նմանատիպ գնահատականներ կային: Իսկ հիմա դա արդեն օրենսդրորեն և գործնական քայլերով էլ կհաստատվի: «Մերժիր Սերժին» շարժման և «Հանուն Հայաստան պետության» ճակատի միջև համաձայնություն կա համագործակցության վերաբերյալ, մենք համատեղ քննարկումներ ենք ունենում, միմյանց աջակցում ենք, հզորացնում ենք: Հույս ունենք, որ ինչ-որ մի պահի «Քաղաքացիական պայմանագիրը» ևս միանա այդ համագործակցությանը: Եթե մեզ հաջողվի, իհարկե լավ կլինի, որովհետև մեր քաղաքացիները դա են պահանջում, իսկ եթե ոչ, ապա իշխանության ցանկությունը՝ առանձին ուժեր տեսնելու, դա կիրականանա: Սա է այս պահին և որոշակիորեն «Մերժիր Սերժինի» հետ կա այն պատկերացումը համատեղ գործողության, որ պետք է լինեն քաղաքացիական խաղաղ անհնազանդության միասնական փորձեր և փորձենք այնպիսի քայլեր իրականացնենք, որոնք արդյունավետ կլինեն»։

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը նշում է, որ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությունը կանխելու կողմնակից բոլոր ընդդիմադիր ուժերի միջև միասնական գործողությունների ծրագիր չկա, սակայն յուրաքանչյուրը ընդհանուր նպատակին հասնելու համար քայլեր կատարելու է․ ֊ «Այդ առումով այս պահին կա հնարավորություն գործընթացի վրա լուրջ ազդեցություն ունենալ: Քանի որ դա կախված է քաղաքացիների գործողություններից, այստեղ շատ կարևոր է, որ ամեն քաղաքացի իրեն կարևոր զգա և մասնակցի այդ գործողություններին: Մեր պլան մինիմումը, որ Սերժ Սարգսյանը վարչապետ չդառնա, պլան մաքսիմումը՝ որ այս համակարգը փոխվի»:

«Քաղաքացիական պայմանագիրը», որը մարտի 31֊ից քայլարշավ է իրականացնում, նախատեսում է Երևան հասնել ապրիլի 13-ին և հանրահավաքներ ու քաղաքացիական անհնազանդության տարբեր գործողություններ իրականացնել, որոնք կտապալեն վարչապետի ընտրությունը: Ապրիլի 9֊ին Նիկոլ Փաշինյանի թիմը քայլերթով Սևան հասած կլինի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, ովքեր քայլերթի չեն, աջակցում են «Մերժիր Սերժին» նախաձեռնությանը՝ ապրիլի 9-ի հանրահավաքը կազմակերպելու հարցում, ասում է՝ կուսակցության ղեկավար անդամ Նիկոլ Փաշինյանը․ ֊ «Մեր ուղերձը կհղենք նաև Ազատության հրապարակին, և արդեն պայմանավորվել ենք, որ մեր կուսակցական ակտիվը, ովքեր չեն մասնակցում քայլարշավին, հիմա էլ զբաղված են այդ կազմակերպչական աշխատանքներով»:

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ասում է՝ իրենք իրենց օրակարգն ունեն, Սերժ Սարգսյանի իշխանության դեմ գործողություններն էլ ավելի վաղ են սկսել․ ֊ «Մենք միանալու խնդիր չունենք, մենք ունենք խնդիր՝ ապամոնտաժելու այդ համակարգը, իսկ միայն հանրահավաքով իհարկե դա չես կարող անել, հետևաբար մենք համալիր լուծում ենք ենթադրում, որը ներառում է ոչ միայն Ազատության հրապարակը, այլ նաև այլ հրապարակներ և փողոցներ ևս»:

«Հայ ազգային կոնգրեսից» փոխանցեցին, որ բոլոր իրադարձությունների վերաբերյալ իրենք արդեն իրենց նախնական դիրքորոշումը հայտնել են, հետևում են իրավիճակին և այս ամենի կապակցությամբ իրենց դիրքորոշումն առաջիկայում շատ հանգամանալից կհայտնեն: