Վարչապետը հանձնարարել է խստացնել վերահսկողությունը հանրային սննդի օբյեկտներում

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է արտակարգ իրավիճակների նախարարին երկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ՝ արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման, ինչպես նաև թերությունների հայտնաբերման ուղղությամբ։

«Երեք օր առաջ Երևանի կենտրոնում տեղակայված հանրային սննդի օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժեց 8 մարդ։ Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, ինչպես նաև գործադիր մարմիններն ըստ ցուցումների կատարում են անհրաժեշտ աշխատանքները։ Միաժամանակ նշված դեպքը հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների նկատմամբ պետական հսկողության խստացման հիմք է հանդիսանում», - ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, կառավարության նիստի ժամանակ ասել է Կարեն Կարապետյանը։

Կառավարության ղեկավարը հանձնարարել է խախտումների արձանագրման դեպքերում սահմանել սեղմ ժամկետներ՝ խնդիրները վերացնելու, իսկ դրանք չկատարելու դեպքում՝ կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ։

Համապատասխան կազմակերպություններում աշխատանքի անվտանգության ապահովման հարցերով վարչապետն առաջարկել է ներգրավել նաև առողջապահական տեսչական մարմնին։

Կարեն Կարապետյանն առաջարկել է նաև գործարար միջավայրի ներկայացուցիչներին, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող կազմակերպությունների ղեկավարներին՝ սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև համագործակցելով արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ, միջոցներ ձեռնարկել հնարավոր խնդիրների վերհանման և վերացման ուղղությամբ՝ բարձրացնելով համապատասխան օբյեկտներում տեխնիկական անվտանգության պայմանները։

Արտակարգ իրավիճակների և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարվել է նաև երկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողական մեխանիզմների կատարելագործման, ոչ ամբողջական օրենսդրական կարգավորումների հստակեցման, ԵՏՄ շրջանակներում ընդունված տեխնիկական կանոնակարգերի ներդրման, ինչպես նաև գործնականում առկա այլ խնդիրների վերացմանն ուղղված առաջարկություններ։

Դիմելով արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին՝ վարչապետը նշել է. - «Ուշադիր կլինեք, որպեսզի այս հանձնարարականի հետևանքով ադմինիստրատիվ խնդիրներ ու լիազորությունների ոչ ճիշտ ընկալում ու կիրառում չունենանք»: