Փաշինյան․ «Երբ Հայաստանի քաղաքացիները լիազորեն, մենք դա կանենք»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի տպավորությամբ՝ «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կկարողանան հաջողության հասնել Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի դեմ իրենց պայքարում, եթե Հայաստանի քաղաքացիները իրենց նման լիազորություն տան: Այդ մասին նա հայտարարեց «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարի ապրիլի 1-ի թողարկման ուղիղ եթերում:

«Մեզ պակասում է միայն քաղաքացիների տված լիազորությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և մենք չենք ուզում, չենք ուզել նոր տիպի ուզուրպացված իշխանություն ձևավորել: Մենք ուզում ենք կատարել քաղաքացիների կողմից լիազորված քայլեր, և մենք ուզում ենք, որ քաղաքացիները մեզ լիազորեն անել դա, և երբ որ լիազորեն, մենք դա կանենք», - հայտարարեց Փաշինյանը, ով շաբաթ օրը իր կողմնակիցների հետ քայլերթ է սկսել Գյումրիից և պատրաստվում է անցնել Վանաձորով, Սևանով, Հրազդանով, իսկ ապրիլի 13-ին հանրահավաք անցկացնել Երևանի Ազատության հրապարակում:

«Ազատության» հետ զրույցում անդրադառնալով մեկ տարի առաջ անցկացված խորհրդարանական ընտրություններին՝ ընդդիմադիր գործիչը ասաց․ - «Ելք» դաշինքը արձանագրել է, որ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել ընտրակաշառքի համատարած բաժանումով: Ընտրակաշառքը Ընտրական և Քրեական օրենսգրքով արգելված արարք է, և հետևաբար՝ խորհրդարանական մեծամասնությունը ձևավորվել է ապօրինի ճանապարհով: Մենք ճանաչել ենք մե՛ր ստացած ձայները, և ես համոզված եմ, որ մեր ստացած ամեն ձայն բյուրեղյա մաքրություն ունի: Եվ հիմա, բնականաբար, հարց է ծագում, կարող է ծագել, թե բա ինչի, օրինակ, ապրիլյան ընտրություններից հետո հետընտրական գործընթացներ չսկսեցի: Ըստ էության, նույն պատճառով, ինչ 2015 թվականի հանրաքվեի ժամանակ, որովհետև մենք ասում ենք, որ վերարտադրության դեմ պետք է պայքարել բուն վերարտադրության ժամանակ»:

«Էսօր մի շաբաթ, այո, չնայած շատերը ուզում են կասկածի տակ դնել իմ պնդումը, բայց ես ասում եմ, որ մի շաբաթ Հայաստանի Հանրապետությունում, պատկերավոր ասած, իշխանությունը, քաղաքական ժարգոնով ասած, «քցած է լինելու» փողոցում, և եթե պարզվի, որ կա ժողովուրդ, որ պատրաստ է վերցնել այդ իշխանությունը, ես խորապես համոզված եմ, որ նա այդ իշխանությունը կվերցնի», - պնդեց Նիկոլ Փաշինյանը:

«Խորհրդարանական ընտրություններից հետո, անկեղծ ասած, կար և կա ևս մեկ գործոն՝ ես կարծում եմ, որ այդ ընտրակաշառքային ներազդեցությունից, ըստ էության, ամբողջ հայ հասարակությունը գտնվում էր շոկի մեջ: Եվ սա է պատճառը իրականում, որ ետընտրական պրոցեսներ չեղան,որովհետև, տեսեք, օրինակ, քաղաքական ուժեր կան, ովքեր մեղադրում են մեզ ետընտրական պրոցեսներ չանելու համար, բայց ոչ մեկ չի արել էդ ետընտրական պրոցեսները: Հետևաբար՝ էդ մեղադրանքը ինչպես մեզ է ուղղված, հավասարապես ուղղված է նաև մյուս ընդդիմադիր գործընկերներին: Բայց կարծում եմ, որ ողջ հանրությունը ետընտրական պրոցեսում շոկի մեջ էր և հիմա էլ, ըստ էության, հուսահատության մեջ է, և մենք էս քայլարշավը անում ենք ժողովրդին պոզիտիվ ինչ-որ ուղերձ հղելու համար: Եվ ես կոչ եմ անում, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչներին, ժողովրդին հուսահատության քարոզչությամբ չզբաղվել, որովհետև հուսահատության քարոզողները քարոզում են Սերժ Սարգսյանի օգտին՝ ուղղակի կամ անուղղակի», - հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդը:

Հիշեցնենք, ապրիլի 9-ին, երբ կավարտվի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, խորհրդարանական խմբակցությունները մեկ շաբաթվա ընթացքում պետք է թեկնածուներ առաջադրեն և վարչապետ ընտրեն: Նոր Սահմանադրությամբ արդեն վարչապետը կլինի պետության փաստացի ղեկավարը։ Մի շարք ընդդիմադիր ուժեր վստահ են, որ խորհրդարանական մեծամասնությունը, ի դեմս ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի, հենց Սերժ Սարգսյանին է ընտրելու վարչապետ:

Նշենք նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ «Ելք» դաշինքը ձևավորած մյուս երկու ուժերը՝ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» և Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունները հայտարարել են, թե նպատակահարմար չեն համարում փողոցային պայքարի մարտավարությունը և չեն միանալու Փաշինյանի նախաձեռնած շարժմանը։

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարի ապրիլի 1-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․