Էրդողան. «Նեթանյահուն ահաբեկիչ է, իսկ Իսրայելը` ահաբեկչական պետություն»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ կիրակի օրը Ադանայում կայացած համաժողովի ժամանակ խստորեն քննադատել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Թուրքիայի նախագահն այսպիսով արձագանքել է Գազայում մարտի 30-ին տեղի ունեցած բախումներին, որոնց ընթացքում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով 17 պաղեստինցիներ են զոհվել:

«Նեթանյահուն մեզ քննադատում է Աֆրինում իրականացրած գործողությունների համար: Բայց մենք պայքարում ենք ահաբեկիչների դեմ: Իսրայելը, հակառակը, ինքն է ահաբեկիչ պետություն հանդիսանում», - հայտարարել է Էրդողանը՝ Իսրայելի վարչապետին «ահաբեկիչ» անվանելով:

«Պատմությունը կարձանագրի այն բոլոր հալածանքները, որոնց ենթարկվում են պաղեստինցիները ձեր իշխանության օրոք», - դիմելով Նեթանյահուին՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը: