«Բուրգեր Քինգ» ռեստորանների ցանցը երեկ Երևանի Հյուսիսային պողոտայի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունը դժբախտ պատահար է համարում։
«Բուրգեր Քինգ Հայաստան» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ինգա Հարությունյանը ասաց, որ պայթած բալոնը իրենց տրամադրել է գարեջուր մատակարարող ընկերությունը՝ չցանկանալով ասել, թե որ ընկերությունն է դա: Հարությունյանը մատնանշեց, որ ռեստորանը բալոնի անվտանգությունը ստուգելու գործառույթ չունի․ ֊ «Ռեստորանում նման տեսակի ստուգում ուղղակի անհնար է անել»:
Հարությունյանը մանրամասնեց, որ բալոնը իրենց ռեստորանում նույնպես գարեջուր տրամադրող ընկերությունն է տեղադրել։
«Բուրգեր Քինգի» հասարակայնության հետ կապերի պատասխանատուն նաև ասաց, որ իրենք հոգում են բոլոր տուժածների բժշկական ծախսերը:
Թե ինչն է դարձել պայթյունի պատճառ և ով է դրա համար պատասխանատու, պարզելու է քննչական կոմիտեն։ Դեպքի առթիվ Կոմիտեում արդեն քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը։
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ասաց, որ այժմ փորձում են պարզել թե ինչն է եղել պայթյունի պատճառը և ով է խախտել անվտանգության կանոնները․ ֊ «Մի շարք հարցեր կան, որոնք հուզում են հանրությանը, որոնք այսօր պետք է պարզաբանվեն վարույթն իրականացնող մարմնի կողմից։ Պատասխաններ կարողանանք տալ միայն փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո»։
Քննչական կոմիտեն ժամեր առաջ նաև տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում է պայթած բալոնը։ Սոնա Տռուզյանն ասաց, որ փորձագետներին խնդրել են սեղմ ժամկետներում տրամադրել փորձաքննության արդյունքները։ ֊ «Դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրություններն առգրավվել են և քննության առարկա են դարձվել։ Ըստ էության՝ հիմնական վարկածը նաև տեսագրություններն են հիմնավորում, թե ինչն է պայթել», ֊ նշեց նա։
Պայթյունի դեպքը քննելու համար քննչական խումբ է ստեղծվել, 8 անձ ճանաչվել է տուժող: Պայթյունի հետևանքով ամենաշատը երկու երեխաներն են տուժել՝ 8 տարեկան Ռուբինա Մարկոսյանը և 6 տարեկան Ռուդոլֆ Մարկոսյանը՝ նրանք նույն ընտանիքից են։ Պայթյունից հետո երեխաներին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 6 տարեկան Ռուդոլֆը բազմաթիվ քերծվածքներ ու սալջարդեր ունի, իսկ նրա քրոջը հիվանդանոց տեղափոխելուց հետո վիրահատել են։ Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանն այսօր հայտնեց՝ Ռուբինայի վիճակը այժմ միջին ծանրության է։ ֊ «Բավականին հաջողված, լավ վիրահատություն է կատարվել, վիճակը կայուն է, գիտակցություն ունի, կոնտակտի մեջ է մտնում», ֊ նշեց բժիշկը։
Երեխաների մայրը՝ Սվետլանա Թոքրամաջյանը, «Ազատությանը» պատմեց, որ իրենք գտնվել են «Բուրգեր Քինգի» երկորդ հարկում, երեխաները իջել էին առաջին հարկ՝ պաղպաղակ գնելու և հենց այդ պահին էլ պայթյուն է եղել։
ԱԻՆ-ը երեկ կեսգիշերն անց հայտարարեց, որ արագ սննդի կետի խոհանոցում պայթել է ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնը։ Այն գարեջրի սարքի հետ է եղել։
Պայթյունի հետևանքով տուժել է 8 մարդ՝ որոնցից երկուսը երեխաներն են, մեկը՝ «Բուրգեր Քինգի» 19-ամյա մենեջեր Զարուհի Մելիքյանը, երեքը Ռուսաստանի և երկուսը՝ Իրանի քաղաքացիներ են։
Բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ Իրանի երկու քաղաքացիները արդեն դուրս են գրվել, «Բուրգեր Քինգի» մենեջերն էլ այսօր դուրս կգրվի, մյուսները դեռ կմնան բժիշկների հսկողության տակ։