Կրթության և գիտության նախարարության հեղինակած «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությունը» հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու վավարեցրած միջազգային փաստաթղթերին, հայտարարում են կրթության ոլորտի փորձագետները և պնդում՝ դրանում տոտալիտարիզմի տարրեր կան: Ասում են, որ փաստաթուղթը մշակելիս իրենց հետո չեն խորհրդակցել։
«Էսքանը գրելուց հետո Կրթության նախարարության էդ փորձագետները մեծ տառերով տակը պիտի գրեին՝ ներողություն», ֊ «Ազատության» հետ զրույցում ասաց կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը կարծիք հայտնելով, որ ռազմավարության կարիքն ընդհանրապես չկա։
Նախագծի նպատակն, ինչպես «Ազատության» հետ զրույցում ասել էր դրա հեղինակներից նախարարության ներկայացուցիչ Արթուր Կարապետյանը, անձի ձևավորման գործընթացին աջակցելն է։
Համաձայն այս փաստաթղթի, ռազմավարությունը պետք է ձևավորի հայրենիքի պաշտպանությանը ֆիզիկապես և հոգեպես պատրաստ քաղաքացի։ Փորձագետները, սակայն նշում են, որ այս ռազմավարությունը դրան ուղղված չէ՝ այն խախտում է մարդու իրավունքները։ Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ բավարար է միայն հանրակրթական հաստատություններում բարելավել ռազմական կրթության դասավանդումը․ ֊ «Այնտեղ կա կետ, որ օտար մշակույթների հետ ենք մենք առնչվում: Այսինքն՝ դա ի՞նչ կապ ունի ռազմահայրենասիրության հետ»:
Հայրենասիրությունը չի կարող դասավանդվել, կարծում են կրթության ոլորտի փորձագետները։ Սերոբ Խաչատրյանը ընդգծում է՝ հայրենասիրությունը միայն սահմանների պաշտպանությունը չէ, այլ օրինապաշտ քաղաքացի ձևավորելը․ ֊ «Քարոզով 21-րդ դարում հայրենասիրություն դաստիարակելը անիմաստ է»:
Փաստաթղթում նշվում են այն մարտահրավերները, որոնք ըստ հեղինակների՝ ծառացած են հայրենասեր երիտասարդ պատրաստելու ճանապարհին։ Արտաքին համարվող պատերազմից, ահաբեկչությունից զատ, փորձագետները տարակուսելի են համարում փաստաթղթում նշված ներքին մարտահրավերները՝ անդաստիարակությունն ու անկարգապահությունը, հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիները, ծառայության նկատմամբ անտարբերությունը, օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու միտումը, արտագաղթը, տնտեսության դանդաղ զարգացումը, թրմամոլությունը, սեռական այլասերվածությունը և այլն։ Անահիտ Բախշյանը սա վիրավորանք է համարում ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին․ ֊ «Ինչո՞ւ՝ որովհետև աչքիս առաջ են գալիս բոլոր այն երիտասարդները, որ պատրաստակամ իրենց կյանքն են տվել հայրենիքի համար, ու դու գրում ես այսպիսի բա՞ն: Վիրավորանք է»:
Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանն էլ հարցնում է՝ ինչ հետազոտությունների հիման վրա են հեղինակները եկել եզրակացության, որ օրինակ օտար մշակույթի հանդեպ հակումն ու այսպես կոչված սեռական այլասերվածությունը մարտահրավեր են հայրենասեր երիտասարդ ունենալու ճանապարհին։ Նախագիծը «ազգ բանակ» գաղափարախոսության ենթատեքստում է գրվել։ ֊ «Ինչպե՞ս են հեղինակները որոշել, թե որն է դաստիարակված, որը անդաստիարակ երիտասարդը», - հարցնում է Խառատյանը։
Մի կողմից Հայաստանը հայտարարում է Եվրոպայի մաս լինելու մասին, ծախսում նրա դրամաշնորհները, մյուս կողմից էլ այս փաստաթղթով քննադատում նրանց մշակույթը՝ Անահիտ Բախշյանի համար տարակուսելի է օտար մշակույթի նկատմամբ հակումը որպես մարտահրավեր դիտարկելու՝ ռազմավարության հեղինակի վերաբերմունքը․ ֊ «Հաճույքով ծախսում ենք, ներդնում ենք կառավարման համակարգի մեջ այդ օտար արժեքները, հանդուրժողականության ավելի բարձր արժեքներ ենք քարոզում, իսկ դու այստեղ օտար արժեքների մասին ես խոսում և մի ուրիշ տեղ՝ սեռական այլասերվածության: Անկարգապահ ու անդաստիարակ երիտասարդները օրինակ են վերցնում անկարգապահ ու անդաստիարակ մեծերից»:
«Քարոզչական մեխանիզմներով կարծես թե աշխատում են մարդկանց խաբելու ուղղությամբ, որ այն խնդիրները, որոնք այսօր Հայաստանում կան, դրանք կարևոր չեն, կարևոր է, որ դու սիրես Հայաստանը, պատրաստ լինես հանուն էդ Հայաստանի, որը միայն թղթի վրա գրված Հայաստան է՝ զոհվելու: Թվում է, թե պատրաստում են մահապարտների, ովքեր պետք է գնան ու մահանան ինչ֊որ արժեքների համար, որոնք իրենց կյանքում չկան, գոյություն չունեն», ֊ հավելում է Լուսինե Խառատյանը:
Փորձագետներն ու այս ռազմավարության քննադատները պնդում են՝ այն այս տեսքով չի կարող ընդունվել։ Նշենք, որ e-draf.am կայքում մեկ շաբաթ առաջ այս փաստաթղթին դեմ էր արտահայտվել քվեարկողների 88 տոկոսը: Այսօր արդեն կողմ է 58 տոկոսը։ Համացանցում նման պատկեր ստանալը դժվար չէ, նկատում են «Ազատության» զրուցակիցները։