Միացյալ Նահանգների 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը Դոնալդ Թրամփի փաստաբաններին ասել է, թե ԱՄՆ նախագահն այս պահին հետաքննության «թիրախ» չէ: The Washington Post-ի և Associated Press-ի փոխանցմամբ՝ դա նշանակում է, որ ներկայումս Թրամփի նկատմամբ քրեական մեղադրանք չի առաջադրվի:
Այդուհանդերձ, ամերիկյան մամուլը նշում է, որ Թրամփը շարունակում է մնալ իր նախընտրական թիմի և Ռուսաստանի միջև կապերի հետաքննությունը խոչընդոտելու հնարավոր ջանքերի՝ Մյուլերի քննության «առարկա», ինչը նշանակում է, որ նրա վարքը հետաքրքրություն է ներկայացնում քննիչների համար, սակայն դատախազները վստահ չեն, թե հավաքել են բավարար ապացույցներ մեղադրանք առաջադրելու համար:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մյուլերը Թրամփի փաստաբաններին նաև հայտնել է, որ զեկույց է պատրաստում նախագահի գործողությունների վերաբերյալ: Ըստ The Washington Post-ի, Մյուլերը փորձում է հարցազրույց վերցնել ԱՄՆ նախագահից՝ «հասկանալու՝ արդյո՞ք նա կոռումպացված մտադրություն ունի խափանելու Ռուսաստանի հարցով հետաքննությունը»: