Էթիկայի հանձնաժողովին փոխարինելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը

Ապրիլի 10-ից 50-օրյա ժամկետում Հայաստանում պետք է կազմավորվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը կփոխարինի արդեն ավելի քան 6 տարի գործող Էթիկայի հանձնաժողովին, սակայն՝ ավելի լայն լիզորություններով։

Հանձնաժողովի մասին օրենքով՝ նորաստեղծ մարմինը իրավասու կլինի ընդունել պաշտոնյաների ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը, դրանք ուսումնասիրել, հայտնաբերել շահերի բախման դեպքեր, հարուցել վարույթներ, հանցակազմ գտնելու դեպքում դրանք ուղարկել իրավապահներին, զբաղվել հակակոռուպցիոն կրթությամբ և այլն:

«Շատ լուրջ լիազորություններ ունի: Այդ պատճառով պետք է այստեղ գնան ճիշտ մարդիկ, որպեսզի կարողանան արդարացնել հասարակության սպասումները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

Նա ուշադրություն է հրավիրում է վերջին 6 տարիներին գործող Էթիկայի հանձնաժողովի գործունեությանը՝ արձանգրելով, որ ընդհանուր առմամբ դրա արդյունքները նկատելի չեն կամ հանրությունը չի կարող գոհ լինել դրանցից։

Ի դեպ, այդ կառույցը մինչև բոլորովին վերջերս տեղակայված էր նախագահական նստավայրում։

«Եթե մենք բացենք իրենց կայքը, տեսնենք իրենց վերջին որոշումները, կտեսնենք, որ 2017 թվականին է վերաբերում: Այնինչ 2018 թվականին վարչական վարույթներ են իրականացվել, իսկ հանրությունը տեղյակ չի այդ մասին: Իսկ հանրությունը պետք է տեղյակ լինի, որովհետև իր հարկերի շնորհիվ են այդ պաշտոնատար անձինք աշխատավարձ ստանում, և հանրությունը պետք է տեղյակ լինի ոչ-բարեխիղճ պաշտոնյաների մասին: Եվ այդ հանձնաժողովները ոչ թե թաքցնելու համար են այդ ամեն ինչը, այլ հենց հրապարակային այդ ամեն ինչը ներկայացնելու համար են»:

Ըստ Զադոյանի, ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար այժմ շատ որոշիչ պահ է. կա՛մ որպես դրա անդամներ կընտրվեն իսկապես անկախ, ազնիվ և անկաշառ անձինք ովքեր կօգտնվեն օրենքով իրենց վերապահված լիազորություններից, կա՛մ առաջիա 5 տարիներին ևս հակակոռուպցիոն պայքարում այդ հանձնաժողովը էական արդյունքներ չի գրանցի․ - «Որպեսզի այս հանձնաժողովը չլինի այն հերթական հանձնաժողովներից, որոնք ժողովրդի սպասելիքները չեն իրականացրել և ձախողվել են»:

Արյդո՞ք նոր հանձնաժողովի կազմում կվերընտրվեն այժմ գործող Էթիկայի հանձնաժողովի անդամները, թե՞ նոր դեմքեր:

Զադոյանը մանրամասնում է, որ Կոռուպցիոյի կանխարգելման հանձնաժողովի անդամներին ընտրելու պատասխանատվությունը դրված է 5 հոգուց բաղկացած ընտրող խորհրդի վրա, որում մեկական անդամ կնշանակեն Փաստաբանների պալատը, Հանրային խորհուրդը, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները, Սահմանադրական դատարանն ու օմբուդսմենը։

Զադոյանը վստահ է, որ եթե ընտրող խորհուրդը լինի անկախ և անկաշառ, հնարվոր է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հետագայում հասնի հաջողության․ - «Շատ կարևոր է, որ ի սկզբանե ուշադրությունը սևեռվի խորհրդի կազմավորմանը: Որ այնտեղ լինեն անբիծ, անբասիր մարդիկ՝ բարեխիղճ և պրոֆեսիոնալ, որպեսզի նաև իրենցից ակնկալիք ունենանք, որ իրենք հենց կընտրեն այն հինգ հոգուն՝ իրականում բարեխիղճ և պրոֆեսիոնալ հակակոռուպցիոն փորձ ունեցող, որոնք կարող են այս հանձնաժողովի ղեկավարումը տանեն»:

Քաղաքացիական հասարակության ոչ բոլոր կազմակերպություններն են հույսեր կապում ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ:

Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հիշեցնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընտրությունը․ - «2016 թվականին փոխվեց նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման կարգը: Նոր Սահմանադրությամբ, կարծեմ նաև նոր Ընտրական օրենսգրքով նոր ընթացակարգ, որը մեզ ներկայացնում էին, որ պրինցիպիալ տարբեր է և այլն, բայց հանձնաժողովի անդամներից որևիցե մեկը չփոխվեց և բոլորը ուղղակի վերանշանակվեցին այս նոր, սիրուն և «ժողովրդավարական» մեխանիզմներով»:

Ըստ Իոաննիսյանի, խնդիրներ կարող են առաջանել առաջին հերթին մրցութային խորհրդի կազմն ընտրելիս: Նախկին փորձը հաշվի առնելով՝ նա պնդում է, որ սովորաբար ընտրող խորհուրդների անդամները են նշանակվում գործադիր իշխանությունից և Բաղրամյան 26-ից կախյալ մարդիկ․ - «Ես չեմ կարող Փաստաբանների պալատը համարել անկախ մարմին: Անգամ Հանրային խորհուրդը, թեև դե յուրե այն անկախ է, բայց ես չեմ կարող համարել անկախ մարմին: Վերապահումով կարելի է վերաբերվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը: Մի քիչ միամիտ կլիներ համարել, որ իրոք անկախ խորհուրդ կարող է ստեղծվել, որը արդեն կընտրի հանձնաժողովի անդամներին: Սա է խնդիր»:

Իոաննիսյանն այնուամենայնիվ համաձայն է, որ նոր հանձնաժողով ունենալը՝ փոքր-ինչ ավելի ընդլայնված լիազորություններով, փոքր քայլ առաջ է, սակայն՝ ոչ-բավարար, հատկապես երբ Հայաստանի օրենքը համեմատում են այլ երկրներում արդեն արդյունավետ գործող մեխանիզմների հետ։

Համաձայն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության ամենամյա ուսումնասիրությունների, կոռուպցիայի ընկալման տեսանկյունից Հայաստանում լճացում է՝ առանց էական դրական դինամիկայի, և, հաշվի առնելով Հայաստանի միավորը, կոռուպցիան այստեղ հանդիսանում է լուրջ խնդիր՝ ընդհուպ մինչև համակարգային։