Գերմանիայի դեսպանատունը առայժմ նախկինի պես կշարունակի շենգենյան վիզայի դիմումների ընդունման գործընթացը

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը դեռ չի ցանկանում մեկնաբանել, թե ինչո՞ւ Հայաստանի արդարադատության նախարարությունը ժամանակավորապես կասեցրեց «Վիզամետրիկ» ընկերության աշխատանքը։

«Ազատությանը» պարզաբանում տալու համար այսօր դեսպանատան մոտ մեզ անձամբ մոտեցած դեսպանը շտապեց տեղեկացնել՝ շենգենյան վիզայի դիմումների ընդունման գործընթացը դեռ կկատարվի նախկինի պես, փաստաթղթերը կընդունի դեսպանատունը։ Իսկ թե ինչ կլինի հետո ցույց կտա ժամանակը՝ լրացրեց Քիսլերը։

Մարտի 28-ին Գերմանիայի դեսպանը հայտարարել էր, թե վիզաների դիմումներն ապրիլի 3-ից պետք է ընդունի ռուս- թուրքական կոնսորցիում հանդիսացող «Վիզամետրիկը»: Այս հայտարարությունը քաղաքացիների շրջանում անհանգստություն առաջացրեց։ Հաշվի առնելով ընկերության ծագումը՝ մտավախություն կար, որ, ըստ էության Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող պետությանը հասանելի են դառնալու դեսպանատուն դիմած հայաստանցիների անձնական տվյալները։

«Մենք չենք թաքցրել այդ փաստը, որ ընկերությունը իրոք ռուս-թուրքական ծագում ունի։ Բայց պետք է սպասենք, թե գործընթացն ինչպես կընթանա», ֊ այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց Մաթիաս Քիսլերը: ֊ «Եվ ես այս պահին չեմ կարող ասել, արդյոք մենք նորից կընդունենք վիզաների դիմումները, թե կկարողանանք ինչ-որ լուծում գտնել հետագայի համար։ Ուզում եմ նորից ասել՝ համաձայնագիրը, որը կնքվել է Գերմանիայի արտգործնախարարության և «Վիզամետրիկի» միջև, նախատեսում է, որ անձնական տվյալների պաշտպանվածությունը լինելու է ամենաբարձր մակարդակի և ես կարող եմ վստահեցնել՝ դրանք չեն կարող երրորդ անձի անցնել»:

Կաշխատի՞ «Վիզամետրիկը» Հայաստանում, թե ոչ, պարզ կդառնա միայն Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ուսումնասիրության ավարտին։ Մարտի 30-ին ուշ երեկոյան կառույցը հաղորդագրություն տարածեց, հայտնելով՝ ուղեփակում է ընկերության աշխատանքը մինչև հստակեցումը՝ արդյոք ռուս֊թուրքական «Վիզամետրիկ»-ի կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում Հայաստանի օրենսդրությանը։

Այսօր արդեն «Ազատության» հետ զրույցում գործակալության պետի պաշտոնակատար Գևորգ Հայրապետյանը նշեց՝ «Վիզամեկտրիկի» գործունեության ժամանակավոր կասեցումը նախատեսված է օրենքով և հանրային հետաքրքրվածության հետ կապ չունի։ Ըստ Հայրապետյանի՝ սահմանված կարգով ընկերությունը տեղեկացրել է իր աշխատելու մտադրության մասին, իսկ գործակալությունը պարտավորվել է մինչև այդ հասկանալ՝ արդյոք անձնական տվյալների մշակման ընթացքում պահպանվելու են անվտանգության բոլոր չափորոշիչները և ինչ կերպ է աշխատելու տվյալ ընկերությունը։

«Ե՛վ պետք է տեխնիկապես ցույց տա մշակողը, որ դա անվտանգ է, և՛ պետք է կազմակերպչական միջոցառումները ներկայացնի, որոնց ցույց կտան, որ անձնական տվյալները հասանելի չեն լինելու անօրինական կերպով մուտքի, ուղեփակման, արգելափակման, ոչնչացման, տարածման, կրկնօրինակման և այլնի համար», ֊ մեզ հետ զրույցում ասաց Գևորգ Հայրապետյանը:

Հարցին, թե ի՞նչ վտանգներ են տեսե «Վիզամետրիկի» աշխատանքում, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնակատրն արձագանքեց՝ ամեն ինչ կախված է «Վիզամետրիկի» պատասխանից։ Ինչ վերաբերում է ընկերության ծագմանը, ապա պետի խոսքով՝ այդ հանգամանքը չէ որ դարձել է ստուգում իրականացնելու առիթ։ Փոխարենը վերջնական որոշում կայացնելու հարցում գործակալությունը անպայման հաշվի կառնի, որ Անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ ապահովող պետությունների ցանկում Թուրքիան ընդգրկված չէ․ ֊ «Գերմանիայի դեսպանատունը ինքն է որոշելու, թե ինչպիսի ու ինչ միջոցներով իրականացնի իր գործունեությունը, դա բացառապես իր իրավազորության ներքո է, բայց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության իրավազորության ներքո է արգելելու ցանկացած մեկին Հայաստանում, ով անձնական տվյլաներ է մշակում ոչ օրինական հիմքերով, այլևս չմշակել այդ անձնական տվյալներըր»:

Գևորգ Հայրապետյանից նաև հետաքրքրվեցինք՝ իսկ հնարավոր չէ՞ր նախապես լուծել խնդիրը և մինչև հյուպատոսության հայտարարությունը պարզել, թե ով և ինչ կերպ է պատրաստվում մշակել դիմումատուների անձնական տվյալները։ Ի պատասխան սրան գործակալության պետն ասաց՝ իրենք ուսումնասիրություն են սկսում միայն ծանուցում ստանալուց հետո և նախապես հնարավորություն չունեն տեղեկանալու բոլոր մրցույթների մասին։

Մինչդեռ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ նախագահ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ պետությունը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր քաղաքացիների տվյալները պաշտպանված են: Մի քանի անգամ Գերմանիայի դեսպանատնից վիզա ստացած Իոաննիսյանը նկատում է՝ պետական գործակալությունը պետք է պարտավորեցնի միջնորդ կազմակերպությանը թափանցիկ աշխատել՝ ներկայացնելով, թե հավաքագրված անձնական տվյալները ում կարող է փոխանցել, որքան կարող է պահել և երբ ոչնչացնել: