Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը մերժել է ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հանգամանքներն ուսումնասիրելու համար նոր համատեղ հետաքննություն անցկացնելու Ռուսաստանի առաջարկը:
Reuters լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն՝ երեկ կազմակերպության փակ նիստի ժամանակ Ռուսաստանին աջակցել են Չինաստանը, Ադրբեջանը, Սուդանը, Ալժիրն ու Իրանը, 17 անդամ երկրներ ձեռնպահ են մնացել:
Մոսկվան, որին Մեծ Բրիտանիայի կառավարությունը մեղադրում է հարձակման համար, փորձում էր ներգրավվել Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության նոր հետաքննությունում:
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան ևս անդրադարձել է Սկրիպալների թունավորման գործին՝ կոչ անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բաց հանդիպում կազմակերպել: ՄԱԿ-ում Քուվեյթի դեսպանը ասել է, որ հանդիպումը նախատեսված է այսօր:
66-ամյա Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ 33-ամյա Յուլիային մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերել են բրիտանական Սոլսբերի քաղաքում նստարանին, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց:
Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և երկու տասնյակ այլ երկրներ այս դեպքի հետ կապված ավելի քան 150 ռուսաստանցի դիվանագետների արտաքսեցին, ինչին Ռուսաստանը նույն կերպ պատասխանեց:
Տե՛ս նաև այստեղ