Պուտինը հուսով է, որ Սկրիպալների թունավորման գործում այսօր վերջակետ կդրվի

Թուրքիա - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անկարայում ասուլիսի ժամանակ, 3-ը ապրիլի, 2018թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե հույս ունի, որ Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության՝ այսօր կայանալիք նիստին վերջակետ կդրվի ռուս հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործում, ինչի համար Լոնդոնը մեղադրում է Կրեմլին:

Երեկ բրիտանական պաշտպանական գերատեսչության՝ Պորտոն Դաունում գտնվող քիմիական լաբորատորիայի ղեկավարը Sky News-ի հետ զրույցում հաստատել էր, որ Սկրիպալները թունավորվել են «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով, միաժամանակ նշել, որ իրենք չեն քննել՝ որ երկրում կարող էր այն արտադրված լինել: «Դրա համար անհրաժեշտ են այլ տվյալներ, այդ թվում՝ հետախուզական, որ կարող են լինել Բրիտանիայի կառավարության տրամադրության տակ», - ասել էր լաբորատորիայի ղեկավարը:

Հղում անելով բրիտանական կողմի այս հայտարարություններին՝ Պուտինը պնդել է, թե Արևմուտքը անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Ռուսաստանի հասցեին, և կրկին վստահեցրել, թե թունավոր այդ նյութը կարող էր արտադրվել 20 երկրներում:

66-ամյա Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ 33-ամյա Յուլիային մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերել են բրիտանական Սոլսբերի քաղաքում նստարանին, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց:

Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և երկու տասնյակ այլ երկրներ այս դեպքի հետ կապված ավելի քան 150 ռուսաստանցի դիվանագետների արտաքսեցին, ինչին Ռուսաստանը նույն կերպ պատասխանեց: