Երևանում և Ստրասբուրգում Ղուկասյանի շահերը պաշտպանող փաստաբաններ Կարեն Մեժլումյանն ու Աննա Մարալյանն «Ազատությանը» հայտնեցին, որ Անդրիաս Ղուկասյանի գանգատին քննության առաջնահերթություն է տրվել: Փաստաբանների փոխանցմամբ՝ դեռ անցած տարի փետրվարին 23-ին գրանցած դիմումում փաստեր են ներկայացրել, որ Ղուկասյանին կալանքի տակ են պահում առանց հիմքերի:
Մեժլումյանն ընդգծում է, որ կալանքը քաղաքական դրդապատճառներ ունի․ - «Մենք չսպառեցինք ներպետական միջոցները՝ այն իմաստով, որ Վճռաբեկ դատարանի որոշումը դեռ չկար: Բայց մենք նաև ներկայացրեցինք Եվրոպական դատարանին, որ արդյունավետ միջոց չկա: Հիմքում դրեցինք նաև այն, որ առաջիկայում սպասվում էին Ազգային ժողովի ընտրություններ, Անդրիաս Ղուկասյանը պատգամավորի թեկնածու էր: Եվ միգուցե նաև դա հաշվի առնելով՝ ՄԻԵԴ-ը առաջնահերթություն տվեց այդ դիմումին: Այսինքն, այդտեղ էլ քաղաքական ենթատեքստը, ըստ իս, կա»:
Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է Սարի թաղի դեպքերի գործով: Մասնավորապես, այն բանի համար, որ 2016 թվականի հուլիսի 29-ին կազմակերպել է զանգվածային անկարգություններ, փորձել է միանալ Ոստիկանության Էրեբունու գնդի տարածքը զավթած «Սասնա ծռերին», զինվել և խմբի անդամների հետ շարունակել պահել պատանդներին։
Նկատենք, որ ներկայումս այս գործի շրջանակներում միայն Ղուկասյանն է շարունակում մնալ անազատության մեջ՝ չնայած բազմաթիվ միջնորդությունների:
ՄԻԵԴ հասած գործի հիմքում ընկած է մոտ մեկ տարի առաջ Վերաքննիչ դատարանի դատավոր Մելիք Սարգսյանի կալանքի որոշումը: Այդ ժամանակ դատավորը Ղուկասյանին հարցրել էր՝ ազատ արձակվելու դեպքում շարունակելո՞ւ է իր ընդդիմադիր գործունեությունը: Ղուկասյանը պատասխանել էր, որ շարունակելու է, բայց իր ընդդիմադիր գործունեությունը բռնություններ և անկարգություններ հրահրելու հետ ոչ մի կապ չունի:
Մեժլումյանի փոխանցմամբ՝ դատարանը, սակայն, կալանքի որոշման մեջ գրել էր․ «Ղուկասյանը նշեց, որ ազատ արձակվելու դեպքում շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը»:
Այժմ ՄԻԵԴ-ն այս նիստի ձայնագրությունն է պահանջել, որը պետք է ներկայացվի մինչև ապրիլի 11-ը:
«Ազատության» հարցին, թե արդյոք դա նշանակում է, ՄԻԵԴ-ը ևս կարծում է, որ այստեղ քաղաքական դրդապատճառներ կան, փաստաբանը պատասխանեց․ - «Ըստ իս, ՄԻԵԴ-ը գտնում է, որ այդ մասով էլ պետք է գործը քննվի․․․ Այն, որ հենց այդ դատական նիստի ձայնագրությունը պահանջել է, մեզ թույլ է տալիս ենթադրել, որ այդ հարցին անդրադառնալու է»:
Փաստաբաններից տեղեկացանք, որ Հայաստանի դեմ ներկայացվող գանգատում առաջին անգամ բարձրացվել էր Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման հարցը: Այս հոդվածը նպատակ ունի արգելել քաղաքական ընդդիմադիրների դեմ պետական իշխանության չարաշահումը:
Աննա Մարալյանի խոսքով, եթե ՄԻԵԴ-ը որոշում կայացնի հօգուտ Անդրիաս Ղուկասյանի, ապա 18-րդ հոդվածը բավականին խիստ վերահսկողություն է ենթադրում, և Հայաստանին պարտավորեցնելու է կատարել այն․ - «Տվյալ դեպքում մենք գտնում ենք, որ մեր մոտ նույնպես կա քաղաքական կոնտեքստ: Պատճառները շատ են: Ոչ միայն Վերաքննիչ դատարանի որոշումը, այլ նաև այն, որ իր հետ միասին մեղադրվել են այլ անձինք, որոնք ազատ են արձակվել: Իսկ պարոն Ղուկասյանը մինչև այսօր անազատության մեջ է, և շարունակվում են ոտնահարվել նրա իրավունքները: Եթե մենք չլինեինք վստահ, որ ունենք հիմքեր, չէինք բարձրացնի այդ հարցը: Ակնկալում ենք, որ որոշմամբ կարձանագրվի իրավունքների խախտումը»: