Ռուսաստանի տեղեկատվական դաշտը վերահսկող պետական մարմինը՝ "Роскомнадзор"-ը դիմել է դատարան՝ պահանջելով երկրի տարածքում արգելափակել հաղորդագրությունների Telegram հավելվածը:
Ընկերությունն ավելի վաղ հրաժարվել էր Անվտանգության դաշնային ծառայությանը տրամադրել բաժանորդների տվյալների բազա մտնելու կոդերը, որոնցով հատուկ ծառայությունները կարող են հետևել օգտատերերի հաղորդագրություններին:
Մարտի 20-ին, սակայն, Ռուսաստանի Գերագույն դատարանը մերժել էր Telegram-ի հայցը ընդդեմ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ): Այդ վճռի հրապարակումից անմիջապես հետո "Роскомнадзор"-ը 15 օր ժամանակ էր տվել Telegram-ին՝ մուտքի կոդերը ԱԴԾ-ին հայտնելու համար:
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը բազմիցս է հայտարարել, որ հավելվածը արգելափակելու սպառնալիքները որևէ արդյունք չեն տա, և ընկերությունը կշարունակի պայքարել հանուն անձնական նամակագրության ազատության ու գաղտնիության:
Telegram-ի դեմ ներկայացված հայցերը է՛լ ավելի են խորացրել մտահոգությունները, որ նախագահ Վլադիմիր Պուտիի վերջին վերընտրությունից հետո Ռուսաստանը մտադիր է խստացնել վերահսկողությունը նաև վիրտուալ տարածքում: