2016-2017-ին բանակում ներքին խնդիրներով պայմանավորված մահվան դեպքերն ավելացել են. իրավապաշտպան

2016-2017 թվականներին բանակում ներսի խնդիրներով պայմանավորված մահվան դեպքերն ավելացել են, «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Ներքին խնդիրներով զոհերն ավելի շատ են, քան հակառակորդի՝ սահմանին տեղի ունեցող դեպքերը։ Արտառոց իրավիճակ է. դեպքերով խոսում ենք ծնողների, փաստաբանների կամ քրեական գործերի վարույթն իրականացնող մարմնի հետ, արտառոց իրավիճակ է բանակում՝ էդ կրիմինալ մթնոլորտը, էդ զոհերը, և միակ պատասխանատուն շարքային զինծառայողն է, որևէ սպա պատասխանատվություն չի կրում», - ասաց Ալեքսանյանը՝ նշելով, որ միայն 2017 թվականին բանակում 63 մահվան դեպք է եղել։

«Շատերի ծնողներին ենք մենք այցելել, ինչ ասեմ, քշված, մերժված ընտանիքներ, որոնք պատրաստվում են արտագաղթել այս երկրից` անարդարության, իրենց որդիներին սպանելու [պատճառով] ...», - ասաց Աlեքսանյանը։

Դիտարկմանը, թե ապրիլյան պատերազմի օրերին հանրությունն աջակցում էր` ով ինչով կարողանում էր, տպավորություն կար, որ գուցե դա կբերի փոփոխությունների, և հարցին, թե ինչո՞ւ դա տեղի չունեցավ, Ալեքսանյանը պատասխանեց. - «Ոչ մի հետևություն և ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ։ Հենց ապրիլյան պատերազմին կարող էր, չէ՞, այդքան զոհ չլինել, իսկ խաղաղ պայմաններում ո՞նց կարող է 63 զոհ ունենա բանակը՝ տարեկան։ 2014-2015 թվականներին զոհերը սահմանին ավելի շատ էին, քան ներսում, հիմա ճիշտ հակառակն է՝ ներսի խնդիրներով պայմանավորվածն ավելի շատ է»:

«Զինվորի մասին հայրենասիրական այդ կեղծ տեքստերը, որ ասում են իշխանավորները, էդ սովետական տեքստերը, բացարձակապես իրականության հետ կապ չունեն։ Մի անգամ հավաքվո՞ւմ են, ասեն՝ ի՞նչ անենք, որ 63 զոհ չլինի։ Կարգուկանոն գոյություն չունի, ով ում երբ ուզում է, ինչի համար ուզում է, խփում է», - ընդգծեց իրավապաշտպանը: