«Մարուքյանի հոդվածում գծագրված ճանապարհը տրորվել է, մասնավորապես, ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի կողմից». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր բավական խիստ արձագանքեց «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանի՝ «Առավոտ» օրաթերթում հրապարակված հոդվածին, որում Մարուքյանն անօգուտ էր համարել Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի դեմ իր գործըկերոջ նախաձեռնած պայքարը, նշելով, թե պետք չէ գնալ «նախկին քաղաքական ուժերի տրորած արահետներով և տրվել կարճաժամկետ փառքի արկածախնդրությանը»։

«Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամն այսօր այսպես հակադարձեց «Իմ քայլը» նախաձեռնությանը չմիացած «Լուսավոր Հայաստանի» ղեկավարին։ «Եթե այդ տրամաբանությամբ գնանք, այն ճանապարհը, որը գծագրված էր պարոն Մարուքյանի այսօրվա հոդվածում, այդ ճանապարհը նույնպես տրորված է մի քանի անգամ, և տրորվել է, մասնավորապես, ՀՅԴ-ի և «Օրիանաց երկիր» կուսակցության կողմից: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին՝ զերծ մնալ նման հայտարարություններից, որովհետև դա «Ելք» դաշինքին կարող է դնել իշխանոթյունների հետ թաքուն պայմանավորվողի տրամաբանության մեջ: Ես ինքս նման բան թույլ չեմ տա ուղղակի»:

Էդմոն Մարուքյանը հոդվածում նշել է, թե Սերժ Սարգսյանին միայն վարչապետ դառնալու ցանկության բացակայությունը կարող է հետ պահել վարչապետի պաշտոնը ստանձնելուց: «Մնացած բոլոր կոնֆիգուրացիաներով այս փուլում խաղն ի սկզբանե պարտված է»,- հայտարարել է Փաշինյանի քաղաքական գործընկերը։ Նա նշել է, որ հաշվարկել են իրենց ռեսուրսներն ու եկել այն եզրահանգման, որ «Սերժ Սարգսյանին կարող են մարտահրավեր նետել խորհրդարանում՝ առանց փողոցներում մարդկանց մոտ սին ակնկալիքներ ձևավորելու»։ «Չարդարացված հույսերն ավելի են խորացնում հուսահատության ճահիճը, որի դեմ պայքարելու խոստում է տվել «Ելք» դաշինքը»,- հավելել է Էդմոն Մարուքյանը: Նիկոլ Փաշինյանն այսօր հիշեցրեց «Ելք» դաշինքի անդամ կուսակցությունների համագործակցության հուշագրի բովանդակությունը։

««Ելք» դաշինքը որոշել է, որ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետն անընդունելի է դաշինքի համար: 2017 թ․ հունիսին ես «Ելք» խմբակցության անունից լիազորված ասել եմ, որ եթե հանրապետականները փորձեն Սերժ Սարգսյանին երրորդ ժամկետով կարգել Հայաստանի ղեկավար, ուրեմն ժողովուրդը պետք է իմանա, որ ունի հնարավորություն՝ դուրս գալ փողոց և փոխել իրավիճակը: Հիմա մեր գործընկերներն ասում են, որ ժողովուրդը չի կարող դուրս գալ փողոց և փոխել իրավիճակը:

Մենք փոփոխությունների համար մանդատ չենք ակնկալում Սերժ Սարգսյանից, մենք փոփոխությունների համար մանդատ ենք ակնկալում ժողովրդից: Դրա համար մենք դուրս ենք եկել և փողոցներով քայլում ենք և մենք հավատարիմ ենք մեր առաքելությանը: Դա, ըստ էության, ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այլև «Ելք» դաշինքի առաքելությունն է: Ես էլի եմ ասում, որ այս քայլարշավում ներկայացնում եմ «Ելք» դաշինքի ընտրողների 90 և ավելի տոկոսին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Այսօր «Իմ քայլը» նախաձեռնության անդամներն անձրևի տակ քայլում էին Սպիտակից դեպի Վանաձոր։ Երթի մասնակիցներն այնուհետև Սևան, Հրազդան քաղաքներով կհասնեն մինչև Երևանի Ազատության հրապարակ, որտեղ ապրիլի 13-ին նախատեսում են մեծ հանրահավաք անցկացնել։ Փաշինյանը հայտարարեց, որ այդ հանրահավաքով իենց գործողությունները չեն ավարտվի։ Դրանք կշարունակվեն մինչև ապրիլի 17-ը, երբ Ազգային ժողովում կսկսվեն վարչապետի ընտրության հարցով քննարկումները։ «Ժողովուրդը հավաքվում է Ազատության հրապարակում, հիմնական խնդիրը Սերժ Սարգսյանի, ընդհանրապես՝ վարչապետի ընտրությունն այդ սցենարով թույլ չտալն է»,- ասաց Փաշինյանը: