ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 3-ին Սպիտակ տանն ընդունելու է երեք բալթյան երկրների ղեկավարներին՝ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեին, Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսին և Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդիին:
Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ այս երկրների նախագահները Թրամփին կհորդորեն ավելի խիստ դիրքորոշում ցուցաբերել Մոսկվայի հանդեպ՝ Ռուսաստանից բխող սպառնալիքները զսպելու համար, ավելացնել իրենց երկրներում տեղակայված ամերիկյան ու ՆԱՏՕ-ի զինծառայողների թիվը և ուժեղացնել հակաօդային պաշտպանությունը:
Այցից առաջ Դալյա Գրիբաուսկայտեն լիտվական հանրային հեռուստաընկերությանը (LRT) տված հարցազրույցում ասել է․ «Հուսով եմ՝ Միացյալ Նահանգները և մյուս դաշնակիցները հասկանում են, որ բալթյան երկրների օդային տարածքը պետք է ավելի լավ պաշտպանված լինի»: Նա նաև կարևոր է համարել, որ ամերիկյան զորքերը մշտական հիմունքներով տեղակայվեն վերը նշված բոլոր երեք երկրներում:
Լիտվացի բարձրաստիճան մի պաշտոնյա, ում անունը չի նվշում, «Ֆրանս Պրեսին» ասել է, որ բալթյան երեք երկրների առաջնորդները Թրամփին խնդրելու են ամերիկյան Patriot տիպի մեծ հեռահարության հրթիռներ տեղակայել իրենց երկրներում: Անանուն պաշտոնյան նշել է նաև, թե այդ երկրները ցանկանում են դառնալ ՆԱՏՕ-ի եվրոպական հակաօդային ընդլայնված պաշտպանության համակարգի մի մասը:
Միացյալ Նահանգներ - Բալթյան երկրներ գագաթնաժողովի ընթացքում նաև գործարար կապերն են քննարկվելու: Լիտվան ակնկալում է ԱՄՆ-ի հետ պայմանագիր ստորագրել սեղմված հեղուկ գազի մատակարարումների ծավալներն ավելացնելու շուրջ, որպեսզի կրճատի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:
Անցյալ տարի ՆԱՏՕ-ն չորս գումարտակ էր տեղակայել Լեհաստանում և բալթյան երկրներում, Իսկ ԱՄՆ-ն Patriot հրթիռային համակարգ էր ուղարկել Լիտվա՝ զորավարժություններում ներգրավելու համար: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը չէր բացառել, որ Patriot-ներ կտեղակայվեն նաև Էստոնիայի տարածքում:
Դոնալդ Թրափի նախագահության սկզբնական շրջանում բալթյան երկրներն անհանգստացել էին նրա այն ելույթներից, որոնցում Թրամփը խոսում էր Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտության մասին և քննադատում էր ՆԱՏՕ-ին: Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց հետո բալթյան երկրները մտահոգված էին, որ արդեն իրենց դեմ ուղղված ռուսական սպառնալիքների դեպքում հնարավոր է՝ անպաշտպան կմնան, բայց այդ մտահոգություններն աստիճանաբար վերացան:
Վերջին օրերին Սպիտակ տունը և Կրեմլն ակնարկում են Դոնալդ Թրամփ -Վլադիմիր Պուտին հնարավոր հանդիպման մասին: Կրեմլը երեկ հաղորդեց, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը Պուտինին հրավիրել է Վաշինգտոն: Սպիտակ տան մամուլի խոսնակ Սարա Սանդերսնն էլ ասել է, թե հանդիպման հնարավոր վայրերից մեկը Սպիտակ տունն է: Վերջին անգամ Պուտինը Սպիտակ տուն է այցելել 13 տարի առաջ՝ 2005 թվականին օվալաձև սրահում նրան ընդունել էր Ջորջ Բուշ կրտսերը:
Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել մարտի 20-ին: Կրեմլը դա ներկայացրեց որպես Թրամփի շնորհավորական հեռախոսազրույց՝ Պուտինի վերընտրվելու կապակցությամբ: Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփը Պուտինի հետ ոչ հեռու ապագայում հանդիպելու հույս էր հայտնել՝ քննարկելու համար միջուկային սպառազինություններին և հրատակ այլ խնդիրներին առչվող հարցեր:
Չնայած կողմերը հաստատում են հնարավոր հանդիպման մասին լուրը, սակայն Պուտինի այցի նախապատրաստման աշխատանքներ չեն տարվում: Նշենք, որ այդ հեռախոսազրույցից հետո կողմերի հարաբերություններն ավելի են սրվել: Միացյալ Նահանգները, ի համերաշխություն Մեծ Բրիտանայի, ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման պատճառով արտաքսել է ռուսաստանցի 60 դիվանագետների: Մոսկվան, իր հերթին, նույն թվով ամերիկացի դիվանագետներ արտաքսելու որոշում է կայացրել: