Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Լի Յոն Հոն այցելում է Ադրբեջան: Նա մասնակցելու է ապրիլի 5-6-ը Բաքվում կայանալիք Չմիացած երկրների շարժման նախարարական համաժողովին: Այդ շարժման անդամ երկրների արտգործնախարարները արդեն սկսել են ժամանել Բաքու:
Հյուսիսային Կորեայի պետական հեռուստաընկերության (KCNA) տեսանյութում արտգործնախարարը Փհենյանի միջազգային օդանավակայանում է, սակայն նրա այցելության ծրագիրը չի հրապարակվում:
Ճապոնիայի հանրային հեռուստառադիոյի (NHK) հաղորդման համաձայն՝ Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը Փհենյանից մեկնել է Չինաստան, որտեղից ուղևորվելու է Ադրբեջան: Հաղորդվում է, որ Լի Յոն Հոն Պեկինում երեկ հանդիպել է Չինաստանի արտգործնախարարին, քննարկել երկկողմ կապերը ամրապնդելու և առաջիկայում նախատեսված բարձր մակարդակի հանդիպումների հետ կապված հարցերը: Ապրիլի 27-ին նախատեսվում է անցկացնել Հյուսիսային և Հարավային Կորեաների նախագահների հանդիպում, իսկ մայիսի վերջերին հնարավոր է անցկացվի Միացյալ Նահանգներ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողով:
Հյուսիսային Կորեայի և Չինաստանի արտգործնախարարների երեկ կայացած հանդիպմանը Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վան Յին բարձր է գնահատել Փհենյանի հանձնառությունը՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման համար, և հայտնել է Պեկինի աջակցությունը առաջիկա գագաթնաժողովներին:
Հիշեցնենք, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Յոնգ Ունը վերջերս զրահագնացքով այցելել էր Պեկին, որտեղ հանդիպել էր Չինաստանի նախագահին: Այդ բանակցություններում էր քննարկվել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման և Կիմ Յոնգ Ունի՝ Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի նախագահների հետ հանդիպումների հնարավորությունը: Դա Կիմ Յոնգ Ունի առաջին արտերկրյա այցն էր:
Հյուսիսային Կորեայի արտգործնախարարի երեկվանից մեկնարկած այցելությունների ծրագրի մասին պաշտոնական հաղորդագրություններ դեռ չկան, սակայն ըստ Ճապոնիայի հանրային հեռուստաընկերության՝ Պեկինից Լի Յոն Հոն մեկնելու է Բաքու, իսկ այնտեղից՝ Մոսկվա, որտեղ հնարավոր է հանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Չմիացած երկրների շարժումը ձևավորվել է անցած դարի 60-ական թվականներին, սկզբնական նպատակը այն երկրների համախմբումն էր, որոնք չէին ցանկանում միանալ ո՛չ Արևմուտքի, ո՛չ Խորհրդային Միության ռազմաքաղաքական դաշինքներին՝ ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ Վարշավյան պայմանագրին: Հիմա չմիացածների կազմակերպությունում հարյուրից ավելի երկիր կա: