Անկարան չափազանց խիստ է արձագանքել Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը

Ռեջեփ էրդողան, արխիվ

«Քեզ չվերաբերող հարցերին մի խառնվիր, մենք միջնորդի կարիք չունենք: Թուրքիան բանակցությունների չի նստում ահաբեկիչների հետ, այդ դուք եք բանակցում ահաբեկիչների հետ, մինչդեռ մենք կռվում ենք նրանց դեմ Աֆրինում»,- դիմելով Մակրոնին, ասել է Էրդողանը:

Ֆրանսիայի նախագահ էմանյուել Մակրոնի հանդիպումը Սիրիայի Քրդական դեմոկրատական ուժերի հետ վերածվեց դիվանագիտական սկանդալի այն բանից հետո, երբ Ֆրանսիայի ղեկավարը հայտարարարեց, թե աջակցում է Սիրիայի քրդերին ու պատրաստ է միջնորդի դեր ստանձնել՝ Անկարայի հետ տարաձայնությունները կարգավորելու հարցում: «Մակրոնն իր տեղը չի ճանաչում»,- այսօր հակադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը:

«Լսում ե՞ք, Մակրոնն ասել է՝ մենք երաշխավորում ենք մեր աջակցությունը Սիրիայի քրդական ուժերին, կամ թե՝ մենք կարող ենք միջնորդ լինել թուրքերի և քրդերի միջև: Նման հայտարարություններ անող մարդն իր տեղչը չի ճանաչում: Ո՞վ է քեզ նման իրավունք տվել: Քեզ չվերաբերող հարցերին մի խառնվիր, մենք միջնորդի կարիք չունենք: Թուրքիան բանակցությունների չի նստում ահաբեկիչների հետ, այդ դուք եք բանակցում ահաբեկիչների հետ, մինչդեռ մենք կռվում ենք նրանց դեմ Աֆրինում»,- ասել է Էրդողանը:

Ֆրանսիայի նախագահը երեկ ընդունել էր Սիրիայի հյուսիսում հաստատված քրդական ուժերի ներկայացուցիչերին, որոնց դեմ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում արդեն մի քանի ամիս: Հանդիպումից հետո Ելիսեյան պալատը հայտարարել էր՝ Մակրոնը երախտագիտություն է հայտնել քրդերին այն զոհողությունների ու վճռորոշ դերակատարության համար, որ նրանք ունեն «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում: Ֆրանսիայի նախագահը նաև ընդգծել էր, որ անցած շաբաթ քրդերից Թուրքիայի վերահսկողության տակ անցած Աֆրինի բնակիչները պետք է մարդասիրական օգնության հնարավորություն ստանան, ինչպես նաև Փարիզի միջնորդությունն էր առաջարկել՝ թուրք-քրդական տարաձայնությունները կարգավորելու համար:

Ֆրանսիայից հնչած այս առաջարկին հետևել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազանգն իր ֆրանսիացի պաշտոնակցին: «Ես հարցրի նախարար Լե Դրիանից՝ ի՞նչ կմտածեին նրանք, եթե նախագահ Էրդողանն Անկարայում իր նախագահական նստավայրում հյուրընկալեր ահաբեկչական խմբավորման առաջնորդների, որոնք հարձակումներ են իրականացնում Ֆրանսիայի դեմ: Փարիզը, ցավոք, ազնիվ չէ և լիովին կորցրել է իր չեզոքությունն ու սթափութունը»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն:

Թուրքիայի կառավարության խոսնակ, փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն ավելի հեռուն է գնացել: Մի կողմ դնելով դիվանագիտական բառապաշարը՝ նա սպառնալիքներ է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին: «Նրանք, որ համագործակցում են կամ համերաշխություն են հայտնում Թուրքիայի դեմ գործող ահաբեկչական խմբավորումներին, նույն այդ ահաբեկիչների նման, կհայտնվեն Թուրքիայի թիրախում»,- «Թվիթերում» գրել է փոխվարչապետ Բոզդաղը, հավելելով․ «Հուսով ենք, որ Ֆրանսիան կխուսափի նման անտրամաբանական քայլերից»: «Թող ֆրանսիացիները մեր աջակցությունը չհայցեն, երբ Սիրիայից ու Իրաքից փախած ահաբեկիչնեը կլցվեն իրենց երկիր»,- իր հերթին, այսօր հայտարարել է նախագահ Էրդողանը:

«Այդպիսի դիրք գրավելուց հետո Ֆրանսիան այլևս իրավունք չունի բողոքել որևէ ահաբեկչից ու ահաբեկչական հարձակումից: Նրանք, որ ապրում են ահաբեկիչների հետ և անգամ նրանց հյուրընկալում են իրենց նստավայրում, վաղ թե ուշ հասկանալու են, թե ինչ սխալ են արել: Նրանք, որ անամոթաբար աջակցում են ահաբեկիչներին, պետք է պատրաստ լինեն՝ բացատրություններ տալ իրենց արածների համար»,- նաև ասել է Թուրքիայի ղեկավարը:

Չնայած Թուրքիայի այս կոշտ արձագանքին, այսօր Ֆրանսիայի նախագահական պալատը կրկին պնդել է՝ շարունակելու է Միացյալ Նահանգների հետ աջակցել Սիրիայի քրդերին և համագործակցել նրանց հետ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում: Ավելին՝ «Ռոյթերզի» հետ զրույցում Ելիսեյան պալատի ներկայացուցիչը նշել է՝ չի բացառվում, որ Փարիզն ընդարձակի իր ռազմական ներկայությունը Սիրիայում:

«Եթե նախագահը զգա, որ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար անհրաժեշտ է ամրապնդել մեր ռազմական միջամտությունը, մենք դա կանենք, սակայն միջազգային կոալիցիայի շրջանակներում»,- ասել է ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյան, հավելելով՝ պաշտոնական Փարիզը կիսում է Վաշինգտոնի դիրքորոշումն ու անընդունելի է համարում Սիրիայի տարածքում էլ ավելի խորանալու և մինչև Մանբիջ հասնելու՝ Անկարայի մտադրությունը:

Թուրքիայի նախագահը հակադարձել է․ «Մեզ Արևմուտքի կարծիքը չի հետաքրրքում, Անկարան շարունակելու է պայքարը՝ սահմանից քրդական խմբավորումներին հեռացնելու համար»: Էրդողանը նաև սպառնացել է․ «Հե՛յ, Արևմուտք, ուզում եք Սիրիայի դեմոկրատական ուժեր կոչեք, ուզում եք՝ այլ անուն տվեք, միևնույն է՝ դա նույն ահաբեկչական խմբավորումն է: Մի փորձեք մեզ մոլորեցնել: Կներեք, բայց մենք նրանց վաղուց ենք ճանաչում ու գիտենք՝ ուր են տանում արմատները: Մենք շարունակում ենք մեր հարձակումն Աֆրինի ուղղությամբ, ծրագրում ենք շարժվել դեպի Մանբիջ ու վերացնել ահաբեկիչներին նաև Սիրիայի մյուս շրջաններից»:

Ավելի վաղ, երկու օր առաջ, Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը էրդողանի գլխավորությամբ գումարած նիստից հետո սպառնացել էր՝ եթե քուրդ զինյալներն անհապաղ չհեռանան, թուրքական բանակը ռազմական գործողություններ կսկսի Մանբիջում, որտեղ, ի դեպ, քրդերից բացի նաև ամերիացի զինծառայողներ են տեղակայված: Արձագանքելով այս զգուշացումներին՝ Սիրիայում ծառայող ամերիկացի գեներալներից մեկն անցած ամիս ասել էր․ «Եթե թուրքերը հարձակվեն, ագրեսիվ հակազդեցության կարժանանան»: