«Քաղաքացիական պայմանագիրը» բացառում է բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլև որպես հակագործողություն, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հակադարձելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանին։
Հիշեցնենք՝ «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի փողոցային տարբերակը։
Դաշինքի մյուս անդամ «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարում է, թե «պետք չէ գնալ նախկին քաղաքական ուժերի տրորած արահետներով և տրվել կարճաժամկետ փառքի արկածախնդրությանը»։
Թանդիլյանը մտահոգություն է հայտնում, որ փողոցային պայքարի ընթացքում «հնարավոր է լինեն ձերբակալություններ, կալանավորումներ»։ Ընդդիմադիր պատգամավորը նաև չի բացառում «Մարտի 1»-ի կրկնությունը»։
«Ազատություն». - Դուք այս ամենի մասին մտածե՞լ եք և բացառո՞ւմ եք այդօրինակ զարգացումները։
Փաշինյան. - Ի՞նչ է նշանակում զոհեր լինեն։ Թող տիկին Թանդիլյանն էլ պարզաբանի, թե ինչ է նշանակում՝ «կարող է զոհեր լինեն», ո՞վ, ո՞ւմ է պատրաստվում սպանել։
«Ազատություն». - Դուք հնարավոր համարո՞ւմ եք ձերբակալություններ, կալանավորումներ։
Փաշինյան. - Ո՞վ, ո՞ւմ է պատրաստվում ձերբակալել։
«Ազատություն». - Օրինակ՝ ոստիկանությունը՝ փողոց փակած ցուցարարներին։
Փաշինյան. - Մանե Թանդիլյանը ոստիկանության ներկայացուցի՞չն է, ես չեմ հասկանում, ոստիկանությունը նման հայտարարություն արե՞լ է։
«Ազատություն». - Նա անհանգստություն է հայտնում, Դուք չունե՞ք նման մտահոգություն։
Փաշինյան. - Շատ շնորհակալ ենք նման անհանգստության համար։ Մենք ասել ենք, որ մեր պայքարը ոչ-բռնի քաղաքացիական պայքար է, և մենք բացառում ենք բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլև որպես հակագործողություն։ Ընդ որում, հիմա ես արդեն քանի օր է դաշտերում եմ քնում, բաց տարածքներում, ինչո՞ւ որևէ մեկը չի ասում, որ կարող է լինեն սպանություններ, կամ ձերբակալություններ։ Մենք մեր սկզբունքային պայքարն ենք մղում, ընդ որում՝ այդ պայքարը մղում ենք «Ելք» դաշինքի նախկինում կայացրած որոշումների և արած հայտարարությունների շրջանակներում և տրամաբանության մեջ, մենք այդ պայքարում սկզբունքային ենք, և մեզ որևէ մեկն ուղղակի և անուղղակի չփորձի վախեցնել որևէ բանով։
«Ազատություն». - Դաշինքը հիմա կա՞, պարոն Փաշինյան։
Փաշինյան. - Ինչ-որ մեկը լուծարե՞լ է դաշինքը։
«Ազատություն». - Դե յուրե լուծարված չէ, իսկ դե ֆակտո լուծարվա՞ծ է, թե՞՝ ոչ, դա եմ ուզում հասկանալ։
Փաշինյան. - Ես այդպիսի հայտարարություն չեմ անի։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.