ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները պահանջում են արդար դատաքննություն

Մի խումբ երիտասարդներ և ԼԳԲՏ համայնքի իրավապաշտպաններ այսօր «Ատելությունը սպանում է», «Պահանջում ենք արդար դատաքննություն» և նման բովանդակությամբ այլ պաստառներով Գլխավոր դատախազության շենքի առջև բողոքի ակցիա անցկացրեցին՝ մտահոգություն հայտնելով, որ Հայաստանում սեռական կողմնորոշմամբ պայմանավորված ատելության հիմքով հանցագործությունների պարագայում իրավապահներն արդյունավետ քննություն չեն իրականացնում։

«Վերջերս դեպքեր են տեղի ունենում, երբ որ ատելության հիմքով են հանցագործությունները կատարվում: Օրինակ, որոշ ժամանակ առաջ, երբ որ տրանսգենդեր անձի ծեծեցին և տունը այրեցին, դրանից հետո ոստիկանությունը բռնարարին ազատ արձակեց ստորագրությունով: Մի քանի օր առաջ անչափահաս պատանին ընկերների հետ ուղղակի խաղում էր այգում, զուտ նրան նույնականացնելով՝ որ եթե էդ այգում ա, ուրեմն կարող ա նույնասեռական լինի, 35 տարեկան տղամարդը դանակահարել ա», - ասաց «Փինկ Արմենիա» կազմակերպության գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը:

Նա կարծում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած այդ երկու աղմկահարույց հացագործությունները հենց ատելության հիմքով են եղել. - «Ինքս շփվելով այդ համակարգի հետ, երբեմն նրանց հոմոֆոբ վերաբերմունքից, նրանց կատարած արտահայտություններից, հասկանում եմ, որ իրենց այդ հոմոֆոբ վերաբերմունքը դրսևորվում է նաև էդ ձևով՝ ազատ արձակելով նրանց, ովքեր որ էս հիմքով հանցագործություններ են իրականացնում կամ ավելի մեղմ մոտեցում ունենալով»:

Ապրիլի 1-ի երեկոյան Երևանի կենտրոնում «Կոնգրես» հյուրանոցից ոչ հեռու, Կոմայգու տարածքում անծանոթ տղամարդը դանակահարել է 15-ամյա մի տղայի, որն այնտեղ է եղել ընկերների հետ: Ըստ մամուլի հրապարակումների, դանակահարողը նրան թիրախավորել է՝ կարծելով, թե պատանին միասեռական է։

Սակայն 15-ամյա Վան Բաղրամյանի ներկայացուցիչ Հասմիկ Պետրոսյանի խոսքով՝ հանգամանքները դեռ ճշտվում են:

Այնուամենայնիվ, անկախ դանակահարողի դրդապատճառից, փաստաբանն անթույլատրելի է համարում նրան տորագրությամբ ազատ արձակելը․ - «Տղան և իր ընկերները, ովքեր ներկա են եղել դեպքի վայրում, շարունակում են վախի մեջ ապրել․․․ որովհետև իրենք էլ չեն հասկացել, թե ինչի համար ա էդ դեպքը տեղի ունեցել: Անընդհատ այդ անչափահաս երեխաները շարունակում են վախի մթնոլորտում ապրել, որովհետև էդ մարդը ազատության մեջ ա»:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ ապրիլի 1-ի դանակահարության գործով հետաքննությունը ավարտվել է, հարուցվել է քրեական գործ թեթև մարմնական վնասվածքի պատճառելու հոդվածով: Նախաքննությունը կիրականցնի Քննչական կոմիտեն։

Ոստիկանութունից նաև կտրականապես հերքում են, թե իրենք են լրատվամիջոցներին հայտնել, որ տղային դանակահարել են՝ կարծելով թե ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է։

Սակայն հարձակման ենթարկված պատանու մայրը՝ Հասմիկ Բաղրամյանը մտավախություն ունի, թե իրավապահները դիտավորյալ են շրջանառության մեջ դրել հատկապես այդ վարկածը, որպեսզի հասարակությունն արդարացնի հարձակվողին ստորագրությամբ ազատ արձակելը։

Մինչդեռ, ինչպես Վանի ծնողները տեղեկացել են հետաքննիչից, ութ հոգանոց խմբից թիրախավորել են Վանին՝ հավանաբար նրա կրած զինվորական հագուստի պատճառով. - «Միլիցայությունում ասել են, որ թիրախավորել է, որովհետև երեխան հագել էր զինվորականի շոր: Երեխաները, որ իրա հետ են եղել, նույն բանն են ասում՝ որ մենք էդ մարդուն նույնիսկ չհասցրեցինք տեսնել, քանի որ հետևից ա հարվածել»:

15-ամյա Վանի առողջությանն այլևս վտանգ չի սպառնում: Բայց, մոր փոխանցմամբ, նրան թիկունքից հարվածել են հատկապես սրտի և լյարդի շրջանում, ինչը ծնողներին թույլ է տալիս կասկածներ ունենալ, որ 35-ամյա անծանոթը ցանկացել է սպանել տղային։

Հասմիկ Բաղրամյանն ավելի քան անթույլատրելի է համարում նման բռնարարին ստորագրությամբ ազատ արձակելը. - «Ինձ թվում ա, ոչ միայն իմ, այլև բոլոր խելքը գլխին մարդկանց, մանավանդ ծնողների համար դա բացարձակ վտանգ ա: Եթե ինչ-որ մի մոլագար հիմա ազատ ա բաց թողնված, մարդ, որն ի վիճակի ա խփի երեխային․․․ ինքը ազատության մեջ ա: Ինչի՞ մասին ա խոսքը: Մոլորակի մեջ մեկին գտեք, ով որ դրա վրա նորմալ կնայի»: