Նորքի զինված խմբի գործով դատական նիստում հրապարակվեցին հեռախոսազրույցների գաղտնալսումները

Նորքի զինված խմբի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում մեղադրող կողմը շարունակում էր հրապարակել Հայաստանում իշխանությունը յուրացնելու փորձ կատարելու մեղադրանքով ազատազրկված Նորքի զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի ու այս գործի անջատված մասով անցնող մի քանի արդեն նախկին դատապարտյալների հետ հեռախոսազրույցների գաղտնի ձայնագրությունները:

Մոտ 80 քառակուսի մետր տարածքով նիստերի դահլիճում, առանց այդ էլ ցածր որակի ձայնագրություները հրապարկվում էին երկու փոքրիկ բարձրախոսներով՝ գրեթե ոչինչ չէր լսվում:

Ըստ հրապարակված գաղտնալսումների, Արթուր Վարդանյանն իր զրուցակիցների հետ քննարկում էր գումարային հարցեր, զրուցակիցներից մեկին հորդորում էր իր նշած ուղևորին Վանաձոր տանել, բայց ճանապարհին ոչ մի հարց նրան չտալ, 25 հազար դրամով գնած փուչիկների մասին էր խոսում և այլն:

Այս գործի անջատված մասով արդեն նախկին դատապարտյալներից մեկի՝ Հակոբ Հակոբյանի հետ զրույցում Վարդանյանը պարբերաբար շեշտում էր՝ «Ջիգյարդ ուտեմ, երեխու պահով 90 տոկոսով եղած բան ա: 100 տոկոսով չեմ ասում, որ հետո հանկարծ չլինի, չասես՝ խաբեց»:

Նախորդ նիստերից մեկում Հակոբյանը ցույցմունք էր տվել, թե Արթուր Վարդանյանը իրեն խոստացել էր լուծել բանակում ծառայող որդու խնդիրները:

Դատական նիստի մեկնարկից մոտ 15 րոպե անց Արթուր Վարդանյանի փաստաբաններիս Սիրուշ Աղվանյանը դիմելով դատարանին ասաց, որ իր վստահորդի ինքնազգացողությունը վատանում է, շտապ օգնություն են հրավիրել: Նիստը հետաձգվեց:

Փաստաբանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սպասում է, թե ինչպես պետք է մեղադրող կողմն ապացուցի՝ դահլիճում հնչած այդ գաղտնի ձայնագրությունները որքանո՞վ են ընկած մեղադրանքի հիմքում․ - «Շատ բաներ, օրինակ, մեզ համար հստակ չի, թե ինչով ա, օրինակ, էդ խոսակցությունը հիմնավորում իրանց մեղադրանքը»:

Արթուր Վարդանյանի փաստաբանից հետաքրքրվեցինք՝ իր պաշտպանյալն ի՞նչ նպատալով էր Իսպանիայից Հայաստան եկել: Ասաց՝ նա իր ունեցած զենք-զինամթերքը ենթադրյալ խմբի ազատամարտիկների հետ փորձել էր հասցնել Ղարաբաղ․ - «Արթուր Վարդանյանը, եթե չեմ սխալվում, արդեն նշել էր, որ տեղեկություններ ուներ, որ ռազմական գործողություններ են վերսկսվելու: Ու դա դեռևս ասում էր բռնվելուց հետո, 2015 թվականի նոյեմբերի վերջին: Ու ասում էր, որ ես ընդամենը պատրաստվում էի էդ զենքեր, բան, ինչ որ իմ մոտ կար, պատրաստում էի պայքարի: Քանի որ գիտեի, որ լինելու է ակտիվացում սահմանային գոտում: Իսկ մենք ի՞նչ տեսանք ապրիլին՝ ընդամենը մի քանի ամիս անց: Կարծում եմ, Արթուր Վարդանյանի խոսքերը շատ ցավոտ կերպով մեր համար հաստատվեցին»:

Մինչդեռ հիշեցնենք, ըստ ԱԱԾ-ի, գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանը 20 հոգուց բաղկացած իր զինված խմբով ծրագրել էր թռիչքի պահին խոցել Հայաստանի նախագահի օդանավը, հարձակում գործել Նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա։

Նրան մեղադրանք է առաջադրվել «ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խումբ ստեղծելու և ղեկավարելու» համար: Մեղադրանքում նշվում է, որ նա խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով բռնությամբ յուրացնել իշխանությունը՝ «ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015 թվականի նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից»:

Այս գործով, հիշեցնեմ, մեղադրանք է առաջադրվել 33 հոգու: