Հայաստանը ոչ թե պաշտպանում է Ռուսաստանին, այլ կողմ է, որպեսզի ռուսաստանյան ռազմական հետախուզության պաշտոնաթող գնդապետ և Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում մեկ ամիս առաջ թունավորված Սերգեյ Սկրիպալի հետ տեղի ունեցածը «մինչև վերջ բացահայտվի», այսօր պատասխանելով «Ազատության» հարցին ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Հայաստանը այն 14 երկրների շարքում է, որոնք Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունում համատեղ հայտարարությամբ երեկ պաշտպանել են ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հանգամանքներն ուսումնասիրելու համար նոր հետաքննություն անցկացնելու՝ Ռուսաստանի առաջարկը, որը նախատեսում է հետաքննության գործում ներառել նաև ռուսաստանցի փորձագետների: Պաշտոնական Երևանի հետ միասին Կրեմլին սատարող հայտարարությանը միացել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բելառուսը, Ղազախստանը, Ադրբեջանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Սիրիան, Իրանը, Վենեսուելան, Պակիստանը, Նիկարագուան, Կուբան և այլն: Կազմակերպությունում քվեարկությամբ մերժվել է Մոսկվայի այդ առաջարկը:
«Խնդիրը նրանում չի կայանում, որ մենք որևէ մեկին պաշտպանում ենք, խնդիրը նա է, որ տվյալ փուլում պետք է ձեռնպահ մնալ որևէ դատողությունից, գնահատականից, գործողությունից, քանի չկա երեք հարցի պատասխան: Որո՞նք են այդ հարցերը՝ որտեղ է արտադրվել այդ քիմիական զենքը, ծագումը պարզել, երկրորդը՝ ո՞վ է իրականացրել, երրորդ՝ ո՞ւմ պատվերով: Մենք հույս ունենք, որ հնարավորության չափ այդ հարցերը կճշտվեն, որից հետո արդեն կարելի է և՛ դատողություններ անել, և՛ քայլեր ձեռնարկել», - պարզաբանեց Քոչարյանը։ - «Մենք չենք պաշտպանում Ռուսաստանին, մենք կողմ ենք, որպեսզի մինչև վերջ բացահայտվի»:
«Ազատության» հարցին՝ Հայաստանի երեկվա հայտարարությունից հետո արդյո՞ք Արևմտյան դիրքորոշումը պաշտպանող երկրների հետ ինչ-որ խնդիրներ, բարդություններ առաջացե՞լ են, փոխարտգործնախարարը պատասխանեց․ - «Ես չեմ կարծում, որ բարդություն կարող է ունենալ այն երկիրը, որը ցանկանում է, որ պարզվի ճշմարտությունը»:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի խոսքով, Արևմուտք-Ռուսաստան վերստին սրված հարաբերություններում եկել է պահը, երբ փոքր երկրները պետք է ընտրություն կատարեն և Հայաստանի իշխանությունները կարծես թե կատարել են այդ ընտրությունը: Վերլուծաբանի գնահատմամբ, այս անգամ պաշտոնական Երևանի ռուսամետ դիրքորոշումը կարող է ազդել արևմտյան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վրա․ - «Ղրիմի հարցում Արևմուտքը հստակ դիրքորոշում ունի Ռուսաստանի նկատմամբ բացասական, բայց գիտեք՝ դա Ղրիմում էր, դա Արևմուտքի տարածքում չէր: Հիմա Սկրիպալի գործը՝ այդ հարձակումը Արևմուտքի վրա, կատարվեց Արևմուտքի տարածքում: Իրենք դա շատ ավելի ցավոտ են ընկալելու ու ես չեմ բացառում, որ կազդի Հայաստան – Արևմուտք հարաբերությունների վրա»:
Երկու օր առաջ Թուրքիայի մայրաքաղաքում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո սա Պուտինի առաջին արտերկրյա պաշտոնական այցն էր: Վերջին 18 ամիսների ընթացքում Պուտին ու Էրդողանն արդեն 9-րդ անգամ էին հանդիպում, որի արդյունքում որոշվեց արագացնել ռուսաստանյան՝ С-400 պաշտպանական համակարգերի մատակարարումը Թուրքիային, Պուտինը մասնակցեց ռուսների կողմից կառուցվելիք՝ Թուրքիայի առաջին ատոմակայանի հիմնարկեքին:
«Ամեն պետություն ելնում է իր շահերից: Տվյալ պարագայում ավելի շատ է միտումը, որ Թուրքիայի և Ռուսաստանի շահերը համընկնում են, և մենք պետք է դա հաշվի առնենք ու ուշի-ուշով հետևենք», - այս առնչությամբ մեկնաբանեց Շավարշ Քոչարյանը:
«Ազատության» հարցին, թե դա ի՞նչ անդրադարձ կունենա Հայաստանի ազգային անվտանգության վրա, արտգործնախարարի տեղակալը պատասխանեց․ - «Եկեք շատ առաջ չգնանք, դա առաջին անգամ չէ, մենք հիշում ենք ինչ մեղրամիս եղավ, որից հետո ինչպես հայտարարեց Ռուսաստանի նախագահը՝ մեջքից դանակով խփեցին: Այնպես որ, դա սինուսոիդի պես գնացող գործընթաց է, կան և՛ հակասություններ, կան պահեր երբ որ կա մերձեցում։ Իհարկե, մենք այդ բոլորին ուշի-ուշով հետևում ենք և մեր եզրակացությունները անում ենք»: