Երեկ երեկոյան Երևանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, 6-ի վիճակը բավարար է, վիրահատված 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վիճակը գնահատվում է ծանր։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը կեսգիշերն անց ավարտված վիրահատությունից հետո ասաց, որ ամեն ինչ լավ է անցել, երեխայի առողջության համար վնասվածքը հետևանքներ չի ունենա, բայց նա դեռ կմնա հիվանդանոցում։
«Առավոտյան պետք է վիրակապություններ արվի։ Իսկ Ռուբինա Մարկոսյանը դեռ երկար կմնա այստեղ, կարծում եմ, որ մինչև երկու շաբաթ կմնա այստեղ», - ասաց Մինասյանը։
Պայթյունի հետևանքով տուժածներից երեքը Հայաստանի քաղաքացիներ են։ Նրանք են` 6 տարեկան Ռուդոլֆ Մարկոսյանը, 8 տարեկան Ռուբինա Մարկոսյանը, 19 տարեկան Զարուհի Մելիքյանը, ով, ըստ ԱԻՆ պաշտոնյաների, «Բուրգեր Քինգ»-ի մենեջերն է։ Տուժողների թվում են նաև Ռուսաստանի երեք և Իրանի երկու քաղաքացիներ։
ԱԻՆ-ը երեկ կեսգիշերն անց հայտարարեց, որ արագ սննդի կետի խոհանոցում պայթել է ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնը։ Այն գարեջրի սարքի հետ է եղել։
Մինչ կեսգիշեր տեղում աշխատում էին Քննչական կոմիտեի աշխատակիցները։
Պայթյունի դեպքի առթիվ Քննչական կոմիտեում արդեն քրեական գործ է հարուցվել։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Ֆեյսբուքում գրել է, որ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը։
Ստեղծվել է քննչական խումբ, նշանակվել են փորձաքննություններ։
Պայթյունը տեղի էր ունեցել երեկ երեկոյան ժամը 20.44-ին: Միջադեպից հետո դրսում՝ Հյուսիսային պողոտայի նստարանների հատվածում տուժածներին փորձել էին օգնություն տրամադրել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` տուժածները հոսպիտալացվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Հյուսիսային պողոտայի և Պուշկին փողոցի հատվածը երեկ մի քանի ժամ փակ էր, տեղում մի քանի հրշեջ մեքենաներ էին, Արտակարգ իրավիճակների նախարարության և Ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ։
Իրավիճակին ծանոթանալու եկավ նաև արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ճշտեցինք, թե ի՞նչը կարող էր լինել պայթյունի պատճառը։
«Կարա ճնշման տատանում լինի, կարա ճնշումն ավել լինի բալոնում, բայց սա պետք է ստուգվի։ Ճիշտ չի լինի հիմա որևիցե մեղավորի մասին խոսել», - ասաց նախարարը։
Ի դեպ պայթյունից մոտ մեկ ժամ հետո ոստիկանների ուղեկցությամբ «Բուրգեր Քինգ»-ի մոտ տասը աշխատակիցներ տեղափոխվեցին Ոստիկանություն՝ հարցաքննության համար։