Իր նախագահության երկրորդ ժամկետի ավարտից օրեր առաջ Սերժ Սարգսյանը դարձյալ խոսում է հեռահար ռազմավարական նպատակների և դրանց հասնելու միջոցների մասին: 2040 թվականին 4 միլիոնանոց Հայաստան ունենալու համար, Սերժ Սարգսյանի խոսքով, պետք է գծագրեն մինչ 2030 թվականը կյանքի կոչվելիք ծրագրերը:
Յուրաքանչյուր քաղաքացու համար տեսանելի տնտեսական աճ, կրթությանն ու առողջապահությանը հատկացվող գումարների զգալի աճ, գործազրկության ու աղքատության կրճատում, ընդգծում է Սարգսյանը:
«Մենք մեզ վրա պարտավորություն ենք վերցրել, և ծրագրում պետք է ներառված լինի մինչև 2030 թվականը մի քանի հարյուր հազար աշխատատեղերի ստեղծում, որոնք կապահովեն բարձր աշխատավարձ: Ծրագրում հատկապես պետք է ներառված լինի երիտասարդների շրջանում գործազրկությունը եթե չասեմ զրոյի հասցնելու, համենայնդեպս, զգալիորեն կրճատելու հարցը: Նոր աշխատատեղերի ստեղծմամբ և եղած աշխատավարձը բարձրացնելու միջոցով մենք պիտի հասնենք աղքատության էական նվազման»,- նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նախանշել է նաև տնտեսության ոլորտում իրականացվելիք ծրագրեր, մասնավորապես, հարկային բարեփոխումները: 5 տոկոս և ավելի տնտեսական աճ ունենալու, արտահանումը զարգացնելու և մրցունակ դարձնելու համար, Սարգսյանի խոսքով՝ հարկային բեռն ուղղակիից անուղղակի հարկերի վրա պետք է տեղափոխվի, նվազագույն աշխատավարձը պետք է բարձրացվի, ստվերը պետք է կրճատվի:
«Մենք շատ ավելի կարճ ժամկետում և ոչ մինչև 2030 թվականը, պետք է հասնենք ստվերի էական կրճատման և փաստաթղթաշրջանառության ներդրման, առանց որի մենք չենք կարողանալու մեր հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարելավել, ինչն ուղղակի պարտադիր է բյուջետային ծախսեր կատարելու համար»,- ասել Սերժ Սարգսյանը, շեշտելով՝ 2030 թվականի ռազմավարությունը պետք է տեսանելի լինի ժողովրդի համար:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, մինչդեռ, հիշեցնում է՝ մինչ այժմ գրված ռազմավարական ծրագրերում նախանշված թվերն ու նպատակները հիմնականում մնացել են թղթի վրա: Առհասարակ, տնտեսագետի խոսքով՝ զարգացման այն մոդելը, որը Հայաստանում գործել է վերջին տարիներին, իրեն ամբողջությամբ սպառել է, և երկիրը դրանով առաջնորդվել այլևս չի կարող:
Ըստ Վահագն Խաչատրյանի, նախագահ Սերժ Սարսգսյանին այս ուղերձը ներկա փուլում անհրաժեշտ էր․ իշխանությունն, ի վերջո, պետք է ներկայացներ իր տեսլականն առաջիկա տասնամյակի համար: Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյանը տնտեսական մոդելի որոշակի փոփոխություն է առաջարկում, խոսում է ստվերը կրճատելու և վստահության մակարդակը բարձրացնելու մասին: Խաչատրյանի խոսքով, պարզ է մի բան՝ Հայաստանի տնտեսությունն այնպիսի վիճակում է, որ այլևս ո՛չ իշխանություններին է բավարարում, ո՛չ ժողովրդին: Այդուհանդերձ, նա շեշտում է՝ մեր խնդիրները ոչ թե տնտեսական, այլ քաղաքական դաշտում են, քաղաքական ու տնտեսական մենաշնորհները վերացնելու՝ իշխանության կամքի բացակայության մեջ:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես և 2008 թ․ իր նախագահության մեկնարկին, այժմ էլ իշխանության նոր փուլը սկսում է մեգանախագծերի մասին բարձրաձայնելով։ Սակայն նախկինում խոստացված խոշոր նախագծերը՝ Իրան-Հայաստան երկաթուղի, նոր ատոմակայան, Համահայկական բանկ և այլն, այդպես էլ չիրականացվեցին և մոռացության մատնվեցին իշխանությունների կողմից:
Խոսքի և գործի այսպիսի հետևողական հակադրությունը կարող է հանրության մոտ անլուրջ վերաբերմունք և վստահության պակաս առաջացնել, ասում է վերլուծաբանը: Հակոբ Բադալյանը նաև նկատում է՝ նախագահի այս ելույթը ոչ միայն ժողովրդի ապագայի վերաբերյալ հուսադրող ուղերձներ տալու նպատակ ուներ, այլև հասցեագրված էր իշխանության որոշակի շրջանակների: «Կարծում եմ՝ ամենի ինչ չէ, որ զուտ թատրոն ու ձևականություն է: Ի վերջո, իշխանությունն ինքն էլ հասկանում է, որ ճգնաժամն արդեն հենց իրեն է սպառնում, և փոխվելու անհրաժեշտությունն իշխանության համար արդեն կենսական է, դա արդեն ինքապաշտպանական անհրաժեշտություն է»,- ասում է Բադալյանը: