«Սերժ Սարգսյանը, հայրենասիրությունից դրդված, չի կարող խիղճը հանգիստ գնալ և նստել տանը»․ Ալիկ Սարգսյան

Նախկին ոստիկանապետ, այժմ իշխող Հանրապետականի պատգամավոր Ալիկ Սարգսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին և նրա համախոհներին խորհուրդ չի տալիս այնպիսի մեթոդների դիմել, որոնք կխաթարեն երկրի անդորրը:

Սարգսյանն, ով 2008-ի մարտիմեկյան արյունալի իրադարձություններից մի քանի ամիս անց նշանակվեց ոստիկանապետի պաշտոնում, շեշտում է՝ եթե խախտվի հասարակական կարգը, իրավապահները համապատասխան միջամտություն են ցուցաբերելու:

Ամեն դեպքում, նախկին ոստիկանապետը կարծում է, որ բախումներ փողոցում չեն լինելու, քանի որ ժողովուրդը ճիշտ որոշում է կայացնելու և հազարներով փողոց դուրս չի գալու:

Սարգսյան. - Ոչ թե որպես նախկին ոստիկանապետ, այլ որպես մարդ՝ հայ մարդ, խորհուրդ չէի տա այլ մեթոդների դիմել, որոնք անպայման խանգարելու են, խաթարելու են երկրի անդորրը։ Օրենքով սահմանված կարգով, եթե ցույցերը, երթերը, տարբեր միջոցառումները, որոնք վերաբերվելու են ընդդիմության էս ամբողջ գործընթացին, կխնդրեի թող օրենքի սահմաններից դուրս չգա։ Եթե դրանք դուրս կգան այն աստիճան, որ կխախտեն հասարակական կարգը, կխախտեն այլոց իրավունքներն, ովքեր այս քաղաքում ապրում են, այս երկրում ապրում են, բնականաբար օրգանները համապատասխան միջամտություն ցուցաբերելու են։ Նույն Ազգային ժողովը շրջապատելը, ազդել պատգամավորների վրա, արդեն մեր իրավունքներին դեմ է։ Ազգային ժողովի բնականոն աշխատանքը կարող է խանգարվել, խաթարվել, որի կապակցությամբ նույն Ազգային ժողովը կդիմի, որպեսզի գան, շենքի տարածքը մաքրեն, թույլ չտան մարդիկ ինքնագործունեությամբ զբաղվեն և ստիպեն ուրիշներին, մանավանդ խոսքը վերաբերվում է փոքրամասնությանը։

«Ազատություն. - Դուք բացառո՞ւմ են, որ 100 հազար մարդ հնարավոր է հավաքվի։

«Ազատություն». - Ես բացառում եմ։ Մեր երկրում նույն 100 հազար մարդ ընդդիմության հետևից չի գնալու այսօր։ Մարդիկ այլ սպասումներ ունեն։ Նույն իրենց դաշինքի ներսում էլ նույնիսկ երկու կուսակցությունները, որոնք «Ելք» դաշինքն են համալրում, նրանք էլ հաշվարկեցին, տեսան էս պայքարն ինչ արդյունք կարող է ունենալ։ Էս պայքարը կլինի անպտուղ, որովհետև չի կանգնի, ժողովուրդը չի ընդունի։

«Ազատություն». - Կարո՞ղ ենք այսօր բացառել, որ լուրջ բախումներ կարող են լինել, երկու կողմերն էլ կգտնե՞ն այդ ժանապարհը, որպեսզի զարգացումներն այդ ուղով չգնան։

Սարգսյան. - Ես կարծում եմ, որ չենք տեսնելու մենք էդպիսի բախումներ։ Մեր ժողովուրդն այն աստիճանի ինքնագիտակցություն ունի, որ կարևորն ու անկարևորը տարանջատում է իրարից և ճիշտ որոշում է կայացնում։ Էս թիվն, ինչ-որ նախատեսել են, որ պետք է դուրս գան փողոց պայքարի, ժողովուրդը դրա տրամադրությունը չունի, թող հանգստանան։

«Ազատություն». - Արդեն Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց պայքարը մերկ ձեռքերի պայքար է և անգամ, եթե իրենց նկատմամբ բռնություններ լինեն, իրենք բռնությանը բռնությամբ չեն պատասխանելու։ Իրավապահների կողմից կլինի՞ այդ զսպվածությունը, օրենքի շրջանակներում գործելու մոտեցումը, որպեսզի իսկապես լուրջ հետևանքներ չլինեն։

Սարգսյան. - Նույն ուժային կառույցներն այնքան են թրծվել այս տարիների ընթացքում, չեմ կարծում, որ նրանք մի այնպիսի սխալ թույլ տան, որ դառնան քավության նոխազ, կամ քննադատության առարկա։

«Շատ պետք է էդ մարդը մեր ազգին»

Անդրադառնալով ապրիլի 9-ից հետո Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու Նիկոլ Փաշինյանի մտադրությանը՝ իշխող Հանրապետականի պատգամավորը շեշտում է՝ ճիշտ չէ Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների պարագայում այդքան փորձառություն ունեցող Սերժ Սարգսյանին ճանապարհել տուն, ավելին՝ Սերժ Սարգսյանն ինքը հայրենասիրությունից դրդված չի կարող խիղճը հանգիստ գնալ և տանը նստել:

Սարգսյան. - Ի՞նչ կարծիքի եք, Սերժ Սարգսյանին ճանապարհենք տուն, էս ճանապարհն անցած, էս փորձառությունն ունեցող մարդուն, որն էսօր մեզ շատ պետք է, շատ պետք է էդ մարդը մեր ազգին, մեր պետականության խնդիրները լուծելիս, նրան ուղղակի ուղարկել տո՞ւն, երիտասարդ մեկին բերե՞լ։ Ընդունենք օտար լեզու գիտի երիտասարդը մի քանի և այլն, և էս ամեն ինչը չունենալով ասել՝ «հիմա արի Հայաստանը ներկայացրու և դառի մեր գերագույն գլխավոր հրամանատարը»։ Ես չեմ կարծում, թե դա ճիշտ է։ Հավատացնում եմ Ձեզ՝ Սերժ Սարգսյանը չի կարող էս վիճակում խիղճը հանգիստ գնալ, նստել տանը և կողքից դիտորդի կարգավիճակում նայել, թե երկրում ինչ է կատարվում, թե էս խնդիրներն ինչպես են լուծվելու։ Նա, կարծում եմ, այնքան հայրենասիրություն ունի, որ էս պահին չի ուզենա դրսում մնա։

«Ազատություն». - Ձեզ փաստեր են ներկայացնում, պարոն Սարգսյան, Սերժ Սարգսյանի ղեկավարման օրոք ավելի քան 300 հազար մարդ Հայաստանից արտագաղթել է, աղքատությունն է աճել, գործազկությունն է աճել, պետական պարտքը հասել է մոտավորապես արդեն 7 միլիարդի։

Սարգսյան. - Իսկ ո՞վ պետք է լիներ Սերժ Սարգսյանի տեղը, որ էս արտագաղթը չլիներ, երբ որ մենք նման մարտահրավերների առաջ ենք կանգնած եղել վերջին տարիներին։ Հիմա, եթե մեկը չի ուզում, որ երեխան բանակում ծառայի, ընտանիքով գնում է, Դուք մեղքը գտնում եք հենց Սերժ Սարգսյանի մոտ։

«Ազատություն». - Բա ո՞ւմն է մեղքը։

Սարգսյան. - Եթե Սերժ Սարգսյանը չլիներ, Պողոս Պողոսյանը լիներ, էս երևույթն ի՞նչ կերպ էր լուծվելու, կբացատրե՞ք։

«էս վախեցած վիճակն ինչ-որ բանի լավ նախասկիզբ է»

Ի դեպ, նախկին ոստիկանապետը կարծում է, որ երկիրը իր բնականոն ուղով է ընթանում, ունենք տնտեսական աճ, ներդրումներ են նախատեսվում, ևս մեկ-երկու տարի և, Ալիկ Սարգսյանի համոզմամբ, բոլոր խնդիրները կդառնան հիշողություն։

Ավելին, Սարգսյանի փոխանցմամբ, այսօր Հայաստանում կոռուպցիայի դեմ այնպիսի ուժգին պայքար է սկսվել, որ պաշտոնյաների շրջանում պարզապես խուճապ է, և այդ վախեցած վիճակը լավ նախասկիզբ է։

Սարգսյան. - Օրական ձերբակալումներ, կալանավորումներ տարբեր պետական պաշտոնյաների, էդ ալիքն արդեն այն աստիճան է բարձրացել, որ արդեն հասնում է ամենավերևի ատյաններում, որ մարդիկ խուճապի մեջ են։

«Ազատություն». - Հայաստանո՞ւմ։

Սարգսյան. - Նույն Հայաստանում, մարդիկ բոլորը խուճապի մեջ են, որ բոլորին բռնում են, պետական պաշտոնյաներին, միգուցե դա ինչ-որ լավ սկիզբ է։

«Ազատություն». - Դուք կարծում եք նման խուճապ կա՞ այսօր պաշտոնյաների շրջանում։

Սարգսյան. - Իհարկե խուճապ կա, բոլոր պաշտոնյաները հիմա շատ ձգված են, շատ զգույշ են։ Ես չակերտները շատ չբացեմ, բայց շփվում եմ մարդկանց հետ, բոլորի մոտ այն տպավորությունն է, որ «ով կասի էսօր, որ պաշտոնը լավ բան է, բան չի հասկանում, թող իրենք գան աշխատեն, իմ ինչին է պետք, թքած»։ Այսօր մարդկանց նույնիսկ պաշտոններ են առաջարկում, հրաժարվողներ կան, իմացեք, էդ պետական պաշտոնն արդեն չի հրապուրում, սա էն տեղը չի, որ պետական մի տեղից պետք է սնվել։ Մարդիկ տեսնում են, որ էդ սնունդը շատ վտանգավոր է և թունոտ, մի օր կարող է բկներին կանգնի, ու էս վախեցած վիճակն ինչ-որ բանի լավ նախասկիզբ է։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.