Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ «աններելի սխալ» կլինի Իսրայելի հետ բանակցելը:
Խամենեիի հայտարարությունը հաջորդում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի խոսքերին, ով առաջին անգամ ասել էր, թե իսրայելցիները իրավունք ունեն խաղաղ ապրել սեփական տարածքում:
Թեպետ Իրանի գերագույն առաջնորդը իր ելույթում չի հիշատակել արքայազն Մուհամեդ բին Սալմանի հայտարարությունը, այդուհանդերձ, հստակեցրել է, որ Թեհրանը հակադրվում է վերջին շրջանում Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև կապերի ակնհայտ ջերմացմանը:
«Իսրայելի ստախոս և ճնշող ռեժիմի հետ բանակցության գնալը մեծ սխալ կլինի և ետ կմղի պաղեստինցիների հաղթանակը», - ասել է Ալի Խամենեին՝ ավելացնելով, որ բոլոր մահմեդականների հոգևոր պարտքն է աջակցել Պաղեստինի դիմադրության շարժմանը:
Վերլուծաբանները երկու վաղեմի թշնամիների հարաբերությունների ջերմացումը պայմանավորում են նրանով, որ թե՛ Իսրայելը և թե՛ Սաուդյան Արաբիան վտանգներ են զգում Իրանից: