«Արսենալ»-ը խոշոր՝ 4:1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի գավաթը, արխիվ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը հինգշաբթի ուշ երեկոյան սեփական հարկի տակ խոշոր՝ 4:1 հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին և մեկ շաբաթից կայանալիք պատասխան հանդիպումից առաջ լավ հնարավորություն ստացավ դուրս գալու կիսաեզրափակիչ:

Դաշտի տերերից երկուական գոլի հեղինակ դարձան Ալեքսանդր Լակազեթը և Աարոն Ռամսին, հյուրերի միակ գնդակը խփեց Ալեքսանդր Գոլովինը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն երկրորդ խաղակեսում վնասվածք ստացավ, և 61-րդ րոպեին նրան խաղադաշտում փոխարինեց Ալեքս Իվոբին:

Սա լոնդոնյան ակումբի հինգերորդ անընդմեջ հաղթանակն է անհաջողությունների շրջանից հետո:

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում Հռոմի «Լացիո»-ն 4:2 հաշվով առավելության հասավ ավստրիական «Զալցբուրգ»-ի, Մադրիդի «Ատլետիկո»-ն 2:0 հաշվով՝ Լիսաբոնի «Սպորտինգ»-ի, գերմանական «Լայպցիգ»-ը 1:0 հաշվով՝ ֆրանսիական «Մարսել»-ի նկատմամբ: