Թանդիլյանը Փարաքարի ջրահեռացման համակարգի խնդիրների վերաբերյալ խորհրդարանական լսումներ է պահանջում

Պատկան մարմինները տարիներ շարունակ չեն լուծում բնակիչներին հուսահատության եզրին հասցրած այս խնդիրը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկում է խորհրդարանական լսումներ իրականացնել Փարաքար համայնքի ջրահեռացման համակարգի խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանին ուղղված գրությունում Թանդիլյանը նշել է, որ Փարաքար համայնքի ջրահեռացման համակարգը, որը կառուցվել է տարիներ առաջ, ներկայումս չի գործում և ջրահեռացման համակարգի փաստացի բացակայությունը համայնքի համար առաջացնում է կոմունալ և հակասանիտարական խնդիրներ:

«Ծանոթանալով Ջրային տնտեսության պետական կոմիտե նախագահի՝ իմ գրության պատասխանին, թե «կոմիտեն առաջիկայում կձեռնարկի համապատասխան քայլեր՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ջրահեռացման համակարգը՝ ներառյալ կեղտաջրերի մաքրման կայանը համայնքի հաշվեկշռին ետ հանձնելու ուղղությամբ», հանգել եմ նրան, որ կոմիտեն նպատակադրված չէ համակարգը վերագործարկել և լուծել վերջինիս պատշաճ շահագործման խնդիրը, այլ պարզապես ցանկանում է խնդիրը դուրս բերել իր պատասխանատվության դաշտից՝ առանց շտկելու կոմիտեի ենթակայության շրջանում համակարգի խափանման հարցը։ Սույնով առաջարկում եմ իրականացնել խորհրդարանական լսումներ Փարաքար համայնքի ջրահեռացման համակարգի խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ», - ասված է Թանդիլյանի գրությունում։

Ընդդիմադիր պատգամավորը նաև առաջարկել է լսումներին հրավիրել Ջրային պետական կոմիտեի նախագահին, «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատուներին, «Ջինջ» ընկերության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Փարաքար համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին, ինչպես նաև համայնքի բնակիչներին:

«Լսումները հնարավորություն կընձեռեն լսել համայնքի բնակիչներին, մանրամասն ծանոթանալ կոմիտեի դիրքորոշմանը և քննարկել խնդրի լուծման ճանապարհները», - նշել է Թանդիլյանը՝ պատրաստակամություն հայտնելով ներգրավվել լսումների կազմակերպմանը:

Նշենք, որ «Ազատության» հետ զրույցում այս համայնքի բնակիչները բողոքում էին գարշահոտությունից։ Նրանք ասում էին, որ նույն ջրատարում միախառնվում են կոյուղաջուրը, ոռոգման ջուրը և կենցաղային աղբը: Ջուրն, ըստ նրանց, ոռոգման համար պիտանի չէ:

Երևանից ընդամենը 3 կմ հեռավորության վրա գտնվող՝ Արմավիրի մարզի Թաիրով-Փարաքար համայնքի բնակիչներն այս խնդիրն արդեն տարիներ շարունակ բարձրաձայնում են, սակայն պատկան մարմիններն այդպես էլ չեն շտապում լուծել այն: