Լրագրողական կազմակերպությունները բողոքի միջոցառումներ են ծրագրում

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող ավելի քան մեկ տասնյակ հայաստանյան կազմակերպություններ պատրաստվում են իրականացնել հնարավոր բոլոր քայլերը Կառավարությունում ու Երևանի քաղաքապետարանում լրագրողների գործունեությունը սահմանափակող երկու նոր օրենքները չեղարկելու համար:

Լրագրողական կազմակերպությունները երեկ տարածած հայտարարությամբ փաստում են, որ այս օրենքներն ընդունելիս իշխող կոալիցիան անտեսել է լրագրողների և քաղաքացիական հասարակության կառույցների՝ նախագծերի վերաբերյալ քննադատությունը:

Հայտարարության հեղինակներից Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի պնդմամբ՝ իրականացվում է արշավ ընդդեմ լրատվամիջոցների, և կա փակ աշխատելու քաղաքական որոշում, ինչը պետք է նաև հանրության համար դառնա մտահոգության առարկա․ - «Այս փակ աշխատանքը բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում հենց իշխանության ներսում: Եվ իհարկե, այս ամենով պետք է և՛ լրատվամիջոցները, և՛ հասարակությունը մտահոգված լինեն և ձեռնարկեն քայլեր, որոնք որ կփոխեն իրավիճակը»:

Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու, ինչպես նաև Երևանի ավագանու նիստերին լրագրողների մուտքն արգելելու վերաբերյալ օրենսդրական փոփոխություններն ընդունվեցին Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստում, և օրեր առաջ օրենքները վավերացվեցին նախագահի կողմից:

Շուշան Դոյդոյան

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանի խոսքով՝ իշխանությունը ցանկանում է կանխել իրեն անցանկալի տեղեկությունների տարածումը․ - «Բոլոր հնարավոր միջոցները ձեռք են առնվում, որպեսզի վերահսկելի տեղեկատվական հոսք տեղի ունենա իշխանությունից դեպի հանրություն: Որևէ պատահական տեղեկատվությունը, որը նրանց շահերից չի բխում, հանկարծ չհայտնվի լրագրողների ձեռքին, հետևաբար և հանրությունը այդ մասին չիմանա: Սա է նպատակը»:

Աշոտ Մելիքյանի փոխանցմամբ՝ առաջիկայում իրենք պատրաստվում են քննարկել օրենքները չեղարկելու դեմ հնարավոր անելիքները, և հնարավոր է, որ բողոքի միջոցառումների միջոցով փորձեն պայքարել սահմանափակումների դեմ․ - «Դա կարող են լինել համատեղ լրագրողական ակցիաներ, դա կարող են համատեղ պատրաստված հրապարակումներ լինել, դա կարող է հանրային միջոցառում լինի»:

Իսկ Շուշան Դոյդոյանը փոխանցեց, խնդրի մասին իրազեկել են նաև միջազգային կազմակերպություններին, ինչը կհանգեցնի խոսքի ազատության առումով Հայաստանի դիրքերի անկմանը:

Իրավապաշտպան կազմակերպությունները հնարավոր է պայքարեն նաև իրավական ճակատում՝ ինչպես հայաստանյան դատարաններում բողոքարկումների, այնպես էլ Եվրադատարան հասնելու ճանապարհով:

«Հաշվի առնելով այն բոլոր ընթացակարգերի կոպիտ խախտումները, որ որևէ հանրային քննարկում չի իրականացվել որևէ փուլում այս նախագծերի ընդունման ժամանակ: Ավելին, առաջին ընթերցումից երկրորդ ընթերցման ընթացքում լրիվ այլ նախագծեր են դրվել: Բովանդակային խնդիրները հաշվի առնելով՝ ես լրիվ հիմքեր եմ տեսնում հասցնել խնդիրը նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան», - նշեց Դոյդոյանը:

Զանգվածային լրատվամիջոցների շահերը պաշտպանող կազմակերպությունները նաև դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ առաջարկելով օրենքների վերաբերյալ դիմել Սահմանադրական դատարան:

Կազմակերպությունների հայտարարությանը չի միացել Հայաստանի լրագրողների միությունը: «Ազատության» հետ զրույցում կառույցի ղեկավար Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ իրենք նախընտրում են ոչ թե հայտարարությունները տարածել, այլ մասնակցել օրենքների մշակմանը:

Սաթիկ Սեյրանյան

Ըստ Սեյրանյանի՝ քաղաքապետարանում լրագրողների աշխատանքի կարգի հետ կապված որոշ առաջարկներ ընդունվել են․ - «Միայն այսօր հայտարարությամբ որևէ ձևով դու չես կարող ճնշում գործադրել իշխանության նկատմամբ: Իմ կարծիքով, դրանք ինչ-որ իմաստով իմիտացիոն գործընթացներ են այդ կազմակերպությունների կողմից: Ես կարծում եմ, պետք է հակառակը՝ ստիպել, որպեսզի փոփոխություններ արվեն և հաշվի առնեն մեր կարծիքը: Ուղղակի հայտարարություններով այսօր որևէ բանի չենք կարող հասնել»:

Սեյրանյանի կարծիքով, թե՛ ավագանու, թե՛ Կառավարության նիստը մեծ հաշվով լրագրողին շատ բան չի տալիս․ - «Ավելի շատ, այսպես ասած, միջանցքային կամ քոմենթային նյութեր են պատրաստում: Այսինքն, Կառավարության նիստը կամ ավագանու նիստը ըստ էության մեծ բան չի տալիս լրագրողին, բայց իհարկե դա սահմանափակում է»:

Միևնույն ժամանակ լրագրողների միության ղեկավարը փոխանցեց, որ իր հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է, որ լրագրողների աշխատանքը սահմանափակող նախաձեռնության համար հիմք է հանդիսացել ավագանու նիստում «Երկիր ծիրանի» կուսակցության անդամների հանդեպ ծեծով ուղեկցված միջադեպը: