Սկրիպալի սկանդալում Հայաստանը Արևմուտքի դեմ դուրս եկավ․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը վստահ է՝ Հայաստանը վնասներ կկրի Սկրիպալների գործում Ռուսաստանի դիրքորոշումը պաշտպանելու համար։ Նրա համոզմամբ, այդ վնասները երկար չեն սպասեցնի։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահն «Ազատության» հետ զրույցում հայտարարեց՝ Հայաստանը դեմ դուրս եկավ այն պետության լոգիկային, ով հսկայական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին։

Հարցին, թե Հայաստանն ունե՞ր այլընտրանք՝ չստորագրելու այս հայտարարության տակ, չմիանալու մի ակումբի, որտեղ, ինչպես ընդունված է ասել, «իզգոյ» երկրներ կան, Գրիգորյանը պատասխանեց. - «Ուժեղ է կախվածությունը Ռուսաստանից, ուրեմն միշտ էլ ցանկացած այս ձևի որոշումների ժամանակ մեզ մոտ կառաջանան լուրջ կասկածներ, որ մեր իշխանություններն ուղղակի ազատ ընտրություն չէին կարող կատարել։ Կա՛մ ճնշման, կա՛մ ուղղակի առաջարկեց Կրեմլը՝ «եկեք միացեք, դուք տարբերակ չունեք»։ Դա առաջինը չէ, հիշում եք մեր քվեարկությունը ՄԱԿ-ում՝ Ղրիմի հարցի հետ կապված, կապված Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ, որպես կանոն ռուսական դիրքորոշումն ենք պահպանում։ Նույնիսկ մենք ասում ենք իշխանություններին՝ «լավ, հասկացանք, Ռուսաստանի հետ իրոք ռազմավարական պարտնյոր եք, բայց գոնե առանձին դեպքերում ձեռնպահ լինեք, կամ դահլիճում չլինեք», օրինակ՝ այս քվեարկության ժամանակ երեք պետություն չմասնակցեց»։

Դիտարկմանը, թե ՄԱԿ-ում Հայաստանի պրո-ռուսական քվեարկությունները հիմնականում անհետևանք մնացին Հայաստանի համար, և հարցին, թե այս դեպքում կարո՞ղ է հետևանք լինել, որովհետև Արևմուտքը շատ կոշտ է տրամադրված այս հարցում՝ հայտարարելով, որ Երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ Եվրոպայի տարածքում քիմիական զենք է գործածվում, Գրիգորյանը պատասխանեց. - «Այստեղ 14 պետություններն են, ովքեր աջակցեցին Ռուսաստանի հայտարարությանը, էս երկրների մեջ մտնում են Պակիստան, Ադրբեջան։ Ես, ճիշտն ասած, զարմացած եմ, որ մենք Պակիստանի հետ միասին պետք է ժողովրդավարական աշխարհի դեմ դուրս գանք։ Ղարաբաղի հարցով իրենք ասում են՝ «եթե բան լինի, մենք կգանք, կպատերազմենք Ադրբեջանի հետ», պաշտոնական մակարդակով, պատկերացնո՞ւմ եք՝ մենք այդ երկրների հետ Ամերիկայի դեմ ենք դուրս եկել։ Ես չեմ խոսում այլ երկրների մասին՝ չգիտեմ Սուդանն էր, թե ով էր։ Ռուսաստանը, հա, թվաքանակ էր ապահովում, բայց այդ թվաքանակը մեծ չստացվեց, մենք ուշադրության կենտրոնում կլինենք։ Ես կհասկանամ վաղը, որ եվրոպական երկրները, որոնք մեզ լուրջ աջակցություն են տալիս, շատերը մտածում են, Եվրամիության մասին եմ խոսում, ոչ, ոչ միայն Եվրամիությունը որպես կառույց, առանձին պետություններ՝ լրջագույն, կարող եմ ասել, որ Մեծ Բրիտանիան հսկա աջակցություն է տալիս մեր պառմալենտին, հսկա փողեր են, ու այսօր մենք իրենց դեմ ու ամենակարևորն՝ իրենց լոգիկայի դեմ դուրս եկանք, դա, այո՛, կարող է բերել նրան, որ ավելի ուշադիր լինեն մեր նկատմամբ և, այո՛, կրճատեն աջակցությունը Հայաստանին»։

Քաղաքագետի խոսքով՝ այս ամենի դիմաց, դժբախտաբար, Հայաստանը Ռուսաստանից օգուտ չի ստանում։ «Դուք կարող եք ասել՝ «դե ի՞նչ անեն, կախվածության մեջ են», և այլն, բայց դժբախտությունը գիտե՞ք ինչումն է՝ Ռուսաստանից բան չենք ստանում, չունենք օգուտ, ուղիղ հակառակը՝ վատանում է, վատանում է։ Հիմա գնացեք, գոնե մի բան վերցրեք։ Մի քիչ պրիմիտիվ Ձեզ ներկայացնեմ՝ թող մի հատ «Իսկանդեր» էլ նվեր տան՝ առանց փողի տան, բայց գիտեք, թե Հայաստանն ինչ մեծ գործ հիմա արեց Ռուսաստանի համար, դե գոնե գնացեք մի բան վերցրեք Հայաստանի համար», - ասաց քաղաքագետն՝ ընդգծելով. - «Հայաստանը, դժբախտաբար, վնասներ կկրի, և այդ վնասները երկար սպասել չեն տա»։

Հիշեցնենք՝ ապրիլի 4-ին Հայաստանը միացավ 13 այլ` հիմնականում նախկին Խորհրդային Միության երկրներին և, դեմ գնալով Արևմուտքին, պաշտպանեց Ռուսաստանի դիրքորոշումը նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման հարցում:

66-ամյա Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ 33-ամյա Յուլիային մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերել են բրիտանական Սոլսբերի քաղաքում նստարանին, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց: Նրանց թունավորման համար Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին:

Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և երկու տասնյակ այլ երկրներ այս դեպքի հետ կապված ավելի քան 150 ռուսաստանցի դիվանագետների արտաքսեցին, ինչին Ռուսաստանը նույն կերպ պատասխանեց:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.