Ռինդում բարձրորակ գինի է արտադրվում, սակայն իրացման խնդիրներ կան

Ռինդեցիները վայելում են իրենց պատրաստած գինին, մարտ, 2018 թ․

Վայոց ձորի Ռինդ գյուղում բոլորն են գինու մասնագետ՝ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք: Արտադրածն իրացնել, սակայն, չեն կարողանում։ Մառաններում մեծ քանակությամբ գունավոր խմիչք է կուտակվել։ Տակառները խնամքով շարել ու գնորդներին են սպասում։ Վաճառում են 1 լիտրը հազար դրամով։ «Գյուղում առնող չկա, մենք էլ չեն կարողանում դուրս հանենք, հարմար չի», «Ստեղծելը մեզ համար խնդիր չէ, պրոբլեմը վերջին էտապն ա, որ փող ստանաս, որ ուրիշ հարց լուծես»,- դժգոհում են Ռինդի գինեգործները:

Գյուղացիների խոսքով՝ ի տարբերություն Արենի գյուղի, իրենք շուկայից հեռու են, գինին վառաճելու քիչ հնարավորություններ ունեն։ Սպառումն իրականացնում են ծանոթ բարեկամների միջոցով։ Սակայն նաև նկատում են՝ իրենց պատրաստած խմիչքն Արենու գինուն ոչնչով չի զիջում։ Իրենք էլ նույն «Արենի» տեսակի խաղողից են գինին ստանում։

Գունավոր խմիչքը ստանալու համար ռինդեցիներն ամբողջ տարի աշխատում են։ Հիմա այնտեղ չոր էտի շրջանն է։ Ամենադժվարը, սակայն, գինին ոչ գործարանային պայմաններում պատրաստելն է․ «Շատ ծանր աշխատանք է ձեռքի աշխատանքը»:

Ռինդեցի Սևակն արդեն մի քանի տարի է՝ գինու արտադրությամբ է զբաղվում։ Երևանից գյուղ է տեղափոխվել հոր գործը շարունակելու համար, տուն է գնել ու խաղողի այգի հիմնել: Ռինդում բավական հայտնի է նաև Մարգարի պատրաստած գինին: Նրա Կինը՝ Սուսաննան ասում է՝ խմիչքը պատրաստելու ավանդույթը տան մեծերից է իրենց փոխանցվել։ Եկամտից, սակայն, դժգոհ են․ «Քանի որ էսօր Հայաստանը բնակչություն չունի, մտածում ես՝ որ արտադրեցիր, ո՞նց պետք է յուրացնես արտադրանքդ»:

Գնորդներին չսպասելով՝ ռինդեցիները հաճախ հենց իրենք են վայելում իրենց պատրաստած գինին։ Խմում են արդար աշխատանքի ու խաղաղության կենացը։